Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզկենտրոն Իջևան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին նախատեսված ավագանու ընտրություններին ընդամենը երկու քաղաքական ուժ է մասնակցում՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը։
Քաղաքական ուժերի այս պասիվությունը ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, Իջևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Գառնիկ Դանիելյանը պայմանավորում է իշխող թիմի հետ խնդիրներ չունենալու կաշակնդվածությամբ, ինչպես նաև ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի՝ ընտրությունների հանդեպ հետաքրքրության նվազմամբ։
«Նախորդ ընտրություններում հիմնականում այստեղ գործող ուժերը, որ միշտ ընտրություններին ակտիվ մասնակցել են՝ ԲՀԿ-ն էր, ՀՀԿ-ն էր, որ լրիվ պասիվացան այս կուսակցությունները։ Բացի այդ էլ մարդկանց և այդ կուսակցությունների ընդհանուր հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ շատ նվազել է, լավ չեն տրամադրված, ես խոսել եմ տարբեր մարդկանց հետ, չեն կարևորում այս գործընթացները։ Նաև մարդիկ կան, որ կաշկանդվածություն ունեն, որ իշխող թիմի հետ խնդիրներ կունենան, որ առաջադրվեն ընդդիմադիրների ցուցակով իրենց բարեկամները, հարազատները, որոնք աշխատում են պետական համակարգում, մարդիկ խուսափում են այդ պրոբլեմներից»,-Yerkir.am-ին ասաց Գառնիկ Դանիելյանը։
ՀՅԴ-ն ինչպե՞ս չի խուսափում՝ հարցին, պատասխանում է՝ դե դա տեսակ է, էլի։
«Այսօր պայքարի առաջնագծում Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, նոր չէ, որ պայքարի մեջ ենք, հենց սկզբից էլ մենք այդ առաջնագծում ենք եղել մեր կուսակցական ընկերներով»,-ասաց նա։
Մարդկանց խուսափողական կեցվածքը և ընդդիմադիրների ցուցակում ընդգրկվել չուզենալը անհավասար մրցակցություն է առաջացնում։ Գառնիկ Դանիելյանը օրինակ է բերում՝ նույնիսկ պաստառը որ պիտի փակցնեն խանութի կամ ինչ-որ հաստատության վրա, տերն ասում է՝ ես քեզ շատ հարգում, սիրում, ընդունում եմ, բայց պրոբլեմներ կունենամ, որ այդ պաստառը փակցնեմ։
«Եթե պաստառ փակցնելով կամ ֆեյսբուքյան էջում լայք դնելով՝ մարդու համար խնդիրներ են առաջանում, ո՞ւր մնաց արդեն մնացած բաները»,-ասաց նա։
ՀՅԴ-ն Իջևանում իր քարոզչությունն անում է անկախ ամեն ինչից, չի ֆիքսվում այդպիսի բաների վրա, իրենք գիտեն՝ ինչ նպատակներ ունեն, ինչ ծրագրեր ունեն, գնում ենք դրանց ընդառաջ։
«Մենք ունենք ծրագիր, որ պատկերացնում ենք՝ համայնքը ինչ ուղղությամբ պիտի զարգանա, ինչն է պակասում, ինչ խնդիրներ կան։ Ոչ միայն խնդիրներն ենք մատնանշում, այլ նաև լուծումներն ենք առաջարկում այս կամ այն խնդիրների համար։ Համայնքապետի մեր թեկնածուն էլ ազնիվ, պարկեշտ մարդ է, որը և՛ իր գործունեությամբ, և՛ հարգանքով, անցած ճանապարհով վստահություն է ներշնչում․ աշխատասեր, շատ ազնիվ, որն առավոտից երեկո աշխատում է ու ամեն ինչով համապատասխանում է համայնքի ղեկավար լինելուն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերդաստանի շատ անդամներ Իջևանում առանցքային պաշտոնների են, մեծ լծակներ ունեն, անգամ Տավուշի մարզպետը նրա քավորն է։ ՀՅԴ-ն այս ամենին հակազդելու համար ինչ իրենից կախված է՝ անում է։
«Ժողովրդին ներկայացնում ենք մեր ծրագիրը, մեր տեսլականը։ Նենց չի, որ այստեղ պետք է միակուսակցական համակարգ լինի, եթե Դաշնակցությունը չգնար այսօր ընտրությունների, կլիներ մեկ կուսակացություն՝ ավագանու 27 անդամներ, ո՛չ մրցակցություն կլիներ, ո՛չ բան կլիներ, ընտրություններին կարող է սկի պաստառ էլ չկպցնեին։ Հիմա մեր նպատակն այն է, որ ոչ թե իշխող կուսակցությանը բոլորը գնան, ձայն տան, այլ այլընտրանքն էլ լինի, այդ մարդիկ՝ մեր ավագանու անդամության թեկնածուները, որոնք մրցունակ են, գնան, համայնքի խնդիրները բարձրացնեն ու այդ խնդիրներին լուծում տան»,-ասաց նախընտրական շտաբի պետը։
Նաև ընդգծեց, որ իրենք այդ քաղաքում ծնվել, մեծացել են, բոլորի հետագիծը ընտրողները գիտեն, և իրենք կաշկանդվելու խնդիր չունեն։
Իջևանցիների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները առանձնացրել են իրենց նախընտրական ծրագրում․ օրինակ, համայնքը խոշորանում է և իրենք գյուղատնտեսության վերաբերյալ բազմաթիվ ծրագրեր ունեն՝ սկսած հակակարկտային կայանների տեղադրումից, ոռոգման համակարգի իրենց պատկերացումներից, խմելու ջրի խնդրի լուծումից, մինչև ապասատանների կառուցում, սահմանամերձ համայնքի յուրահատկություններ, հողերի էֆեկտիվ կառավարում, անասնապահության խնդիրների լուծում։ Գառնիկ Դանիելյանն ասաց՝ սպեկտրը այնքան մեծ է, որ այդ ամենն անելուց հետո մարդկանց կյանքը հաստատ կբարելավվի։
Խոշորացված համայնքի տարբեր գյուղերում նաև տեղային խնդիրներ կան․ պետք է ներդրումներ ներգրավել, աղբահանության խնդիր լուծել, գյուղ կա՝ գազաֆիկացման խնդիր կա, կոյուղու խնդիր կա, պիտի այդ հարցերը համայնքը լուծի, որ մարդիկ մնան այդ համայնքում։ ՀՅԴ-ում, ասաց, և՛ խնդիրները գիտեն, և՛ լուծումները գիտեն։
Աննա Բալյան