կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 20:43
Քաղաքական

Դալեսի ծրագիրը

Դալեսի ծրագիրը
Տարիներ առաջ մի տեքստ էր մամուլում շրջանառվում, որի հեղինակությունը վերագրվում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA, ЦРУ) տնօրեն Ալեն Դալեսին: Տեքստի բնօրինակը ոչ ոք չի տեսել, որևէ հավաստի աղբյուրի մասին որևէ մեկը չի նշում: Փոխարենը, կան գեղարվեստական գրական ստեղծագործություններ, որտեղ «Դալեսի ծրագիրը» ներկայացնում են տարբեր «հակասովետական տարրեր»: Ծրագիրն, իբրև թե, վերաբերվում էր Սովետի քայքայման մեթոդաբանությանը:
 
Երևի կարևոր էլ չէ, թե ով է մշակել այդ ծրագիրը: Ով էլ, որ արած լիներ, այն շատ արդյունավետ դուրս եկավ ու շատ հաջող կիրառվեց Սովետի դեմ: Բայց դարդս Սովետը չի, երբեք Սովետի սիրահարը չեմ եղել, չնայած երբեք չեմ ուրացել Սովետի 70 տարիների ընթացքում մեր ազգի ձեռքբերումները:
 
Վերջերս հաճախ եմ սկսել հիշել այդ ծրագիրը, մանավանդ երբ մտածում էի, թե ինչպես հասանք «էս օրվան»: Մեր դեմ գործեց «Դալեսի ծրագիրը», նույնիսկ եթե Ալեն Դալեսը դրա մասին չգիտեր... Տեքստի մեջ «բոլշևիզմը» փոխարինեք ազգայնականությամբ ու տեսեք ինչ կստացվի: Համեմատեք թավշյա հեղափոխության հետ:
 
«Մենք քաոս կսերմանենք: Աննկատ կերպով կփոխարինենք նրանց արժեքները կեղծ արժեքներով ու կստիպենք հավատալ կեղծ արժեքներին: (...) կմարենք նրանց ինքնագիտակցությունը (...): Մենք համախոհներ ու դաշնակիցներ կգտնենք հենց Հայաստանում: Արմատախիլ կանենք ազգայնականության/պետականության հոգևոր արմատները («ռուսերեն բնօրինակում»՝ духовные корни большевизма), կգռեհկացնենք ու կոչնչացնենք ժողովրդական բարոյականության գլխավոր հիմքերը: Մենք սերունդների միջից կհանենք ազգայնականությանը հավատամքը («ռուսերեն բնօրինակում»՝ ленинский фанатизм): Մենք նրանցով կզբաղվենք մանկական, պատանեկան տարիներից, շեշտը կդնենք երիտասարդության վրա, կբարոյազրկենք, կապականենք ու կայլանդակենք նրանց: (...): Մենք նրանց կվերածենք ցինիկների, սանձարձակների ու կոսմոպոլիտների»:
 
Ես, իհարկե, համաձայն չեմ, որ իրենք կարողացան ապականել մեր երիտասարդությունը, բայց որ հայրենասեր ու անձնազոհ երիտասարդների կողքին ունենք ռաբիզ գյադեք ու «զարգացած» կոսմոպոլիտների, ովքեր օտար կուռքերի են պաշտում՝ փաստ է: Փաստ է նաև, որ գույնզգույն թավշա տիկնիկավարները կարողացան ազգայնականությունը փոխարինել պացիֆիզմով ու կոսմոպոլիտիզմով: Դա արեցին տարիների քրտնաջան աշխատանքով, վարկաբեկելով ամեն ազգայինը՝ ազգային գաղափարախոսությունը, հավատքը, ավանդույթները, հաղթանակները... Հիշե՛ք. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ փիլիսոփայական կատեգորիա է», «Ազատամարտ եք արել, որ թալանով զբաղվե՞ք», «Ինչո՞ւ 2 կաթողիկոս ունենք, որ մի հատ էլ պահանջեն Փաշինյանի հրաժարականը»: Ու հիմա զարմանու՞մ եք, որ պատգամավորը կոչ է անում մոռանալ անցյալը, չքննարկել Շուշիի պատկանելիությունն ու նայել ապագային, իսկ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առևտրի զարգացման հետ:
 
 
Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ