Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության հնգամյա ծրագրից և ընդգծեց, որ, այդ ծրագրի համաձայն, սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։
Նա տեղեկացրեց, որ վարչապետ վերանշանակվելուց հետո արդեն հասցրել է լինել Իրանում և այսօր էլ մեկնում է Վրաստան։
«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ–ի և Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար ՀՀ-Ռուսաստան- Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,– ասաց նա և կարևորեց Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելը, նաև նշեց, որ շարունակում են դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Նա կարևորեց նաև գերիների վերադարձը։
«Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը, այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը, արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ–ն, իսկ Ֆրանսիան, ԱՄՆ–ը, ԵՄ–ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։
«Հարգելի՛ գործընկերներ, կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»,– ասաց նա։