Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նոր օրենքի (ընդունվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին) համաձայն՝ փոփոխվեց նաև դրոշմանիշային վճարների չափը:
Ֆիզիկական անձանց համար սահմանվեցին նոր դրույքաչափեր: Այսպես`
Հասարակական դրվատանքի արժանացած սույն փոփոխությունը, սակայն, խորքի մեջ ունի խիստ քննադատելի, անարդարացի, եթե չասենք՝ զավեշտալի տրամաբանություն: Այսպես, ըստ սահմանված դրույքաչափերի, 100 000 դրամ աշխատավարձ ստացողը վճարում է 1,5 % (1500 դրամ), 80 000 ստացողը՝ 1,9 % (0,4 %-ով ավելի): Այս անհամաչափությունն առավել ցայտուն և անտրամաբանական է դառնում, երբ շարունակում ենք տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնել մյուս դեպքերը ևս: Այսպես` 100 001 դրամ ստացողը վճարում է 3 % (3000 դրամ), 200 000 ստացողը՝ 1,5 % (տոկոսային հարաբերակցությամբ՝ երկու անգամ ավելի քիչ): 500 000 ստացողը՝ 1,1 % է վճարում (5500 դրամ), 500 001 ստացողը՝ 1,7 % (8500 դրամ), իսկ ահա 1 000 000 ստացողը՝ 0,85 % (500 001 ստացողի ուղիղ կես չափը): 1 000 001 դրամ ստացողը վճարելու է 1,5 % (15 000 դրամ), իսկ 2 000 000 ստացողը՝ 0,75 % (1 000 001 դրամ ստացողի ուղիղ կես չափը): 5 մլն ստացողն արդեն վճարելու է 0,3 %, 8 մլնը՝ 0,2 % և այլն:
Եթե պաշտոնյաների միջև այս համեմատությունն անենք՝ կստացվի, որ, օրինակ, նախարարը վճարում է իր աշխատավարձի (շուրջ 800 000 դրամ) 0,1 %-ը, իսկ, օրինակ, նախարարության մասնագետը, որի աշխատավարձը շուրջ 110-120 հազար դրամ է (եկամտահարկերը ներառյալ), վճարում է 2,7 – 2,5 %: Տարբերությունը, կարծում ենք, առավել քան ակնառու է:
Ընդդիմախոսները կասեն՝ ինչո՞ւ նախկինում չէիք հնչեցնում քննադատություններ: Շատ պարզ պատճառով. նախկինում գործում էին եկամտահարկի երեք տարբեր տոկոսադրույքներ (23 %, 28 %, 36 %), ինչի պատճառով ավելի շատ աշխատավարձ ստացողներից ավելի մեծ չափով գանձումներ էին տեղի ունենում: Այս իրողությունն էապես բալանսավորում էր գանձումների հարաբերակցությունը: Նոր իշխանությունները գրչի մեկ հարվածով ամեն ինչ խառնեցին իրար, և եկամտահարկի՝ ներկայումս գործող համահարթ սկզբունքն այլևս չի սահմանում խաղի արդար կանոններ:
Վերադառնալով դրոշմանիշային վճարների նոր դրույքաչափերի խնդրին՝ փաստենք, որ վերոնկարագրյալ անարդարացի և զավեշտալի պատկերի հեղինակները, ի դեմս Փաշինյանի իշխանությունների, կա՛մ չեն հասկացել, թե ինչ են սահմանում, կա՛մ դա արել են դիտավորությամբ՝ նպատակ ունենալով առանց ծանր ու թեթև անելու հասարակության՝ ցածր և միջին աշխատավարձ ստացող լայն շերտի գումարների միջոցով, այն է՝ հեշտ ճանապարհով, լուծել խնդիրներ:
Ի դեպ, նույն պատկերն է նաև անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրույքաչափերի պարագայում: Օրինակ` եթե մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1,5 % է կազմում դրոշմանիշային վճարի չափը, ապա 1 200 001-ի դեպքում՝ 3 %, 2 400 000 – ի դեպքում՝ կրկին 1,5 %, իսկ ահա 2 400 001-ի պարագայում` 2,8 %:
Եզրակացնենք հետևյալը` ելնելով տեսակարար կշռից, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցների կուտակման կամ համալրման հիմնական բեռը կրելու են աղքատները և ցածր աշխատավարձ ստացող անձինք:
Վ. Սարգսյան