կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 13:09
Քաղաքական

Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վահրամ Դումանյանը և Էռնեստո Օտտոնեն քննարկել են հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը: 

Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և  Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը:

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։

Արծարծվել են նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարավորությունները և մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգների գնահատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հակազդման ստորաբաժանման հետ իրականացվող ծրագիրը, Հայաստանի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի վերանայման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի մշակութային քաղաքականության վերանայման շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրումը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ ևս Հայաստանի ու ՅՈՒԵՆՍԿՕ-ի միջև համագործակցությունը կլինի շարունակական: