Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։
«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, այն հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Ուրեմն սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշումը կայացնելուց․ սա ևս փաստ է։
Կան մի շարք այլ հարցեր՝ ինչպես հանձնվեցին Հադրութը, Շուշին, պատասխան չկա։ Այդ ճանապարհին Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չկար բնագիծ կառուցելու այդ ճանապարհին։ Պարզաբանումներ չկան այդ հայտնի՝ 5 միլիարդի առաջարկի մասին։ Փաստ է, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018 թվականից հետո։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի շուրջ, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած՝ համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի։
Այստեղից բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն արդյունք է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր, պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի՝ շատ լուրջ և խոր քննության ճանապարհով։
Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածելու, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Այս ամենն առերևույթ հանցագործություններ են, և մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները պետք է դրանով զբաղվեն, և գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև՝ նրանք, ովքեր, իրենց պաշտոնական դիրքից ելնելով, պետք զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել։
Ի՞նչ պետք է անել այս կասկածները փարատելու համար։ Առաջին հերթին պետք է քննել՝ ընդդիմության ակտիվ ներգրավմամբ, յուրաքանչյուր այլ տարբերակ վստահությունը հանրության մոտ չի վերականգնի։ Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավականին մեծ զանգված, մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև այդ պարզաբանումները չստանան, սա ևս փաստ է»։