Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Վարչապետի թատերականացված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը բացահայտեց իր մտադրություններից առանցքայինը՝ դարձնել դատական համակարգը ձեռնասուն, ունենալ միայն իր կամքը կատարող դատարան։ Թե չէ, ո՞վ է տեսել, դատարանները ապօրինի են ճանաչում իր հրահանգներով տեղի ունեցող ձերբակալություններն, իսկ կալանքի միջնորդությունները մերժում են։ «Դատարական համակարգը պսևդոէլիտայի մասն է դարձել», անհանգստանում է Փաշինյանը։
Եվ այստեղ թատերական բեմադրության հաջորդ ակտն է. Պետրոսն «անկեղծորեն» զարմանում է. «Նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է»։ Ստացվում է, որ ընտրությունների համար առաջնահերթ գործոնները՝ ընտրական օրեսնգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, որոնք վաղուց արդեն պետք է փոփոխված լինեին, և որոնց փոփոխությունների խոստումներով է Նիկոլը եկել իշխանության, նվազ կարևորություն ունեն, քան Նիկոլին չենթարկվող դատարանը։ Որովհետև Նիկոլին չենթարկվող դատարանով հնարավոր չի լինելու ապահովել այն արդյունքները, որ ուզում են ստանալ այս պահին Հայաստանի համար վտանգավոր արտահերթ ընտրություններով։
«Եկեք որոշենք, դատարանի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։»։ Սա է Նիկոլի նոր, փայլուն գաղափարը։ Այնպես, ինչպես երկու տարի շարունակ լուծել էինք ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, Դատախազության հարցերը։ Երկուսուկես տարի Փաշինյանը բացահայտ և հետևողականորեն պայքարում էր դատական համակարգը ենթարկեցնելու ուղղությամբ։ Ստեղծել էր առանձին ենթակա դատավորների համակարգը։ Հիմա հերթն ամբողջ դատարանինն է։
Մի մարդ, ով իրեն հռչակել էր երկրի անվտանգության երաշխավոր և երկրի անվտանգությունը հասցրեց զրոյի, այժմ ուզում է արդարադատության և ընտրությունների երաշխավոր դառնալ։ Որպեսզի փառահեղ տապալի նաև այս երկու ոլորտները։ Վերածի դատարանները բացառապես սեփական շահերի համար օգտագործվող համակարգի, որ հանկարծ էլ չհամարձակվեն ապօրինի ճանաչել իր անօրինական հրահանգների արդյունքում իրավապահների կողմից կայացվող որոշումներն ու գործողությունները, այլ անվերապահորեն ենթարկվեն միայն իրեն։ Մյուս կողմից ունենա երաշխիք, որ ընտրությունների արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Դե թող մեկն ու մեկը փորձի դիմել դատարան։
Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել ընտրական ազատ գործընթացի երաշխավորը։ Չի կարող ընտրություն անցկացվել մի մարդու օրոք, ով երկիրը հասցրել է անվտանգության, քաղաքական, տնտեսական ճգնաժամի, ով ամեն կերպ ձգտում է ենթարկեցնել բոլոր կառույցները, որպեսզի ապահովի իր համար ցանկալի արդյունքները։ Դա Հայաստանի համար կլինի հերթական ցնցումը, դա երկրում կմտցնի քաոս՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։
Իսկ հիմա հարցեր, որոնք պետք է հնչեին հարցազրույցին.
1. Մերժելով բանակցությունների քսանամյա պատմությունը՝ դուք պրոցեսը տարաք փակուղի։ Արել եք դա միտումնավո՞ր, թե՞ առանց հասկանալու։
2. Բանակցությունները զրո կետից սկսելու ձեր որոշումն ուղիղ ճանապարհ էր դեպի պատերազմ։ Դա նույնպես գիտակցաբա՞ր էր։
3. Ինչո՞ւ չդիմեցիք ՀԱՊԿ, այն դեպքում, որ վերջին հրապարակված փաստաթղթից ուղղակի պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ից ամենաբարձր մակարդակով զգուշացրել են պատերազմի մասին, ավելին, հուշել, թե ինչ պետք է անել աղետից խուսափելու համար։
4. Ինչո՞ւ պատերազմի մեկնարկից ի վեր չեք օգտվել այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորությունից։
5. Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին չեք համաձայնել դադարեցնել պատերազմը։
Գիտակցո՞ւմ եք, որ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ և նվազ տարածքային կորուստներ։
6. Հասկանո՞ւմ եք, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերի, վիրավորների և անհետ կորածների պատասխանատվությունն ու մեղավորությունն ամբողջությամբ դուք եք կրում։
7. Դուք պսևդոէլիտա որակումն եք տալիս երկրի ողջ մտավոր ներուժին, որը ձեզ դեմ է և ձեր հրաժարականն է պահանջում։ Հասկանու՞մ եք, որ երկրի ապագա էլիտան մնաց ռազմի դաշտում կամ ծանր վիրավորված՝ հիվանդանոցներում է։
8. Հասկանու՞մ եք, որ այս ամենից հետո դուք չեք կարող բանակցել Հայաստանի անունից, իսկ Հայաստանն ունի բանակցությունների մեծ անհրաժեշտություն։
9. Հասկանու՞մ եք, որ ձեր հրաժարական չտալը լարում է ներքաղաքական իրավիճակը և հարվածի տակ դնում ձեր իսկ թիմակիցներին։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ