Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի` պետական սահմանի անցակետերի համատեղ դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում. միջազգային գնահատական: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է հոդված, որով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում: Հայաստանի և Վրաստանի միջև սա եղել է երբևէ առաջին փորձը:
ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում է 40 ԵՄ և ԵԽ մարդու իրավունքների ազգային հաստատություն: Ցանցը ծառայում է իբրև տարբեր ոլորտներում անդամների փորձի փոխանակման, աջակցման և ընդհանուր խնդիրների համար արդյունավետ հարթակ:
Հրապարակման մեջ ներկայացվում է տեղեկություն միգրանտների, ապաստան հայցող և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում երկու կառույցների լիազորությունների վերաբերյալ: Քննարկվում է նաև պետական սահմանի անցման կետերում մշտադիտարկման առումով համագործակցության և համատեղ աշխատանքի սկզբունքները:
ENNHRI-ն՝ որպես դրական օրինակ, ընդգծել է երկու երկրներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակների դերը նշված համագործակցության առումով: Վերոհիշյալ կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայուն և արդյունավետ համագործակցություն: Այն, ի թիվս այլնի, միտված է ապաստան հայցող անձանց ու փախստականների, ինչպես նաև տեղահանված անձանց ու միգրանտների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը՝ փորձի և տեղեկության փոխանակման միջոցով:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմերի ու գործընկեր կառույցների կողմից սահմանապահ ծառայողների և այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումներին:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ընդգծել է Սահմանապահ զորքերի ծառայողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հատկանշական է, որ նրանց կարողությունների պարբերական զարգացումը կարևոր է առաջին հերթին միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից»: