կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 11:19
Հասարակություն

Ուսապարկերի մասին և ոչ միայն

Ուսապարկերի մասին և ոչ միայն

Մինչ այժմ ես ճանաչել եմ երեք հայտնի մարդու, որոնք ուսապարկ են կրել: Մեկը Խաչատուր Աբովյանն է, որին այստեղ չենք անդրադառնա, մյուսը՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը, և երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Ուսապարկը, անկախ այն կրողների ժամանակային տարանջատվածությունից, ենթադրում է քայլող մարդ: Քայլել է Խաչատուր Աբովյանը, քայլել է Թաթուլ Հակոբյանը, քայլել է նաև Նիկոլ Փաշինյանը: Խաչատուր Աբովյանին, ինչպես արդեն ասացի, չենք անդրադառնա, որովհետև նա բոլոր տեսակի քննադատություններից այլևս ազատված է, բայց Թաթուլին ու Նիկոլին, որոնք, ի դեպ, ուսապարկ են կրել մի քանի տարվա տարբերությամբ, արժե մի փոքր փորփրել, որովհետև ուսապարկն սկսել են համարել Նիկոլ Փաշինյանի բրենդ, մինչդեռ՝ «որ Թաթուլը, ուսապարկը մեջքին, Մախաչկալան, Վլադիկավկազը ոտի տակ էր տալիս, Նիկոլը ո՞ւր էր, հը՞»:

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իր այդ առավելությունը հաշվի առնելով, թե՝ մի ուրիշ բանից դրդված՝ Թաթուլ Հակոբյանը ստանձնել է, այսպես կոչված, թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության տեսաբան-վիճակագրի պատվավոր ռահվիրայությունը: Այլ խոսքով՝ ծանր հրետանու տեղ է դրել իրեն և ճշմարտություններ է ասում, որոնց թերևս ինքը, մեկ էլ չգիտեմ, թե ով է հավատում: Օրերս նա Civilnet.am կայքում մի «ուսումնասիրություն» էր հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանին և նրա հեղափոխությունը քննադատողներին բաժանել էր 10 խմբի և հանրությանն իրազեկել, թե որ խումբն ինչու է քննադատում Փաշինյանին: Հա, չմոռանամ գլխավորի մասին՝ թեև Թաթուլ Հակոբյանը ձեռքի տակ հանրային հարցումների արդյունքներ չունի, գրել է նաև, որ «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր, և նա կհաղթի ընտրություններում, եթե դրանք տեղի ունենան հենց վաղը»: Ճիշտ է, ոչ 70 կամ 80 տոկոսով, բայց կհաղթի: Ի՞նչ ասեմ, եթե մարդը տեսաբան է, աչքաչափ էլ կունենա: Ի դեպ, հենց աչքաչափով, առանց հետևանքների մասին մտածելու էլ գրել է, թե որ խումբն ինչի համար է քննադատում Փաշինյանին:

Մենք հատ-հատ չենք անդրադառնա խորքային դասդասումներին և կբավարարվենք՝ նշելով, որ Փաշինյանին քննադատող խմբերի շարքն սկսվում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներով և ավարտվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմնակիցներով, որոնց Թաթուլ Հակոբյանը առանձնապես կարևորություն չի էլ տալիս, քանզի նրանք քննադատում են «թեթևի մեջ», գրեթե աննկատ: Այսուհանդերձ, նշենք, որ ամենահետաքրքիր և ամենաէկզոտիկ խումբը վեցերորդն է՝ դա Հայ Առաքելական եկեղեցին է՝ իր տարբեր թեմերով: Այստեղ նույնիսկ հարց է առաջանում՝ Թաթուլ Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, արդյոք, կռիվ չի՞ ընկնի նման հակադրություն բացահայտելու պատճառով: Ի վերջո, հայ ժողովրդի ահռելի մեծամասնությունն օբյեկտիվորեն հենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և ոչ թե Նիկոլ Փաշինյանի: Եվ ուրեմն՝ էլ ի՞նչ իմաստ ունի պնդելը, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի ընտրություններում:

Ըստ Թաթուլ Հակոբյանի՝ ՀՅԴ հայաստանյան և սփյուռքի կառույցները Նիկոլ Փաշինյանին քննադատողների մեջ պատվավոր 4-րդ տեղում են: ՀՅԴ-ից առաջ էլ Փաշինյանին խստագույնս քննադատում է…, հանկարծ չընկնեք, … Արցախը, որ Թաթուլի թղթում «պաշտոնական Ստեփանակերտ» անվանումն է ստացել:

Ճիշտն ասած՝ այնքան էլ հասկանալի չէ Թաթուլ Հակոբյանի նպատակը: Ինչո՞ւ է նա Փաշինյանին քննադատողների խմբերն առանձնացրել, եթե կարող էր Փաշինյանին հաղթանակի ավելի մեծ վստահություն ներշնչել՝ նրան շռնդալից գովերգող խմբերը ներկայացնելով: Կարծում եմ՝ գովերգողների թե՛ թիվն է այսօր ավելի մեծ և թե՛ տեսականին ավելի շատ՝ միամիտներ, անխելքներ, խաբվածներ, ինքնախաբվածներ, քայլարած ակտիվիստներ, քայլչարած պատեհապաշտներ, ապազգային տարրեր, սորոսականներ, կռապաշտներ, տարատեսակ (քաղաքական և ոչ այնքան) զոմբիներ, ԼԳԲՏ-ական համայնքներ, ոչմիիզմականներ, վնգստացող դատավորներ ու դատախազներ, ծռականներ, պատգամավորներ և նախարարներ, որոնք այսօր փողոց չեն մաքրում, որովհետև պատգամավոր են կամ նախարար: Չմոռանամ նշել նաև ծախու գրչությամբ գլուխ պահողներին, որոնք եղել են բոլոր ժամանակներում և հատկապես բազմացել վերջերս: Այս խումբն իսկական գանձ է Փաշինյանի համար, քանզի թե՛ մասնագիտության բերումով է նրան մոտ և թե՛ անելիքի առումով է կարևոր՝ խաբվածներին ավելի խաբելու, միամիտներին ավելի միամտացնելու, անխելքներին ավելի հիմարացնելու տեսանկյունից: Բա մարդ, այս հարստությունը թողած, Փաշինյանին լեղաճաք կանի՞ այնպիսի «հակառակորդներով», ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցին, Արցախն ու ՀՅԴ-ն:

Հ.Գ. Ինչ ուզում եք՝ ասեք, ուսապարկով Թաթուլը շատ ավելի նախընտրելի էր, քան նրանից մնացած թավշյա և անսկզբունք այս երևույթը: Մարդը ՀՅԴ-ի շնորհիվ է կայացել, ուսապարկով շրջել ողջ Արցախում, Արցախյան հերոսամարտի մասին բազմաթիվ տեղեկատվական հոդվածներ հեղինակել, գրքեր հրապարակել, պտտվել աշխարհով մեկ, անուն հանել, ու մեկ էլ ինչպիսի շրջադարձ՝ վարձու գրչակի գդակը դրել գլխին՝ իր արևին վերլուծում է, թե ինչու է ՀՅԴ-ն սխալ դիրքերում և ինչու է սխալ քննադատում Փաշինյանին: Է՛, բալա՛մ, Վահրամ Փափազյանն ասում էր՝ ամեն սև բան դեռ Օթելլո չէ: Սա հիշի՛ր, Թաթո՛ւլ, և աշխատի՛ր ամեն փող տվողի թատրոնում ապուշի դերեր չխաղալ:   

Էդիկ Անդրեասյան