կարևոր
547 դիտում, 50 րոպե առաջ - 2026-09-12 12:49
Հասարակություն

Միասնական աղոթք՝ Հայոց Եկեղեցու և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար

Միասնական աղոթք՝ Հայոց Եկեղեցու և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, հոգևորականներն ու ուխտավոր հայորդիներ այս շաբաթ աղոթքի էին մեկտեղվել Սասունիկ համայնքում վեր խոյացող Սուրբ Խաչ եկեղեցական համալիրում, միասնաբար աղոթելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Տիրոջ նախախնամությամբ Խաչվերացին նախընթաց այս ժամռրգությունը տեղի ունեցավ այս եկեղեցում, որ Սուրբ Խաչ պետք է կոչվի:

Ժամերգության ընթացքում իր խոսքն հավատացյալների ուղղելով, Աշտարակի հովվության հոգևոր հովիվ ՝Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանն հորդորեց կյանքում ծառացած բոլոր փորձություններն ու դժվարությունների ժամանակ ապավինել Սուրբ Խաչին և հավելեց. ««Տիրոջ նախախնամությամբ է, որ այսօր այստեղ ենք՝ այս սրբավայրում, որը պիտի կոչվի Սուրբ Խաչ։

Այս մեկ տարվա մեր աղոթքների ընթացքում սա առաջին եկեղեցին է, որը ոչ թե խոնարհված է կամ կանգուն, այլ վեր է հառնում:

Այս փորձությունների միջով ևս պիտի անցնենք և հաղթանակած դուրս գանք՝ Սուրբ Խաչի զորությամբ ու Տիրոջ անսահման ողորմությամբ»:

Այնուհետև Տեր Հայրը, հանձինս բոլոր ներկաների, Սուրբ Խաչին նվիրված զորավոր աղոթք բարձրացրեց առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու պահապանությունը:

Եկեղեցական համալիրը կառուցվում է Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների բարերարությամբ:

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցում։