Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» դաշինքը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։
Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի: Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի:
Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:
Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։
Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։
Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։
Պայքարը շարունակվելու է։ Մենք իրավունք չունենք մեր պետության ինքնիշխանությունը զիջած և ժողովրդին մոլորեցրած ազգադավներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զավակների թանկ ապագան այդ հողի վրա:
Մեր հետագա որոշումներն ու քայլերը բխեցվելու են այս տրամաբանությունից:
Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր դաշինքի օգտին քվեարկած մեր բոլոր պատվարժան հայրենակիցներին։ Ձեր մտահոգ և պատվաբեր ձայները, սպասելիքներն ու հույսերը լինելու են մեր որոշումների հիմքում»: