կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 23:38
Հասարակություն

Հաքերները հարձակվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա, գողացվել են պատվաստանյութերի մասին տվյալներ

Հաքերները հարձակվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա, գողացվել են պատվաստանյութերի մասին տվյալներ

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), որը ներկայումս ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ արտակարգ պատվաստումների հայտերը, ենթարկվել է հաքերային գրոհի: Pfizer-ը եւ BioNTech-ը հաղորդել են, որ գողացել են իրենց կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի հետ կապված փաստաթղթերը: EMA-ի մամլո հաղորդագրության մեջ չի նշվում, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, եւ ինչ տվյալներ կարող էին գողացվել, հաղորդում է RFI-ը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը ներկայումս գնահատում է պատվաստանյութերը, որը մշակվել է Pfizer-ի եւ BioNTech-ի դաշինքի եւ Moderna-ի կողմից` ԵՄ-ում դրանց օգտագործմանը արտակարգ հավանություն տալու համար:

BioNTech կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, թե EMA-ն իրենց տեղեկացրել է, որ հաքերները ապօրինի հասանելիություն են ստացել Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի հաստատման հետ կապված որոշ փաստաթղթերին: Նշվում է, որ այս միջադեպի հետ կապված Pfizer-ի եւ BioNTech-ի ոչ մի համակարգ չեն կոտրել: Ընկերությունում չգիտեն՝ արդյո՞ք հարձակվողները կլինիկական փորձարկման մասնակիցների մասին անձնական տվյալներ են ձեռք բերել: Pfizer-ը նաեւ հաստատել է, որ եվրոպական կարգավորող մարմին ներկայացրած որոշ փաստաթղթեր գողացել են, հաղորդում է Bloomberg-ը:

Եվրոպական գործակալությունը պատվաստանյութեր մշակողներին վստահեցրել է, որ հաքերային հարձակումը չի ազդի նրանց հայտի ժամկետի վրա: Ընկերություններն իրենք EMA-ից սպասում են կիբեռհարձակման մասին լրացուցիչ տեղեկատվության:

Դեռ հայտնի չէ, թե առնչվել է արդյոք կիբեռհարձակումը Moderna-ի պատվաստանյութի փաստաթղթերին:

Pfizer-ի եւ BioNTech-ի դեղամիջոցն արդեն հաստատվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ երեքշաբթի սկսվել են համընդհանուր պատվաստումները: Եվրամիությունն արդեն պատվիրել է Pfizer-ի եւ BioNTech-ի 300 միլիոն դոզա եւ Moderna-ի 160 միլիոն դոզա պատվաստանյութ: EMA-ն գնահատում է նաեւ այն պատվաստանյութը, որը մշակվել է AstraZeneca-ի կողմից` Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:

Դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած Դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա հաքերային հարձակման հետեւում: Համավարակի ընթացքում առողջապահական հաստատությունների եւ բժշկական կազմակերպությունների դեմ կիբեռհարձակումները հաճախացել են: Համապատասխան տեղեկությունները որոնվում են կբեռհանցագործների՝ ինչպես անհատ հաքերների, այնպես էլ պետության կողմից աջակցվող հետախուզական ծառայությունների կողմից: