Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, մամուլի ասուլիսում ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, նշել է, որ «Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկի հարցվածների 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։
««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է․ նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– հայտնեց նավասարդյանը և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկի օգտին չի քվեարկի։
Նա նաև ընդգծեց, որ հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չէ։
Ըստ Նավասարդյանի՝ 2,5 բալ ստացել են Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, ավելի շուտ մասնակցելու է, քան՝ ոչ՝ 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը։
Արամ Նավասարդյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։
Ներկայացնելով հարցման մեթոդաբանությունը՝ նա ասաց, որ հեռախոսային հարցումներ են եղել, 1103 հոգի է մասնակցել, անցկացվել են հունիսի 7-10 ժամանակահատվածում: