կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 20:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը Շուշի այցելած դեսպանների միջոցով փորձում է լեգիտիմացնել իր հանցագործ քաղաքականությունը․ Արցախի արտգործնախարար

Ադրբեջանն այդ դեսպանների եւ այդ պետությունների ձեռքերով, անմիջական մասնակցությամբ փորձում է լեգիտիմացնել իր հանցագործ քաղաքականությունը․ Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Շուշի եւ Վարանդա (Ֆիզուլի) այցի մասին, նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նախօրեին, հիշեցնենք, Պակիստանի, Թուրքիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ այցելել էին թշնամու՝ Արցախի օկուպացրած եւ կապիտուլյացիայի փաստաթղթով նրան անցած տարածքներ։ Այցից հրաժարվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները։

«Երկրներ, որոնք իրենց դրել են մարդու իրավունքների ջատագովների տեղը, խոսում են մարդու իրավունքներից, փաստորեն, սատարում են ցեղասպան քաղաքականությանը։ Այո, Ադրբեջանը միգուցե խավիար է կերակրել, բայց դա կապ չունի․ չգնային։ Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ մեր քաղաքականությունը պետք է վարենք շատ հմուտ, շատ համարձակ, այլեւս աջ-ձախ չնայենք՝ ով ինչ կարող է մտածել, ինչ կասի։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում, միջազգային հանրությունն ու որոշ երկրներ ինչպիսի կեցվածք են ցուցաբերում։ Սրանից հետո, կարծում եմ, ոչ մեկը բարոյական իրավունք չի ունենա մեզ խորհուրդ տալու»,-Yerkir.am-ին ասաց Արցախի արտաքին գործերի նախարարը։

Պատվիրակության կազմում եղել են նաեւ քրիստոնյա երկրների ներկայացուցիչներ, որոնք, փաստորեն, Շուշի եւ Վարանդա են այցելել մի երկրի ղեկավարության հրավերով, որը պղծում, ոչնչացնում է հայկական մշակութային կոթողներն ու քրիստոնեության խորհրդանիշերը։

«Նրանք հատուկ են քրիստոնյա երկրների ներկայացուցիչներին ընդգրկել։ Նրանք այդ կրոնական աշխարհաքաղաքականության տարրերը բավականին հմուտ ձեւով օգտագործում են։ Փորձում են այդ եկեղեցիներից հայության պատկանելությունը ջնջել․ Դադիվանքը փորձում են ներկայացնել աղվանական, որը անհեթեթություն է»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Թշնամու հրավերով Շուշի է այցելել նաեւ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը, ինչը Հունաստանում մտահոգություն եւ տարակուսանք է առաջացրել եւ չի վրիպել նաեւ հունական մամուլի աչքից։ Արցախի արտգործնախարարը կարծում է՝ Հայաստանի հետ եղբայրական Հունաստանը պետք է պատժի սեփական դեսպանին՝ Շուշի այցելելու համար։ Չէ՞ որ Հունաստանը Հայաստանի կողքին է եղել եւ անձամբ խնդիրներ ունի Թուրքիայի հետ։

«Այսպիսի քաղաքականությունը կրկնակի անհասկանալի է։ Սա շատ նման է Իսրայելի քաղաքականությանը, երբ որ հրեա ժողովուրդը մեզ հետ է հոգով, ամեն ինչով, իսկ Իսրայելի կառավարությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հանցավոր գործարքներ է կնքում։ Սա մենք չպետք է թողնենք անպատասխան․ պետք է աշխատենք, միգուցե այնպես անենք, որ այդ դեսպանին հետ կանչեն։ Սա մեծ հարված է հայ-հունական հարաբերություններին, Հունաստանի վարկանիշին։ Սա նույնպես մեզ պետք է սթափեցնի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Այդ դեսպանները,-ասաց Բաբայանը,-ուրիշ բանուգործ չունե՞ն անելու՝ հասկանալով հակամարտության ողջ բարդությունը, զգայուն բաղադրիչները։

«Շատ տհաճ պատմություն է տեղի ունեցել։ Այդ այցելությունը դարձավ իրավունքի, միջազգային իրավունքի, առհասարակ բարոյական նորմերի կոպտագույն խախտում»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում