Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգի գոյության հիմքը երեք փղերն են, որոնց վրա հենվում է՝ կրոնը, լեզուն, կրթությունը՝ Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի դիրքորոշում հայտնեց գեղանկարիչ, քանդակագործ, մանկավարժ Ռոբերտ Մինասյանը։
Նա նշեց, որ այս երեքին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել։ Ազգը քայքայելուն և կործանելուն հասնում են նաև այս երեքին հարվածելով։
«Ամեն ինչ շաղկապված է։ Դա էլ է քաղաքականություն, դա ազգային քաղաքականություն է, ամենակարևոր խնդիրներից է։ Սովետական Միության այդ քաղաքականության զոհերից մեկն էլ ես եմ։ Վրաստանում ամեն ինչ արվում էր, որ մեզ արտաքսեն, ամենաահավոր վիճակում հայկական դպրոցներն էին այնտեղ, բոլոր պատնեշները ստեղծում էին, որ քիչ աշակերտ գնա և փակվեն։ Շատ հազվագյուտ վրացիներ կտեսնեիք, որ ռուսական դպրոցում էին սովորում, բայց ռուսական դպրոցների աշակերտների 70 տոկոսը հայեր էին»,-ասաց Ռոբերտ Մինասյանը։
Նա ծնունդով Վրաստանի մայրաքաղաքից է։ 16 տարեկան էր, երբ ընտանիքով Հայաստան տեղափոխվեցին։ Պատմական հայրենիքը հենց այն տեղն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ։ Պետականության արժեքը արվեստագետը գիտի իր կյանքի օրինակով։
«Եթե չունենաս անկախ պետություն, հակառակ դեպքում, ինչի՞ համար ես դու պետք, ո՞ւմ ես դու պետք։ Օտար երկրում՝ Թիֆլիսում, ես ապրել եմ 16 տարի, բայց իմ ծնողները այնտեղ ծնվել, մեծացել են, հայրս 48 տարեկան էր, որ մենք տեղափոխվեցինք ու այդ տեղափոխվելը մեզ մոտ ոչ թե տարերային բնույթ էր կրում, պատահականություն չէր, դա մտածված էր, հայրս միշտ ասում էր՝ երեխեքս մեծանան, ես անպայման պետք է տեղափոխվեմ հայրենիք։ Ու այդ հայրենասիրությունը մեզ մոտ ծնողներից է գալիս։ Ես գտնում եմ, որ եթե դու կոսմոպոլիտ ես քո էությամբ, ընդհանրապես ազգության մասին խոսելը այդ դեպքում ավելորդ է։ Յուրաքանչյուր մարդ, իհարկե, բայց մանավանդ արվեստագետը պետք է լինի հայրենասեր։ Պետք է լինի հայրենասեր, որովհետև ինքը ազգի առաջավորներից է։ Արվեստագետը այն դիրքում պետք է գտնվի, որ հայրենասիրությունը լինի առաջինը»,-համոզված է Ռոբերտ Մինասյանը։
Հենց այդ հայրենիքի պաշտպանության համար էլ քանդակագործը Արցախ մեկնեց 1990-ականներին։ Մարտակերտի շրջանում մարտերի ժամանակ վիրավորվեց ողնաշարից ու ոտքից։
«Այն ժամանակ մենք մեզ հաղթող էինք զգում։ Նույնիսկ այդպես վիրավոր ես հազիվ փայտով ման էի գալիս, բայց գլուխս բարձր էի պահում։ Ցավոք սրտի, հիմա ես դա չեմ կարող ասել»,-ասաց Ռոբեևտ Մինասյանը։
Ինչո՞ւ կորցրեցինք հաղթանակն ու հաղթողի ոգին․ արվեստագետը աշխարհաքաղաքական պլանավորված գործողություններ է տեսնում։
Մերօրյա իրականությունը պատկերել է էսքիզով․ կոչվում է «Եվրոպայի առևանգումը»՝ ցուլ է՝ կոտոշները կիսալուսնի տեսքով, փախցնում է Եվրոպային, որի ձեռքերը կապված են, բերանն ու աչքերը՝ նույնպես։
«Ես այդպես եմ բնութագրում այն, ինչ կատարվեց»,-նշեց նա։
Երկրի ներկա ղեկավարը, նրա կարծիքով, այսպես թե այնպես գնալու է։
«Ես այն գլխից էլ ասել եմ, որ ինքը դիվանագետ չէ, իսկ երկրի ղեկավարը, իհարկե, առաջին հերթին պետք է դիվանագետ լինի»,-ասաց Ռոբերտ Մինասյանը։
Հայագիտական առարկաների հանումը կրթական համակարգից, նրա համոզմամբ, միայն ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Հայեցի դաստիարակությունը ազգի գոյության երաշխիքն է։
«Ես ինքս, ցավոք սրտի, ռուսական կրթություն ունեմ, բայց միշտ եղել եմ կողմնակիցը հայոց լեզվի, պատմության, նրա, ինչ կարևոր է ազգի համար։ Առանց մայրենի լեզվի ո՞նց կարելի է ինչ-որ ծրագրեր իրագործել, ազգային ծրագրեր ունենալ։ Առաջին հերթին պետք է լինի մեր լեզուն, կրթությունը։ Ոչ թե սահմանափակենք, վերացնենք, փոխարինենք, այլ լրացնենք ու զարգացնենք։ Այնինչ դասագրքերը հատուկ ավելի պրիմիտիվացնում են, փոխանակ ընդհակառակը ավելի զարգացնեն այդ դասագրքերը, որ աշակերտը լիարժեք կրթություն ստանա»,-ասաց նա։
Ազգայինը տարածելու միջոց կարող էին լինել սերիալները, այնինչ մեր հեռուստաընկերությունները ձեռք են բերում ամենաէժանները, որ հնդկականն ու բրազիլականն են և անհասկանալի է՝ մեզ հետ ի՞նչ կապ ունեն դրանք։ Մեր տեղական սերիալները նայելիս՝ Ռոբերտ Մինասյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ իտալական մաֆիային տվել, անցել ենք։
«Հա՛, էլի՛ թող գումար վաստակի դերասանը, բայց ոչ թե մաֆիոզի դեր խաղա, այլ, ասենք թե, մեր պատմության հիման վրա սերիալ թող ստեղծեն, թող էդտեղ խաղա»,-նշեց նա։
Կրթության հարցը Ռոբերտ Մինասյանը համարում է ամենացավոտներից։ Ասում է՝ մասնագետների պակաս միշտ էլ եղել է, բայց իրեն անհանգստացնում է, որ հիմիկվա երիտասարդ մանկավարժները իրենց վրա չեն աշխատում, չեն կրթվում։ Բուհերում, ասում է, արմատական փոփոխությունների կարիք կա։
Մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն իրենց ազգի պատմությունն են հորինում, այլև մանկապարտեզից սկսած քարոզում են հայատյացություն ու իրենց երկրների ընդարձակում։ Միջազգային հարթակում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մի դրվագի ականատես է եղել Ռոբերտ Մինասյանը։
«2011 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր խաչքարի տարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքում հայկական խաչքարերի մեծ ցուցահանդես տեղի ունեցավ՝ ֆոտոցուցահանդես, որի ֆոտոների մեծ մասի հեղինակը լուսահոգի Զավեն Սարգսյանն էր։ Մեր մշակույթի նախարարությունը ինձ հրավիրել էր, որ այնտեղ տեղում խաչքար տաշեի տուֆից որպես օրինակ, որ ցուցահանդես եկողները տեսնեին՝ ինչպես է կատարվում այդ աշխատանքը։ Թուրքերը մի մեծ աղմուկ բարձրացրին, իբր՝ ցուցադրված ահագին մեծ քանակությամբ խաչքարեր գտնվում են ներկա Թուրքիայի՝ մեր Արևմտյան Հայաստանի տարածքում։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բուլղարացի տնօրենը եկավ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը հանեց, տարավ և ստիպեց, որ այդ բոլոր խաչքարերի վերնագրերը հանեն։ Փաստորեն, անանուն ցուցահանդես դարձավ, ոչ մի խաչքարի տակ անուն չկար, որովհետև ամեն տարի Թուրքիան հսկայական գումարներ է հանգանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և հասան դրան։ Տիկին Մեհրիբան Ալիևան տնօրենի ընկերուհին է, ասում են։ Ամեն ինչ դարձել է քաղաքականություն և փող, ու մենք այդ պայմաններում պետք է դիմակայենք այդ ամեն ինչին»,-պատմեց նա։
Ռոբերտ Մինասյանը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ազգային քաղաքացիական դիրքորոշում ունենա։ Նրա աշխատանքներում այդ ազգայինը ընդգծված է՝ Կոմիտասը ծառի տեսքով արմատներով կպած հողին, ձեռքերին՝ կռունկներ, որ, իբրև Սփյուռքի խորհրդանիշ, տարածվում են աշխարհով մեկ, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի կիսանդրին, արագիլներ և այլն։
Արվեստագետը իր ստեղծագործություններով ամեն կերպ աշխատում է ապացուցել, որ «ողնաշար» կոչվածը ամենաառաջնայինն է, ամենակարևորն է։
Նրա համար ծանր է, որ ծովից ծով Հայաստանը դարձել է քարտեզի վրա մի կետ, նայում է մեր պատմությանը՝ դավաճանությունների պատմություն է։ «Ինչքա՞ն կարելի է, մենք վաղուց պետք է խելքի գայինք»,-ասում է Ռոբերտ Մինասյանը։
Աննա Բալյան