Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում ենք՝ արդեն շատերի համար է հասկանալի, որ Նիկոլը «խաղը» տանուլ է տվել, բայց ոչ իրեն դեռևս վարչապետ երևակայողի: Վերջինս, ի հեճուկս առողջ տրամաբանության և հասարակական-պատմական գործընթացների բոլոր կանոնների, փորձում է ապացուցել հակառակը ... Իրեն կարելի է հասկանալ, որովհետև նա բոլորից լավ գիտի, թե ինչ կարող է լինել Կառավարության թիվ 1 շենքը լքելուց հետո, բայց դժվարանում եմ հասկանալ իր շուրջը գտնվողներից շատերին, որոնք հայտնի կենդանու համառությամբ ուզում են կիսել Նիկոլի ոչ նախանձելի ճակատագիրը: Ընդ որում, այն դեպքում, երբ դեռևս չեն սպառել հայոց պետականությունն անդարձ կործանումից փրկողի կարգավիճակում հանդես գալու հնարավորությունը: Նիկոլը հաստատ այդպես չէր վարվի ... Նա հանուն իր կաշվի փրկության բոլորին փուռը կտար, ինչպես և անում է ոչ հազվադեպ, երբեմն էլ չգիտակցելով, որ այս կամ այն արարքը կարող է ավելի բարդացնել հենց իր վիճակը, ինչպես որ եղավ ռուսական «Իսկանդեր» զինատեսակի 10 տոկոսով կրակել-չկրակելու բացատրությունից հետո: Վերջին շրջանում Նիկոլը և իրքայլական շրջանակները փորձում են հանրության աչքում քավության նոխազ դարձնել հայկական բանակը՝ պատերազմում կրած պարտության մեղավոր նշանակելով բարձր հրամանատարական կազմին: Անհերքելի է, որ, բոլոր բացթողումներով և վրիպումներով հանդերձ, բանակն իր վրա է կրել պատերազմի ծանրությունը, ուստի պարզապես փոքրոգի ու տմարդի է պատասխանատվության իր բաժինը նույնպես բանակի վրա բարդելու՝ այսպես կոչված քաղաքական ղեկավարության պահվածքը: Միանշանակ է, որ պատերազմում մեր կրած պարտության հիմնական մեղավորը օրվա քաղաքական իշխանությունն է իր անձռնհաս վարքագծով, որը երկիր, մասնավորապես՝ պատերազմող երկիր ղեկավարելը փոխարինել էր սնամեջ ճառախոսությամբ: Էլ չենք խոսում դավաճանության մեղադրանքի մասին ...
Նիկոլի այդպիսի վարքագիծը սպասելի է այնքանով, որ նա մտածում և գործում է բոլոր նորմատիվներից դուրս և հենց դրանով էլ վտանգավոր է, որովհետև ցանկացած պահի կարող է իր հետևորդներին ներքաշել արկածախնդրության մեջ: Նա դա կարող է անել ոչ թե այն պատճառով, որ քաջ է, այլ, ինչպես վերջին շրջանում հաճախ են ասում, իր ներքին վախերի մղումով, նույնիսկ՝ իր կամքից անկախ: Եվ քանի որ Նիկոլի համախոհները (իսկ այդպիսիք, ցավոք, դեռևս կան) նրա չունեցած ազնվությանն ու «բացառիկ հանճարին» հավատում են անվերապահորեն, իրենց առաջնորդի խոսքով կարող են դիմել նաև ծայրահեղ քայլերի: Թե ինչ կարող է լինել հետևանքը, արդեն տեսել ենք 2008-ի մարտի 1-ին՝ ուղիղ 13 տարի առաջ: Իսկ նոր «մարտի մեկի» պատասխանատվությունը Նիկոլը, բնականաբար, կրկին կփորձի բարդել իր ընդդիմադիրների վրա, որովհետև ինքը կարող է լինել «թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»: Արդյունքում կունենանք անմեղսունակ իրավիճակ, երբ կա հետևանք, բայց չկա պատասխանատու:
Նույնիսկ ակնհայտ դավաճանը հասարակության մեջ կարող է ունենալ հետևորդներ: Այդ երևույթը նույնիսկ կարելի է հասկանալ, եթե հետևորդների թիվը մտահոգիչ չէ: Երբ այդպիսիների թիվն այնքան է, որը կարող է դիտարկվել իբրև «ընտրազանգված», արդեն մտահոգիչ է: Նշանակում է՝ ինչ-որ կարևոր բան հասարակության կյանքում խանգարված է: Իմ կարծիքով, մեր հասարակությունն այսօր հենց այդ վիճակում է: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում և տեղի է ունենում դրանից հետո, վկայում է այն մասին, որ մեր հանրության մեջ կարևոր մի բան էականորեն խաթարված է, այլապես իր գերակշիռ մեծամասնությամբ բարոյական արժեքներ դավանող և պետականամետ մտածողության կրող հասարակության մեջ պատերազմում պարտված իշխանությունը ոչ միայն չէր կարող կառչած մնալ իշխանական կարգավիճակից, այլև կամավոր կհրաժարվեր: Մեզանում դա տեղի չունեցավ... Դատելով հասարակության իմքայլամետ, որ նույնն է, թե՝ ուսապարկամետ շրջանակներից եկող արձագանքներից, հիմնական պատճառը «նախկինների» վերադարձի ուրվականն է: Որ նախկինում քիչ չէին վատ ու հոռի երևույթները, դրանում երկրորդ կարծիք դժվար թե լինի: Բայց արդյո՞ք ներկայումս ամեն ինչ լավ է կամ, այսպես ասենք, չկան այն վատ երևույթները, որոնց համար մեղադրում են «նախկիններին»: Միանաշանակ կան: Դրանց մասին նույնպես շատ է գրվել, գրել եմ նաև ես, ուստի չեմ կրկնվի: Բայց կա մի շատ կարևոր տարբերություն. այսպես կոչված «նախկինների» ժամանակ մեր պետականությունը երբեք վտանգված չի եղել, մեր հայրենիքի հատվածները թշնամուն չեն հանձնվել, և եթե պատերազմում տվել ենք զոհեր (իսկ պատերազմն առանց զոհերի չի լինում), փոխարենը ունեցել ենք Հաղթանակ, որով մխիթարվել ենք: Այն ժամանակ մենք գիտեինք, թե հանուն ինչի են զոհվել մեր հարազատները: Իսկ այժմ Նիկոլի ջերմեռանդ պաշտպաններն ինձ կարո՞ղ են ասել, թե հանուն ինչի՞ են նրանք զոհվել: Հանուն ՈՉՆՉԻ՞: Անշուշտ, կոռուպցիան, եթե հասնում է մեծ չափերի, կարող է խարխլել պետության հիմքերը, և միանշանակ է, որ այդ երևույթի դեմ պիտի լինի մշտական և իրական պայքար: Պայքարի բացակայության պայմաններում այն կարող է պարզապես կուլ տալ պետությունը և բարոյալքել հասարակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք. «նախկիններին» կոռումպացվածության մեջ մեղադրողներից քանիսն են, որ չէին անի նույնը, եթե դրա հնարավորությունն ունենային: «Թավշեգործների» անցած մոտ երեքամյա ճանապարհը վառ օրինակն է այն բանի, որ այդ գայթակղությանը դիմանում են հիմնականում նրանք, ովքեր պարզապես չեն ունեցել «հավելյալ եկամուտ» տուն տանելու հնարավորություն:
Նիկոլի «տեսաբաններից» ոմանք վերջերս հաճախ են շահարկում 1996-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Վ. Մանուկյանի կողմնակիցների՝ գրոհով մուտքը Ազգային ժողով: Ընդ որում, շահարկողների թվում են նաև այն օրերի իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ, որոնք կարևոր տեղեր են գրավել նաև իմքայլական ճամբարում: Վերջինները, սակայն, խուսափում են ասել, թե ինչու՞ տեղի ունեցավ այդ գրոհը: Մի՞թե ոչ այն պատճառով, որ նախագահական ընտրություններում պարտված Լ. Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը բռնազավթեցին իշխանությունը՝ երկաթյա վարագույր իջեցնելով մեր անկախ պետականության ժողովրդավարության վրա: Իսկ այսօր նույն այդ մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսելու ժողովրդավարությունից և սահմանադրականությունից՝ լինելով դրանց առաջին ոտնահարողները: Ովքեր «մարտի 1-ի» համար մեղադրում են «նախկիններին», թող նեղություն կրեն հիշելու, թե իրենք ինչ էին անում 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո: Ընդ որում, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ 1996-ին ընդդիմության թեկնածուն հաղթել էր, բայց նույնը բոլորովին էլ ակնհայտ չէր 2008-ին:
Որպես խոսքիս ամփոփում՝ ուզում եմ նիկոլամետ ընտրազանգվածին հարցնել:
- Ձեզ մտածելու առիթ չի՞ տալիս, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը ինչու է անհանգստացրել հատկապես Թուրքիային և Ադրբեջանին: Ընդ որում, Թուրքիային՝ քաղաքական բարձր ղեկավարության մակարդակով: Ինչո՞ւ են հենց Թուրքիային անհանգստացնում հարևան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: Երբվանի՞ց է Թուրքիան դարձել ժողովրդավարության օրրան և մտահոգվում է, որ հարևան սահմանակից երկրում կարող են իշխանության գալ ոչ ժողովրդավար ուժեր: Թուրքիան ի՞ր համար է մտահոգված, թե՞ մեզ համար: Կամ մի՞թե նա այնքան թույլ է, որ այդպիսի հարևանի առկայությունից զգուշանալու պատճառ ունի: Վերջապես, ինչո՞ւ միայն Նիկոլը և թուրքական իշխանությունները ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը որակեցին հեղաշրջման փորձ: Այս ամենից հետո հայը ումի՞ց ավելի շատ զգուշանալու պատճառ ունի. Նիկոլի՞ց և իր ուսապարկերի՞ց, որոնց բնական դաշնակիցը ցեղասպան Թուրքիան և Ադրբեջանն են, թե՞ «նախկիններից», որոնք հայրենիք չեն վաճառել և երկիրը դեպի պարտություն չեն առաջնորդել:
Առկա իրավիճակում նախապատվություն տալ ուսապարկերին՝ նշանակում է պարզապես չգիտակցել մեր պետականությանը պատուհասած աղետի աստիճանը: Այդպիսի վարքագիծը չի կարող ներվել նույնիսկ անմեղսունակին:
Հ․Գ․ – Եթե մարտի 1-ին Նիկոլը Հանրապետության հրապարակում հավաքի նույնիսկ հարյուր հազար հանդիսատես (դրա կեսը հավաքելուն անգամ խիստ կասկածում եմ), դարձյալ չի կարող ոչինչ նշանակել, որովհետև դրա առնվազն 90 տոկոսը պարտադրված ներկայություն է լինելու:
Վարդան Պետրոսյան
28. 02. 2021թ.