կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 11:17
Քաղաքական

Արցախի ՊԲ-ի կազմալուծումը կլինի հայկական բանակի և մեր պետության վերջնական կորուստը

Արցախի ՊԲ-ի կազմալուծումը կլինի հայկական բանակի և մեր պետության վերջնական կորուստը

Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքական պարտություն էր, պատերազմում ոչ թե բանակն է պարտվում, այլ պետությունը, իսկ մեր զորքի մարտական ոգին բարձր է եղել, առաջին տասն օրում մենք չնչին տարածք էինք զիջել, մեր տղաներն ու հրամանատարներն անձնուրաց կանգնել են, և եթե ավելի մեծ կազմակերպվածություն և ուղղորդված ուժեր լինեին, պատերազմի ելքն այլ կլիներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական բժիշկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:

«Բնականաբար, իշխանությունը պետք է համոզի չտեղեկացված մարդկանց, որ պատերազմն ու նման ելքն անխուսափելի էին: Դա արվում է իրենց մեղքը քողարկելու և այն բանակի ուսերին դնելու համար: Մենք հասել ենք խայտառակ ու անթույլատրելի իրավիճակի, քաոս է և անարխիա: Մենք մոտեցել ենք Առաջին հանրապետության օրոք բոլշևիկյան քարոզչությանը, հիմա դա իմքայլականներն են անում: Ի սկզբանե ամեն ինչ ծրագրված էր, Հայաստանը տանում են դեպի Թուրքիա՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Կովկասում թուլացնելու համար, դա այս իշխանության նվիրական երազանքն է»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Տոնոյանի՝ Ադրբեջանն ամեն քայլափոխի մեզ նվաստացնելով՝  իր հեռահար նպատակներն ի ցույց է դնում, չի էլ թաքցնում դրանք. «Թուրքիան և Ադրբեջանն ուզում են ունենալ այնքան թույլ Հայաստան, որն իրենց գրպանում կլինի, իրենց կրնկի տակ: Սա մեր քաղաքական վերնախավի ծրագիրն է՝ ժառանգել են «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» թեզը: Սպայակույտն ու գեներալիտետը մարտնչել են հերոսաբար, հայկական բանակն սկզբնապես արժանի հակահարված է տվել, հետո թշնամին կարողացավ վերակազմակերպել իր ուժերը, մենք՝ ոչ, քանի որ մեր վարչապետը բազմաթիվ անթույլատրելի սխալներ էր թույլ տվել պատերազմից առաջ և դրա ընթացքում»:

Դաշնակցական գործչի կարծիքով՝ մեր զոհերի ստվար մասն անկազմակերպվածության հետևանք էր, կամավորականների ընդգրկումը տեղի էր ունենում առանց նախապատրաստման և տեղանքին ծանոթանալու. «Պարտվելն էլ է տղամարդու համար, եթե նա հույս ունի, որ մի օր ոտքի է կանգնելու և վրեժխնդիր է լինելու: Այս իշխանությունները դրա հույսը չեն տալիս: Պաշտպանության բանակի կազմալուծումը կլինի հայկական բանակի վերջը և մեր պետականության վերջնական կորուստը: Արցախում գտնվողները տեսնում էին, որ Ջրականը չկա, բայց ասվում էր՝ իբր մարտերն այնտեղ են ընթանում: Սա ոչ թե ոգևորեց, այլ ճակատում ավելի մեծացրեց անվստահությունը ղեկավարության հանդեպ»:

ՀՅԴ ԳՄ անդամի պնդմամբ՝ հադրութցիներն այնքան վստահ են եղել պաշտոնական լրատվության վրա, որ կարծել են, թե մի քանի ժամից վերադառնալու են, իրենց ունեցվածքը թողել են քաղաքում: «Հադրութցիներին, շուշեցիներին ոգևորող, լույս վառող չկա: Այս իշխանությունն Արցախի մասին որևէ խոսք այլևս չի ասում, նրանց համար Արցախի էջը փակված է, եթե դրա հետ համակերպվենք, Հայաստանի կորուստը հեռու չէ: Ի հեճուկս այս իշխանությունների՝ Արցախը պետք է ունենա իր Պաշտպանության բանակը,Արցախի իշխանությունն էլ պետք է ոչ թե այսօրվա պես կախյալ լինի, այլ իր ինքնուրույնությունն ունենա»,- ամփոփել է Տարոն Տոնոյանը: