Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը մեկնաբանությամբ ողջունել է նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։
«Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։
Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել»,- նշված է մեկնաբանության մեջ։