Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում. ի՞նչ սխալներ է արել Փաշինյանը» վերնագրով հոդվածում հարց է բարձրացնում, թե ի՞նչ կլինի, եթե որոշում կայացվի ինքնուրույն չզբաղվել ազգային անվտանգության հարցերով և հույսը դնել «Արևմուտքը մեզ կօգնի» արտահայտության վրա, ու նշում, որ Հայաստանի վերջին շաբաթները դրա վառ օրինակն են: Ներկայումս այդ երկիրը իրականում պառակտված է, իսկ ի՞նչ է լինելու նրա հետ ապագայում: Մինչ այդ նշենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նոր դրամաշնորհ է պատրաստել անդրկովկասյան այդ հանրապետության համար: Գումարը գրեթե մեկ միլիոն դոլար է: Քի՞չ է: Բայց դա առաջին ներարկումը չէ: Այս անգամ նպատակն է Հայաստանում ամրապնդել աշխատողների իրավունքները և բարեփոխումներ իրականացնել: Ներկայիս զանգվածային բողոքների գագաթնակետը համընկել է շատ խորհրդանշական օրվա հետ՝ Փաշինյանի կառավարման 1000 օրվա հետ: Այդքան ժամանակ է երկիրը ղեկավարում Նիկոլ Փաշինյանը:
Գրեթե երեք տարի, և ինչքան իրադարձություններ են «տեղավորվել» այդ երեք տարվա մեջ: Փաշինյանի կառավարումը և՛ ճակատագրական սխալներն են, և՛ նշանակալի ձեռքբերումները, թե՛ պարտությունները, թե՛ հաղթանակները: Իշխանության գալուց հետո նա դեղորայքը դարձրել է անվճար մինչև 18 տարեկանների համար: Քաղցկեղի բուժումը դարձրել է պետության հաշվին: Կոռուպցիայի դեմ Փաշինյանը խոստացել է պայքարել, իսկ 2019 թվականին Հայաստանը բեկում է արձանագրել կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում՝ անմիջապես բարձրանալով 28 հորիզոնականով: Իսկ երկրի ՀՆԱ-ի աճը նույն 2019 թվականին կազմել է ավելի քան 7%: Շատ հզոր է: Բայց Փաշինյանի՝ ծուռ հայելու մեջ արտացոլումը նրա ճակատագրական սխալներն են: Գլխավորը Լեռնային Ղարաբաղն է։
Ի վերջո, այսօր Հայաստանում բողոքի ակցիաները հենց նախորդ տարվա նոյեմբերի համաձայնագրի ստորագրման արձագանքն են: Բայց Փաշինյանը փորձում է համոզել, որ եթե չստորագրեր, ավելի շատ զոհեր կլինեին: Սակայն տաքարյուն հայ մարդիկ դժվարանում են ընդունել պարտությունը: Միգուցե ապագայում վարչապետին կներեն ու կհասկանան, բայց այսօր՝ ոչ: Նա վերցրել ու փաստացի տվել է Արցախը: Անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինն այն կարծիքին է, որ «Փաշինյանի գալուց հետո ազգային անվտանգության՝ առանց այդ էլ անհաջող քաղաքականությունը պարզապես աղետալի է դարձել: Հայաստանի ղեկավարությունը հավատում էր, որ պատերազմը կզարգանա 80-90-ականների նմանակմամբ, երբ Հայաստանը լիովին ջախջախել էր Ադրբեջանի անփորձ միլիցիային և ոչ միայն պահել Ղարաբաղը, այլ նաև գրավել բուֆերային գոտու յոթ շրջաններ և Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցք ապահովել:
Եվ նրանք հավատում էին, որ նույն մարտավարության, նույն ռազմավարության, նույն սպառազինության շնորհիվ նրանք կկարողանան իրենց համար պահել Ղարաբաղը, բայց իրականում այդ ընթացքում հեղափոխություն է տեղի ունեցել ռազմական գործերում»: Սրա արդյունքը Փաշինյանի ու գլխավոր շտաբի առճակատումն է: Վերջին կաթիլը եղել են «Իսկանդերները», որոնք, ըստ վարչապետի, արդյունավետ չեն: Ի պատասխան, գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի անհապաղ հրաժարականը, քանի որ առկա է «համարժեք որոշումներ կայացնելու անկարողություն»: Իսկ վերջինս Ֆեյսբուքում գրել է, որ գլխավոր շտաբը հեղաշրջում է նախապատրաստում, ու բոլորին հրավիրել է հրապարակ: Բայց հրապարակ են դուրս եկել ինչպես Նիկոլի համակիրները, այնպես էլ հակառակորդները:
Ակցիան ստացել է «Նիկոլ դավաճան» լակոնիկ անվանումը: Կա ևս մեկ կարևոր պահ, որը սերտորեն կապված է փաշինյանական Հայաստանի հետ: Դա «Սորոսն» է: Տխրահռչակ և հակասական Ջորջ Սորոսի հիմնադրամը հայտնի է ամբողջ աշխարհում (և հատկապես Ուկրաինայում) որպես որոշումներ խթանելու հարթակ, այդ թվում՝ քաղաքական որոշումների հարթակ: Հայկական ԶԼՄ-ները ուղղակիորեն նշում են, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանի կառավարության ամենամեծ բաժնետերն է, և նրանք ակնարկում են, որ իրենք՝ «սորոսականներն» են լինելու ամենաբարձր պաշտոններում: Պատկերացրեք, Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 27 տարեկան է: Փորձագետները կարծում են, որ նրան այդ պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, որը նաև համարվում է երկրի ստվերային վարչապետ:
Հատուկ քննչական ծառայության ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, ղեկավարում է հենց այդ Սորոսի հայկական հիմնադրամը և արդեն մուտք է գործել երկրի Բարձրագույն դատական խորհուրդ: Եվ վերջապես, Փաշինյանի կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր 48 տարիներից 31-ն ապրել է ԱՄՆ-ում և չորս տարի եղել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ: Սրանք բոլորն էլ շատ ակնհայտ բաներ են պատահական լինելու համար: Հայաստանում քաղաքական ճգնաժամը պայմանավորված է նաև Նիկոլ Փաշինյանի համառ բնույթով: Նա 30 տարի դեմ էր ամեն ինչին: Նրա համար բողոքելը, սկսած դպրոցական, համալսարանական և խորհրդարանական տարիներից, կյանքի իմաստ է եղել: Երբ ճակատագիրը, այնուամենայնիվ, ցույց է տվել իր ողորմածությունը և հնարավորություն տվել նրան «վերցնել և անել», նա փորձել է:
Բայց քաղաքական գործիչը նա չէ, ով խոսում է, այլ նա է, ով գիտի՝ ինչ անել: Անդրկովկասի ժողովուրդները տաքարյուն են, բայց համբերատար: Հայերը, որոնք իրենց կյանքում շատ բան են կորցրել՝ Արարատից սկսած մինչև Ղարաբաղ, շարունակելու են սպասել: Ամենայն հավանականությամբ, նրանք կսպասեն նոր, արտահերթ ընտրությունների: Բայց այդտեղ ևս ամեն ինչ դեռ անհայտ է: Մի բան հաստատապես պարզ է. ով փող է ներդնում կռվի մեջ, ատելություն է գնում...»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում