կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 11:42
Քաղաքական

Թուրք-ադրբեջանական շարունակական զորավարժությունները Ադրբեջանում և Իրանի արձագանքը

Թուրք-ադրբեջանական շարունակական զորավարժությունները Ադրբեջանում և Իրանի արձագանքը

Հարավկովկասյան տարածաշրջանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն մտահոգել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային ուժերին: Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը սահմանափակված է անվտանգության հավաքական պայմանագրերով և Արցախի շուրջ երկարատև հակամարտությամբ, ուստի տարածաշրջանային զարգացումների դինամիկան աստիճանաբար փոխվում է: 2020 թ. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով փոխվեցին արցախյան հակամարտության բնույթը և տարածաշրջանային ուժերի դասավորությունը: Արդեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո թվում է, որ տարածաշրջանը վերածվել է զորավարժությունների թատերաբեմի: Որպես հետևանք արցախյան վերջին պատերազմի՝ Թուրքիան կարծես թե պաշտոնապես մուտք է գործել Հարավային Կովկաս և աստիճանաբար մեծացնում է իր ռազմական ու անվտանգային ներկայությունը, հատկապես Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ասվածի համատեքստում ուշադրության են արժանի Ադրբեջանի Հանրապետության տարածքում անցկացվող Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնք հավասարապես վտանգ են ներկայացնում թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության և թե՛ ողջ տարածաշրջանի համար:

Արցախյան վերջին պատերազմը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող լայնածավալ օգնությունը՝ քաղաքական աջակցությունից մինչև զենքի մատակարարումը, ռազմական գործողությունների ղեկավարման համար թուրք բարձրաստիճան գեներալների գործուղումը, զինյալների ներգրավումը Սիրիայի հյուսիսային շրջաններից և պատերազմի ընթացքում թուրքական կործանիչների տեղակայումը Ադրբեջանում, նախանշեցին Թեհրանի համար չափազանց անընդունելի իրավիճակի ձևավորումը: Չնայած Իրանն ու Թուրքիան փորձում են խուսափել ուղղակի հակամարտությունից և անգամ երկկողմ համագործակցության առանցքներ ունեն, սակայն այս երկու պետությունների շահերը տարածաշրջանում բախման մշտական սպառնալիքի տակ են:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետության տարածքում մեկնարկած առաջին զորավարժությունները կրում էին «Երեք եղբայր – 2021» անվանումը, որին մասնակցում էին Թուրքիայից և Պակիստանից ժամանած հատուկջոկատայինները: Ինչպես նշվում էր Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, զորավարժությունների խնդիրն էր «առավել ամրապնդել երեք երկրների բանակների միջև գոյություն ունեցող կապերը և օգնել նրանց տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիներ գտնելու» :
Զորավարժությունների բացման արարողության ժամանակ ԱՀ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը հայտարարել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը անհիշելի ժամանակներից ոչ միայն բարեկամական, այլև եղբայրական երկրներ են, և Թուրքիան ու Պակիստանը Արցախյան երկրորդ պատերազմում բազմակողմանի աջակցություն են ցույց տվել Ադրբեջանին : Այսինքն` դրանով ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ, բացի Թուրքիայից և սիրիացի վարձկան ահաբեկիչներից, Պակիստանի զինվորականները ևս կռվել են Ադրբեջանի բանակի կազմում:

2021 թ. սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն` Քաշաթաղի (Լաչին) շրջանում սկսվեցին համատեղ նոր զորավարժություններ: Ընդ որում, զորավարժություններն անցկացվում էին ռուս խաղաղապահների գտնվելու վայրից բառացիորեն մի քանի քայլի վրա՝ Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության աճի ֆոնին: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման կատարելագործումն էր, ներառյալ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման գործում : Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի և ռազմական այլ միավորների օգտագործման հմտությունների կատարելագործմանը:

Այստեղ, սակայն, պետք է ուշադրություն դարձնել զորավարժությունների քաղաքական ազդակների վրա: Նախ, փաստորեն, առաջին անգամ էր, որ թուրքական զորքերը տեղակայվում էին այն տարածքներում, որոնք Ադրբեջանը բռնազավթել էր Արցախի Հանրապետությունից: Բացի այդ` զորավարժությունները տեղի են ունեցել ռուս խաղաղապահների գտնվելու վայրի անմիջական հարևանությամբ՝ Լաչինի միջանցքի հայտնի ճանապարհից 300 մետր հեռավորության վրա, որը Հայաստանը կապում է Արցախի Հանրապետության հետ և ներկայումս վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից:
Արդեն 2021 թ. սեպտեմբերի 7-ին Կասպից ծովի ափին և ջրային տարածքներում անցկացվել են ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումները թուրք զինվորականների հետ միասին ավարտել են մարտական պատրաստության առաջադրանքները գործողությունների պլանավորման համար՝ չեզոքացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն ու ահաբեկչական խմբերը և ոչնչացնելով նրա ժամանակավոր հենակետը :

Հատկանշական է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում Կասպից ծովում՝ Բաքվի առափնյա ջրերում անցկացված թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն արժանացան Իրանի բավական կոշտ արձագանքին: Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում արձանագրված է ցանկացած պետության, բացառությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի, Կասպից ծովում ռազմական ներկայության անօրինական լինելը, ուստի թուրքական ռազմական ներկայությունն այդ տարածքում անընդունելի է, որի վերաբերյալ Իրանի ԱԳՆ համապատասխան վարչությունները իրականացնելու են հավելյալ հետազոտություն և հանդես են գալու նոր հայտարարությամբ :

Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարություններին հաջորդեց Իրանի Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ և Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելիի հակաադրբեջանական հայտարարությունը։ Վերջինը Ադրբեջանին խորհուրդ տվեց «չխաղալու առյուծի պոչի հետ» և կոչ արեց Հեղափոխության պահապանների կորպուսին իր ուժերի առնվազն կեսը ցույց տալ Բաքվին, այլ կերպ ասած` կոչ արեց ԻՀՊԿ-ին «ուժ կիրառելու հարևան պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»:

Իրավիճակն առավել սրվեց, երբ ադրբեջանցի օրենսդիրները մի շարք կոշտ արտահայտություններով հանդես եկան Իրանի դեմ, որոնք անգամ սպառնալիքներ էին պարունակում Թեհրանի հասցեին:

Մասնավորապես, ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը սպառնաց, որ Պակիստանի բանակը կներխուժի Թեհրան, եթե թշնամական քայլ կատարվի Բաքվի դեմ: Մեկ այլ պատգամավոր էլ սպառնաց «կտրել իրանական առյուծի պոչը»: Այս սպառնալիքներին, անշուշտ, հետևեցին Թեհրանի համարժեք պատասխանները, որոնցով Իրանը զգուշացնում էր Ադրբեջանին հնարավոր էսկալացիայի մասին: Իրանցի բազմաթիվ գործիչներ սոցիալական ցանցերում հանդես եկան ազգայնական և հակաադրբեջանական գրառումներով ու հայտարարություններով՝ «հայրական խորհուրդ» տալով Բաքվին չխաղալու մեծ պետության հետ։ Մասնավորապես, Իրանի խորհրդարանի պատգամավոր և Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի առաջատար անդամ Ֆադա-Հոսեյն Մալեքին խորհուրդ է տվել Ադրբեջանին դադարեցնելու իր «կասկածելի քայլերը»: Նրա պնդմամբ` Իրանը ուշադիր հետևում է իրանա-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանը և «նախազգուշացնում է որոշ կասկածելի շարժումների մասին»: Ֆ. Մալեքին կոչ է արել Թուրքիային և Պակիստանին Ադրբեջանում իրենց քայլերը համաձայնեցնելու Իրանի հետ ։ Իրանի խորհրդարանի` հատկապես հյուսիսային՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանակից հատվածներից ընտրված բազմաթիվ պատգամավորներ նույնպես հանդես եկան ազգայնական և հակաադրբեջանական հայտարարություններով՝ քարոզչական հակամարտությունը հասցնելով լարվածության բավականին լուրջ մակարդակի` Բաքվին հստակ ուղերձներ հղելով, որ չպետք է հույս դնել Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ատրպատականցիների շրջանում անջատողական շարժումներ հրահրելու վրա։ Մասնավորապես, Իրանի խորհրդարանի` Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին թվիթերյան հետևյալ դիպուկ գրառումն է կատարել. «Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի (Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն) դաշտում իզուր մի խայտառակվեք» ։

Արդեն սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգալի ուժեր են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման, որտեղ մեծ զորավարժություններ են նախատեսված Արաքս գետի շրջանում: Զորավարժությունների ընթացքում օգտագործված տեխնիկան, հրապարակված տեսահոլովակները և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները վկայում են, որ Իրանն իր հյուսիսային սահմաններին կուտակել է հիմնականում հարձակողական բնույթի տեխնիկա: Իրանական կողմը, օգտագործելով սեփական արտադրության հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, Բաքվին անուղղակիորեն հասկացրեց, որ պատրաստ է թուրքական ԱԹՍ-ների և Անկարայի միջամտությանը նույնպես համարժեք հակահարված տալու։
Հարկ է նշել, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններին հավելյալ լարվածություն են հաղորդում Հայաստանի Սյունիքի մարզի «Մ-2» միջպետական ավտոճանապարհին (Իրան-Հայաստան) ադրբեջանցի ոստիկանների գործողությունները: Բանը հասավ նրան, որ հայկական Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին, որի որոշ հատվածներ Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ, «ճանապարհային տուրքը» չվճարելու պատճառով ադրբեջանական կողմը բերման ենթարկեց իրանցի երկու վարորդի:

Ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները խարխլում են Իրանի դիրքերը Անդրկովկասում, հատկապես Սյունիքով Ադրբեջանի` Նախիջևան և Թուրքիա հնարավոր ելքի պարագայում:
Սկզբունքորեն որոշակի հանգամանքներում Թեհրանը կարող էր բարձրացնել Նախիջևանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովված է իր տարածքով անցնող ճանապարհով: Առայժմ անհնար է ենթադրել իրադարձությունների նման վտանգավոր զարգացում, չնայած Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի հերթական զորավարժություններին Իրանի արձագանքը որոշակի ցուցիչ է: Իհարկե, դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն են, բայց ամեն ինչ տանում է նրան, որ իրանական շրջանակներում փոխվում է վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Իրանցի նախկին դիվանագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆերիյդուն Մաջլիսին կարծում է, որ շատ բան է սկսում կառուցվել այն իրողության գիտակցման վրա, որ «Ադրբեջանի Հանրապետությունը գնացել է այլ ճանապարհով՝ Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով սպառնալիք ստեղծելով Իրանի անվտանգության համար» : Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Բաքուն անձնատուր է եղել Անկարայի կովկասյան հավակնություններին:

Դիվանագիտական մակարդակում արդեն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպեց իր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ, ըստ որի` կողմերը եռակողմ հանդիպման վերաբերյալ համաձայնության են եկել : Իսկ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, փորձելով մեղմել ստեղծված իրավիճակը և թեհրանյան բանակցություններից առաջ թուլացնել լարվածությունը, հայտարարեց, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են եղել ։

Չնայած իրանա – ադրբեջանական սահմանին զինված որևէ բախման հավանականությունը գրեթե զրոյական է, այնուամենայնիվ, իրանական զինված ուժերի այս աննախադեպ գործողությունները, դրանց հաջորդած հակաադրբեջանական քարոզչական հարձակումները և Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ քաղաքականության փոփոխության վերաբերյալ ոչ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ այս երկու պետությունների հարաբերություններում բավական շատ անհարթություններ կան, որոնք հիմնականում պայմանավորված են Թուրքիայի և Իսրայելի ռազմական գործոնով։ Իրանի պահպանողական նոր կառավարությունը, որդեգրելով Իրանի տարածաշրջանային դերակատարության մեծացմանը միտված նոր քաղաքականություն, կարծես թե սկսում է իր ոչ ուղղակի պայքարը Անկարայի դեմ, ինչը ենթադրում է տարածաշրջանի ողջ երկայնքով իրանա-թուրքական շահերի բախում։ Այս ամենի համատեքստում Թեհրանը նաև ձգտում է ուժեղացնելու իր համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար էլ, նույնիսկ Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում, Իրանը մշտապես շեշտում է հայ-իրանական սահմանի կարևորությունը և Տաթևի հատվածով հայ-իրանական տարանցման ուղին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնելու անհրաժեշտությունը։

Լիանա Պետրոսյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.