Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այնտեղ, որտեղ Ադրբեջանը հենակետեր է դրել, հայկական տարածքներ են՝ չնայած որոշ պաշտոնյաների պնդումներին, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Քանի որ սահմանազատում ցանկանում են իրականացնել 1970-ական թվականների քարտեզով, այնտեղ տվյալ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Բայց քանի դեռ չկա սահմանազատման հանձնաժողովի հստակ որոշում, ստորագրված փաստաթուղթ, ապա այդ տարածքները, միանշանակ, հայկական են,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագրող, գեոդեզիստ Շահեն Շահինյանը։
Նրա խոսքով՝ թշնամին Հայաստանի տարածքում վարվում է այնպես, ինչպես կվարվի սեփական տարածքում․ անցակետեր է տեղադրում, ճանապարհային վճարներ գանձում, ինչն ամբողջությամբ խախտում է եռակողմ պայմանավորվածությունները։
«Առաջին հայտարարության մեջ, կարծեմ հունվարին էր, խոսվեց, որ այդ տարածքը ադրբեջանական է, ապա փոխվեց այդ հայտարարությունը՝ նշվելով, որ այն վիճելի տարածք է։ Փաստացի, այս պահին կրկին վերաձեւավորվում է եւ հայտարարվում, որ դա ադրբեջանական տարածք է, բայց, կրկնում եմ, քանի դեռ չկա որեւէ ստորագրված փաստաթուղթ, առնվազն ճանապարհի այդ հատվածը եւ հարակից տարածքները պետք է լինեն վիճելի»,-նշեց քարտեզագրողը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայկական բնակավայրերին տվեց ադրբեջանական անուններ, ինչը հետո մեկնաբանեցին այսպես՝ իբր նշվել են սահմանից այն կողմ գտնվող բնակավայրերը։
«Լաչինի շրջանի բնակավայրերը հայկական են, եւ տեղանունները պետք է նշվեին հայերեն։ Ադրբեջանը հստակ քարոզ է տանում այդ ուղղությամբ․ մենք սոցցանցերում տեսնում ենք հրապարակումներ, երբ ադրբեջանցիները հայկական բնակավայրերը՝ սկսած Երեւանից, մինչեւ մյուս բնակավայրեր, քաղաքներ, նշում են ադրբեջանական անուններ, փակցնում տրանսպորտում։ Դա միջազգային նորմերի խախտում է։ Մենք պետք է հակաքայլեր ցույց տանք եւ գոնե հայկական բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, նշենք հայկական անուններով»,-Yerkir.am-ին ասաց Շահեն Շահինյանը։
Քարտեզագրողի խոսքով՝ 1970-ականների քարտեզով Հայաստանն Ադրբեջանի տարածքում անկլավներ ունի, օրինակ՝ Արծվաշենը։ Հայաստանի իշխանությունը, սակայն, չի խոսում այդ մասին․ հայկական բնակավայրերն ասում է ադրբեջաներեն, իսկ այնտեղ մնացած եւ իր ձեռքով թշնամուն հանձնած տարածքների մասին՝ լռում։ Այսօր հայտնի էլ չէ՝ Հայաստանում կա՞ սահմանազատման հանձնաժողով, թե՞ ոչ։ Իսկ միգուցե խոսում են միայն սահմանազատման մասին եւ․․․այստեղ էլ լռում։
«Հայտարարություն եղավ, որ հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ եւ այնտեղ նոր անդամներ են ընդգրկվել։ Դա, կարծեմ, հունվար-փետրվարին էր։ Բայց դրանից հետո ոչ մի տեղեկություն չի տարածվել՝ ի՞նչ է անում, ինչով է զբաղվում այդ հանձնաժողովը եւ ինչ որոշումներ է կայացրել»,-նշեց քարտեզագրողը։