Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկարողացա չգրել
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թյուրընկալումները։
Նախ՝ կա՞ արդյոք ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտություն։ Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որից՝ 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:Թվերը և բռնության ծանրությունը խոսում են իրենց մասին։ Հետևաբար, ընտանեկան բռնության կանխարգելումը, այդ նպատակով էլեկտրոնային համակարգի ներդնումը չի կարող համարվել նվազ կարևոր, քան որևէ այլ հանցակազմ։ Սա այն դեպքերից է, երբ օրենքը միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չէ, այլ ավելի շատ կանխարգելման:
Վստահ եմ իրականությունը շատ ավելի մռայլ ու տագնապալից է, քան այս թվերով ստացվող պատկերը։Սա խնդիր է, որ կարիք ունի ամենօրյա պայքարի, ժամանակակից աշխարհին հասանելի բոլոր միջոցներով։ Սա այն խնդիրն է, որ պահաջում է համատեղ ջանք՝ պետության, քաղաքացիական հասարակության, կրթական համակարգի, զլմ-ների և շատ ուրիշների։ Եվ վերջապես, սա այն խնդիրն է, որը կատեգորիկ մերժում է սիրողական կամ գավառական վերաբերմունքը։
Նույնիսկ այս խորհրդարանը պարտավոր էր ավելի մեծ լրջությամբ քննարկել հարցը։
ԱԺ ամբիոնից հնչել է նաև տարօրինակ ձևակերպում, թե ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են և մտածելակերպը, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները, մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները։
Հանգիստ թողեք մեր ավանդույթները։ Ընտանեկան բռնությունը շատ բարդ, խորքային թեմա է։
Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներ են պայքարում ընտանեկան բռնության դեմ և ունեն լուրջ խնդիրներ։ Ուրեմն, այդ երկրներին է՞լ է բնորոշ բռնության մեր ավանդույթն ու մշակույթը։ Բռնությունը բնորոշ է ոչ թե հայկական ավանդույթներին, այլ առանձին ընտանիքների, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Մեր ավանդույթների և մտածելակերպի վերաբերյալ պատկերացումներն են, որ դիտավորյալ աղավաղվում են: Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:
Եվս մեկ անգամ շեշտում եմ. Սա բարդ ու բազմաշերտ թեմա է, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։ Հիշեք՝ ընտանեկան բռնությունը որևէ պարագայում չունի արդարացում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ