Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Երևանի ժամանակով հուլիսի 6-ին 02։47-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամ արևահեռ կետ: Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։
Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չի լինում: Աստղագետները բավական մեծ ճշտությամբ են չափել Երկրի ուղեծրի պարամետրերը: Եթե ավելի ստույգ, Երկիր-Արեգակ հեռավորությունը փոփոխվում է 147 166 462 – 152 171 522 կմ սահմաններում և միջինում կազմում է 149 597 870.691 կմ, իսկ լույսն Արեգակից Երկիր է հասնում միջինում 8 րոպե 19 վայրկյանում: Արեգակի շուրջ Երկրի պտույտը տևում է 365 օր 5 ժամ 48 րոպե և 46 վայրկյան (365.242199 տարի, այսինքն՝ սա է տարվա ճշգրիտ տևողությունը): Իսկ աստղագիտական միավորի արժեքը սահմանված է 149 597 870.700 կմ:
Բոլոր մոլորակներն էլ Արեգակի շուրջ (և ընդհանրապես երկնային մարմինները՝ իրար շուրջ) պտտվում են ոչ թե շրջանաձև, այլ էլիպսաձև ուղեծրերով (այդ օրինաչափությունն առաջինը հասկացել է Յոհան Կեպլերը, որից հետո միայն հաշվարկները ճշգրտվեցին, և Կոպեռնիկոսի տեսությունն ընդունվեց գիտական հանրության կողմից): Երկրի ուղեծիրը շատ փոքր ձգվածություն ունի՝ համեմատած մյուս մոլորակների ուղեծրերի հետ. համարվում է, որ սա էլ հավանաբար կյանքի գոյության հայտանիշներից մեկն է, քանի որ շրջանաձևին մոտ ուղեծիրը կայուն պայմաններ է ապահովում տվյալ մոլորակի վրա (hատկապես ձգված են Մերկուրիի և Պլուտոնի ուղեծրերը):
Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Արեգակից հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3% է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (հունվարի սկզբին, երբ գտնվում է պերիհելիոնում կամ արևամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը: Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում: