կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 17:52
Քաղաքական

Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան

Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան

«Հանձնաժողովի փոխնախագահի կարգավիճակով իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում, իրենք կցանկանան տեսնել ոչ այդքան ավելի սուր քաղաքական ընդգծված թեկնածուի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ չընտրվելուց հետո:

Նա նշեց, որ խնդիրն իր անձի, իր քաղաքական ամբիցիաների հետ է կապված՝ սկզբունքայնություն, հանձնառություն, գաղափարական նվիրվածություն. «Ըստ երևույթին, դա իրենք արդեն զգացել են, և այն կարգավիճակը, որ կստանձնեմ այս հանձնաժողովում, էական և լրջագույն ռիսկեր կառաջացնի իրենց քաղաքական իշխանության համար»:

Ա. Ղազինյանն ընդգծեց՝ փոխնախագահը կարգավիճակ է, որը տալիս է քաղաքական ավելի լայն գործունեության, ավելի մեծ լսարան ունենալու, հասարակությանն  ավելի լուրջ ազդակներ հղելու հնարավորություններ:

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից  վերահսկվող ոլորտն ունի բավական  լուրջ կենսական նշանակություն և կարևորություն: Հանձնաժողովի փոխնախագահը կարգավիճակ է, պաշտոն չէ, հետևաբար՝ կարգավիճակից բխող գործունեությունը էական քաղաքական ռիսկեր և վտանգներ է ներկայացնում իշխանության համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: 

Նա նշեց, որ ընդդիմությունն ունի հնարավորություն 1/3-րդով ձևավորելու քննիչ հանձնաժողով, որտեղ արդեն պարտավոր են գալ և ներկայանալ, պատասխանել իրենց հարցերին, իրենց իրավունքն է պահանջել և ստանալ ոլորտի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, գրագրությունը, ձայնագրությունները, արձանագրությունները:

Ա. Ղազինյանն ասաց, որ օրենքով որևէ սահմանափակում չկա, թե քանի անգամ կարող է առաջադրվել նույն թեկնածուն նույն պաշտոնի համար:

«Ամեն 5 օրը մեկ նիստ ենք անելու ու այս ամեն ինչի միջով նորից անցնելու ենք: Չգիտեմ որևէ  պատճառ, որ կստիպի «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին, թե 3 անգամ առաջադրվում է մի թեկնածու, ապա ի՞նչը պետք է ստիպի փոխել և 4-րդ անգամ բերել այլ թեկնածու:

Խնդիրն իրենցն է, իրենք անընդհատ փիառում են այս ամենը, բերում  գերակա ուշադրություն այս գործընթացի նկատմամբ, մինչդեռ եթե առաջին անգամ քվեարկությամբ անցկացվեր, կարծում եմ, որևէ մեկի համար չէր  կարևորվի հանձնաժովի փոխնախագահի պաշտոնը»: