Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Փետրվարյան ապստամբությունը հայոց նորագույն պատմության ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական էջերից մեկն է:
1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով Հայաստանում իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո բոլշևիկները չհարգեցին իրենց իսկ տված խոստումները: Վերջիններիս առաջին լուրջ «բացթողումը» նախկին կառավարության անդամներին ձերբակալելն էր: Բոլշևիկների մուտքը Հայաստան իրենց գործադրած քայլերի պատճառով խոր հիասթափություն առաջ բերեց: Տպավորություն էր ստեղծվել, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նշանակութիւն չուներ նրանց համար: Հայաստանում բոլոր նրանք, ովքեր բոլշևիկ չէին, մահվան և աքսորի սարսափի տակ էին: Բոլշևիկյան հեղափոխությունն ավելի հեշտությամբ խորացնելու «մտադրությամբ» Հայաստանում մտավորականության զանգվածային ահաբեկում իրականացվեց: Մտավորականների հանդեպ կիրառված քաղաքական տեռորն ամենաշատը հուզեց ժողովրդին և մեծապես ազդեց Փետրվարյան ապստամբության հասունացման վրա: Բանտում գտնվող մտավորականության կորստի վախը պատճառ էր ապստամբություն բարձրացնելու:
Փետրվարյան ապստամբության պատճառների մեջ պետք է առանձնացնել բոլշևիկների կիրառած բռնագրավումների կամ այսպես կոչված «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը: Բոլորովին անիմաստ էր Ռուսաստանում քննություն չանցած բռնագրավումների դաժան փորձի վերակիրառումը պատերազմներից տնտեսապես քայքայված Հայաստանում: Բոլորովին անմտություն էր բռնագրավված իրերի մեծ մասի դուրսբերումը Հայաստանից, երբ տեղում դրանց կարիքն ավելի էր զգացվում:
Փետրվարյան ապստամբության հասունացմանը նպաստեցին նաև հայ սպաների ձերբակալությունն ու աքսորը, նրանց ընտանիքների հանդեպ կիրառված բռնությունները: Պակաս կարևոր չէին նաև բոլշևիկների կողմից խոսքի և մամուլի ազատությունների կտրուկ սահմանափակումները, արևմտահայության հանդեպ նոր իշխանությունների ունեցած ակնհայտ թշնամական վերաբերմունքը: Փետրվարյան ապստամբության համար պարարտ հող ստեղծեց նաև հայ բոլշևիկների ծաղրական և նսեմացուցիչ վերաբերմունքը Հայաստանի անկախության գաղափարի հանդեպ:
Բոլշևիկների համար գերադասելի էր իշխանությունը քաղաքացիական կռվի միջոցով ձեռք բերել, քանզի դա «կարևոր» էր բանվորագյուղացիական հեղափոխության խորացման տեսակետից: Բոլշևիկյան իշխանությունը փորձեց արհեստականորեն «հեղափոխական իրավիճակ» ստեղծել, ինչի անհրաժեշտությունը բնավ չկար: Հայ կոմունիստները, չյուրացնելով սոցիալիստական հեղափոխության հիմնական նպատակները, հեղափոխությունը պատկերացնում էին նախևառաջ որպես քաղաքացիական կռիվներ: Հանուն իրենց «հեղափոխական» հիվանդագին հավակնությունների բավարարման նրանք ջանք չէին խնայում հեղելու իրենց «հակառակորդների» արյունը: Չնայած հակառակ կողմից հնչող կոչերին՝ բոլշևիկները ոչ միայն քայլեր չձեռնարկեցին՝ խուսափելու քաղաքացիական կռիվներից, այլև նման սադրանքների հրահրումը դարձրին իրենց քարոզչության հիմնական առանցքներից մեկը: Բոլշևիկյան հետագա այն հռետորաբանությունը, թե իբր քաղաքացիական կռիվները հրահրել են դաշնակցականները, չի դիմանում որևէ տրամաբանական քննադատության: Քեմալաբոլշևիկյան բարեկամությունը, Խորհրդային Ռուսաստանում քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանը հաղթահարելու իրողությունը, Ադրբեջանի խորհրդայնացված լինելու փաստը, Վրաստանում անկախության անկման անխուսափելիությունը և այլ հանգամանքներ իշխանությունը կամավոր բոլշևիկներին հանձնած դաշնակցականներին ապստամբելու որևէ հուսալի հեռանկար չէին խոստանում:
Անհերքելի է Փետրվարյան ապստամբության շնորհիվ հայ մտավորականության և զինվորականության փրկության փաստը: Բանտերում հայտնված բազմաթիվ հայ մտավորականներ և զինվորականներ դատապարտված էին «կացնահարության»: Ցավոք, բոլշևիկյան բանտերում եղան գնդակահարության և կացնահարության բազմաթիվ դեպքեր: Միայն Փետրվարյան ապստամբությունը կանխեց համազգային այդ արհավիրքը:
1921 թ. փետրվարյան ապստամբությունը փաստեց, որ հայ ժողովուրդը չի հանդուրժում կեղծիքը, բռնությունը, ապազգային իշխանություններին, համաշխարհային ցանկացած սին գաղափար խորթ է հայության և Հայաստանի համար: Ապստամբությունը դրական ազդեցություն ունեցավ բոլշևիկյան բռնաճնշումները մեղմելու առումով:
Փետրվարյան ապստամբությունը Հայաստանի անկախության գաղափարի յուրահատուկ փորձաքար հանդիսացավ: Փետրվարյան ապստամբությամբ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ երբեք չի հաշտվի ստրկության մեջ մնալու մտքի հետ և հարկ եղած դեպքում պատրաստ է մեկ մարդու նման պայքարելու հանուն հայրենիքի անկախության: Փետրվար 18-ը մեր ազգային ինքնասիրությունը բոլորին ի ցույց դնելու խորհուրդ է պարունակում նաև:
Ապստամբության ճնշումից հետո էլ տարագրության մեջ «Մայիս 28-ի» և «Փետրվարի 18-ի» սերունդն իրը գաղափարախոսական գործունեության առանցքը դարձրեց Հայաստանի անկախության վերականգնման տեսլականը: Ընդ որում անկախության գաղափարի քարոզչությունը պայմանավորված չէր միայն Հայաստանը Խորհրդային Միությունից առանձնացնելու և ժողովրդավարական իշխանություն հաստատելու հեռահար նպատակով: Այս գաղափարի շուրջ համախմբվում էր տարագիր հայությունը, որին սպառնում էր ձուլման վտանգը: Անկախ պետությունը վերականգնելու հույսով բազում հայորդիներ ոչ միայն համախմբվեցին, այլև կարևոր շարժառիթ ունեցան հայ մնալու և իրենց սերունդներին հայ դաստիարակելու համար: Բազմաթիվ դաշնակցական գործիչներ տեսական լուրջ հիմնավորումներով ապացուցում էին, որ հայ ժողովրդի շարունակականությունը երաշխավորելու տեսակետից անկախ պետականությունն այլընտրանք չունի:
Թող մեր և սերունդների հիշողության մեջ միշտ վառ մնա հանուն Հայաստանի ազատության և անկախության ընկածների, օտար ափերում անկախ հայրենիքի երազը սրտերում երկրային կայնքից հեռացած անմնացորդ նվիրյալների, այդ թվում նաև «Փետրվար 18»-ը կերտողների անմար հիշատակը:
Խաչատուր Ստեփանյան