Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց այն լուրերը, թե Ուկրաինայից Հայաստան ներկրվող 2000 տ գարու սերմնացուն փորձաշրջան չի անցել:
«Գյուղատնտեսության փոխնախարարն այժմ Ուկրաինայում է, եւ ինքն է դրանով զբաղվում: Բայց դրանք գարու այն տեսակներն են, որոնք Հայաստանի համար արդյունավետ են»,- ասաց Խ.Հարությունյանը:
Փոխարենը ՕԵԿ-ական պատգամավորն ամենայն եռանդով ու աշխուժությամբ բառ առ բառ մեջբերեց հանրապետության նախագահի վերջին օրերի հանձնարարականները գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին, անդրադարձավ մարտի 11-ին կայացած «Պարենային անվտանգության մասին» հայեցակարգի քննարկմանը, նաեւ մարտի 12-ի ծաղկաձորյան քննարկումներին եւ ուրախությամբ նշեց, որ երկրի նախագահը կարեւորել է պետական աջակցությունը գյուղատնտեսության ոլորտում:
Բավականին ծեծված նախադասություններ ու մտքեր արտահայտելուց հետո հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ վերջին 10 օրերի քննարկումների արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում: «Շուտով սկսվելու են գարնան գյուղատնտեսական աշխատանքները. 2000 տ գարու սերմացու է ներկրվելու հանրապետություն, նախատեսվում է եւս 1000 տ, որովհետեւ պահանջարկը մեծ է: Արդեն ճանապարհին է նաեւ 2500 տ կարտոֆիլի սերմացու: Մի խոսքով` այս ամենը մեզ հույս է ներշնչում, որ այս տարի գյուղատնտեսական ոլորտից կարող ենք տնտեսական աճ ակնկալել»,- եզրակացրեց Խ. Հարությունյանը` հուրախություն գյուղացիների նշելով, որ պետությունը նաեւ միջոցներ կներգրավի, որպեսզի գյուղացուն վարկերը տրամադրվեն ցածր տոկոսադրույքներով:
Հետաքրքիր է, մեկ տարի առաջ ե՞ւս նույն լավատեսությամբ էր զինված Խաչիկ Հարությունյանը, երբ գյուղնախարարության ղեկը վստահվեց իր կուսակից Գերասիմ Ալավերդյանին, որի «հերոսությունների» մասին նախընտրում ենք լռել: Իսկ գուցե խնդիրն այն է, որ տարիներ շարունակ այս ոլորտում պատասխանատուներ են նշանակվել մարդիկ, որոնց համար ոլորտն ու նրա հիմնախնդիրները, մեղմ ասած, ընկալելի չեն եղել:
«Մեր կառավարությունն այսօր ձեւավորվում է կոալիցիոն սկզբունքով, բայց հատկապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում պետք է լինեն մասնագետ կադրեր, որպեսզի կարողանան ոլորտը կարգավորել եւ կառավարել»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` ընդգծելով, որ դրանք չպետք է լինեն քաղաքական պաշտոններ:
Ըստ նրա` նախարարությունները մեզանում զուտ ֆունկցիոնալ բնույթ են կրում, մինչդեռ պետք է լինեն ֆունկցիոնալ ճյուղային: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի վերջին հանձնարարականներին, ապա Վազգեն Սաֆարյանն ասում է` դա սառը ցնցուղ էր, որ նախագահը մաղեց գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների վրա, եւ պետք է որ դրականորեն ազդի: «Ուշ էր, բայց ոչ ուշացած»,- խոսքը եզրափակեց Սաֆարյանը:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ