Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբуջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծելու ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահն Ալիեւին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին եւ ակնկալել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։ Մակրոնը Ալիեւին կոչ է արել նաեւ թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Կարեւոր է պահպանել շրջանի ամբողջ ժառանգությունն՝ իր ողջ բազմազանությամբ։ Այս առթիվ խորհուրդ եմ տալիս դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը»,-նշել է նա։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: «Հստակ է, որ Մակրոնը հայամետ քաղաքականություն է վարում: Սա Նիկոլ Փաշինյանի գործոնով չէ պայմանավորված: Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ հանդիպում խնդրեց Ֆրանսիայի նախագահից, Մակրոնը, գիտակցելով, որ Հայաստանը նախընտրական գործընթացի մեջ է, առաջարկեց, որ այդ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին, որպեսզի դրանով Ֆրանսիան չմիջամտի ներքին քաղաքականությանը: Փաշինյանը շատ պնդեց, որ այս հանդիպումը տեղի ունենա արագ, ինչով ցույց տվեց, որ Փաշինյանի շահը չի համապատասխանում Հայաստանի շահին: Ինքն ուզեց օգտագործել Ֆրանսիայի այցելությունը իբրեւ իր քարոզարշավի մաս կազմող ճամփորդություն», – նշեց նա:
Փափազյանը նկատեց, որ Մակրոնը բավական խիստ եւ հասցեական հայտարարություններ հնչեցրեց՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, եւ պետք է վերադարձվեն ռազմագերիները: «Մակրոնը դեռ պատերազմի ընթացքում իր հստակ դիրքորոշումները հայտնել է, հանդես է եկել հայտարարություններով: Մի քանի անգամ նա ընդունել է մեզ եւ հստակ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ու Արցախի հայությանը: Մակրոնը մի քանի անգամ մեզ ասել է, որ ինքը համաձայն չէ եռակողմ հայտարարության բոլոր կետերին, հատկապես՝ Հադրութին ու Շուշիին վերաբերող, հատկապես Սյունիքի միջանցքի ծրագրին, որը պանթուրքիզմի ճանապարհն է: Այդ ամենը կապ չունի ՀՀ վարչապետի՝ Փարիզ այցելության հետ: Սա դիրքորոշում է, որ Մակրոնը միշտ ունեցել է», – հավելեց նա::
Ուշագրավ է, որ 2021 թվականին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Որոտ-2021» հատուկ զորավարժությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Վարժանքներին ներգրավվելու են զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական-հետախուզական շներ։ Զայնետդինովը նշել է, որ հունիսի 1-3-ին Հայաստանում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել վարժական մանեւրների նախապատրաստման շուրջ, որը նախատեսում է Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեւավորում։
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը եւ իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից անգամ դիմում է առկա, պաշտոնական արձագանք չկա:
Ն.Հ.