կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 17:38
Քաղաքական

Արցախի հետագա ճակատագիրը սեպտեմբերյան պատերազմից հետո

Արցախի հետագա ճակատագիրը սեպտեմբերյան պատերազմից հետո

Մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանը նպատակադրված, համառորեն ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը, և երբեք չի խորշել պատեհ պահն ու առիթն օգտագործելուց այդ նպատակին հասնելու համար։ Եվ դա, ցավոք, իրականացնում է ցանկացած գնով՝ իրենից խիստ կախման մեջ գցելով իր «զոհ(եր)ին» (էներգակիրների փականով, «բնական» աղետներով, դավաճանական քայլով և ագրեսիայով), ինչին երկար տարիներ (սկսած 20-րդ դարի սկզբից) «զոհ» ենք դարձել և՝ մենք։

Իհարկե, Մոսկվան երկար սպասեց այն օրվան, երբ ավելի մեծ և հզոր ռազմաբազա պետք է ունենար մեր տարածաշրջանում (չհաշված Գյումրիի ոչ մեծ կայազորը)։ Եվ ահա, վերջապես Մոսկվային «ժպտաց» այդ  շանսը, առիթն ու պահը, ինչից անհապաղ օգտվեց և գերազանցորեն  օգտագործեց իր նպատակին հասնելու համար։ Մոսկվայի և Անկարայի սադրանքներով հրահրված, Ադրբեջանի նախագահ Ալիևն Անկարայի աջակցությամբ և նրա ժամանակակից   ռազմուժի օգնությամբ նոր, լայնամասշտաբ ագրեսիա իրականացրեց  Արցախի դեմ։

Կարծում եմ՝ մինչ  իր կողմից պատերազմի սկսելը, Ալիևը դեռևս չէր պատկերացնում և չէր էլ կռահում, որ Մոսկվան իր կանխամտածված, հեռահար նպատակներով, խորամանկ ու թաքնված քայլերի շնորհիվ, խելամիտ ռազմավարական գործունեությամբ, ի չիք էր դարձնելու իր (Ալիևի) «պանծալի հաղթանակը» հայերի նկատմամբ, որի ավարտը, թերևս, նշանավորվելու էր «Էրիվանի» գայթակղիչ պաշարմամբ։ Երազանք, որն այդպես էլ չիրականացավ։   

Հայկական կողմը պատրաստ չլինելով՝ պատշաճ կարգով և կազմակերպված դիմակայելու (գուցե և՝ միտումնավոր) թշնամու մեծաքանակ, ժամանակակից և հզոր զինուժին, հազարավոր զոհեր տալով, ցավալի պարտություն կրեց։ Մոսկվայի հմուտ միջամտությամբ  պատերազմը դադարեցվեց, ինչի արդյունքում, նա մեր տարածաշրջանում, առանց մեծ ջանք ներդնելու, ընդամենը օրերի ընթացքում ձեռք բերեց բավականին մեծ տարածքով հզոր ռազմաբազա (խաղաղապահ զորախմբի անվան տակ), այսօր արդեն «բզկտված» Արցախի՝ դեռևս նախկինում զբաղեցրած նրա ողջ տարածքի մոտ քառորդ մասում, ինչպես նաև՝ Քելբաջարի և Լաչինի շրջաններում, առաջիկա  հինգ տարվա ժամկետով (գուցե և՝ անժամկետ)։

Այսպիսով, Մոսկվան հասավ իր նպատակին՝ կայուն, երկարատև և ամուր «գրանցվելով» Անդրկովկասում, ակնկալելով հետագայում էլ ավելի մեծացնել իր տնտեսական, քաղաքական ազդեցությունը այս տարածքի երկրների վրա, որոնք մշտապես ձգտել են ապրել ազատ և անկախ։ Դրան էր ձգտում և Արցախը, չցանկանալով ընկնել հզոր և ռազմատենչ երկրների «ոտքի տակ», ներկայիս խիստ լարված միջազգային անկանխատեսելի և պայթունավտանգ իրավիճակում, առավել ևս, երբ դարերով ապրել է ոխերիմ թշնամու հարևնությամբ։

Եթե Մոսկվան իրոք 5 տարվա ընթացքում դուրս չի բերելու իր զորքը Արցախից, ապա կարծում եմ, որ  նա, այնուամենայնիվ, իր իսկ շահերից ելնելով, շուտով կճանաչի Արցախի անկախությունը, ինչը շատ մեծ խանդավառությամբ և երախտապարտությամբ կընդունվի բոլոր արցախցիների կողմից։ Մոսկվայի այդ քայլին անմիջապես կհետևի Ֆրանսիան՝ դրանով իսկ բերելով Մինսկի տխրահռչակ խմբի բնական և օրինական լուծարմանը։ Մոսկվայի հաջորդ քայլը կլինի՝ 1921-ի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշման չեղարկումը, Արցախի այն ժամանակվա սահմաններով (մոտ 4,4 հազար  քկմ), և Ադրբեջանի կազմում ներկայումս մնացած հայկական պատմական շրջանները (Շահումյանի, Գանձակի և այլն)։ Չի բացառվում, որ դրան ավելանա Քելբաջարի շրջանը, քանզի նախագահ Պուտինը, օրերս արցախյան իրադարձությունների հետ կապված հաղորդման ժամանակ զարմանքով հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ է հայկական կողմը բանակցություններում այդպես հանգիստ համաձայնվել, որ Քելբաջարի շրջանը նույնպես ընդգրկվի ազատագրված կամ օկուպացված տարածքների ցուցակի մեջ»։ Արդյո՞ք սա ակնարկ չէ Մոսկվայի կողմից՝այդ շրջանի ընդգրկումն Արցախի տարածք, որի շնորհիվ, ոչ փոքր չափով կմեծանա նրա տարածքը, և իր թիկունքի ոչ փոքր մասով կմիանա Հայաստանին, ավելի ամրապնդելով Արցախի և Հայաստանի փոխկապվածությունը բոլոր առումներով, այդ թվում և՝ ապահովելով նրա անվտանգ, բազմաթիվ ուղղություններով և ուղիներով (գուցե և՝ երկաթգծով) կապը՝  Հայաստանի հետ։ 

Կարծում եմ, Մոսկվան (նույն՝ իր շահերից ելնելով) Արցախում կտեղադրի չափից ավելի խաղաղապահ զորախումբ, որի ներկայությունը կթևավորի, «թև ու թիկունք» կլինի Արցախին։

Շատ ենք ուզում, որ Արցախը լիներ անկախ և ազատ։ Այսօր նա հերթական, մեծ աղետից է  փրկվել՝ ֆիզիկական բնաջնջումից։ Հուսանք, որ Արցախի ժողովուրդն այսուհետ իր երկրում միշտ կապրի անվտանգ ու ապահով, և իր բարեբեր հողում շատ կարճ ժամկետում և մեծ տեմպերով կզարգանա ու կբարգավաճի։ Կապրի առանց վախի, վաղվա օրվա տագնապի։ Նա իրեն կձգի շատ սփյուռքահայերի, ովքեր երազում են վերադառնասլ իրենց հարազատ՝ արդեն հետագայում, տարերային աղետներից՝ ցեղասպանությունից փրկված երկիրը։

Հուսանք նաև, որ այն հզոր «սեպը» (Հայաստանը), որը մինչ օրս ամուր «մխրճված» է «Մեծ Թուրանի» իրականացման ճանապարհին, շուտով, Արցախի տարածքի հետ, ընդմիշտ կփոխարկվի մի մեծ, անառիկ և «պատնեշապատ» տարածքի, որն ավելի մեծ հեռավորության վրա կպահի Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանցից։ Չի բացառվում, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս անդրադառնա  նաև Նախիջևանի հարցին…     

Շարունակելով բուն միտքը, ասենք որ, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական և ակնհայտ օգնությամբ, որն այսօր իր տնտեսական և ռազմական հզորությամբ չի զիջում Մոսկվային  (Թուրքիայի պնդմամբ), ոչ մեծ դժվարությամբ կարող էր գրավել ողջ Արցախն ու  Հայաստանի որոշ տարածքները, եթե պատերազմին  «չմիջամտեր» Մոսկվան, որն իբր իրավունք չուներ «միջամտելու» (խաղաղապահ զորք մտցնելու կռվի բաժանարար գոտի, կռվի դադարեցումից հետո), առանց պատերազմող կողմերի պաշտոնական համաձայնության։

Այսինքն՝ գալիս ենք եզրակացության (կամ համոզման), որ մենք նախօրոք խոստացել ենք Մոսկվային, որ ամեն դեպքում (կհաղթենք, թե կպարտվենք), համաձայն ենք, պատերազմի կրիտիկական պահին,նրա պարտադրած և երաշխավորված միջամտությանը (դադարեցման  առաջարկութանը) և ապա, նրա (Մոսկվայի) խաղաղարար զորքի մուտքին բաժանարար գոտի։

Գուցե, սա է եղել մեր միակ գաղտնի պայմանավորվածությունը Մոսկվայի հետ։ Հակառակ պարագայում մենք (100%-ով) դատապարտված էինք, անխուսափելիորեն և անվերադարձ կորցնելու Արցախը, քանզի Ադրբեջանի (Թուրքիայի օգնությամբ) հարձակումն Արցախի դեմ անբեկանելի էր։ Սակայն Մոսկվայի համար առաջնահերթն ու կարևորը Ադրբեջանի համաձայնությունն էր, առանց որի Մոսկվան չեր կարող խաղաղապահ զորախումբ մտցնել բաժանարար գոտի։ Դա էր Ալիևի հաղթաթուղթը, որով նա մինչև  պատերազմի վերջին պահը քանիցս հրաժարվեց դրանից, համոզված լինելով, որ գրավելու է ողջ Արցախը, առանց  Մոսկվայի ռազմնական օգնության Արցախին, և երբեք համաձայնություն չի տա՝ Ռուսական խաղաղապահ զորքի մուտքը իր (ենթադրյալ) տարածք։ Սակայն այդ «օրհասական» պահին Մոսկվային (ինչպես մեզ) «օգնեց» Ռուսական ուղղաթիռի «պատահական» ռմբակոծումը մեր սահմանի վրա իր անձնակազմով, որը, թերևս, Մոսկվան, ինչ-որ ծանրակշիռ հիմնավորմամբ (գուցե սպառնալով, որ կօգնի հայերին պատերազմի դաշտում) ստիպեց Ալիևին, վերջապես ընդունելու առաջարկված ռազմադադարը և համաձայնվել խաղաղապահ զորքի մուտքն բաժանարար գոտի, որով և՝ սկիզբ դրվեց Ալիևի հետագա պարտությունների «շարանին», ինչում նրան երբեք չի ների Էրդողանը։ Այսպիսով, այս պատերազմից դուրս գալու, այն կանգնացնելու միակ ելքը նրա դադարեցումն էր, որով և վերջնականապես փրկվեց Արցախը։   

Իրոք, Փաշինյանն «անգնահատելի» մեծ ծառայություն մատուցեց Մոսկվային (գուցե և  փրկեց Արցախը)՝ ոչ միայն թույլ տալով նրան խաղաղապահ զորք մտցնել Արցախի տարածք և տեղաբաշխել կռվի բաժանարար գոտում, այլև դրանով Արցախն ամբողջությամբ (հուսանք՝ ժամանակավոր) «նվիրաբերեց» Ռուսաստանին։ Եվ այսօր նա Պուտինից ակնկալում է համապատասխան  քայլ՝ պաշտպանելու իրեն, երկարաձգելու  իր իշխանությունը։

                                                                                                         Սերգեյ  Հաջինյան