կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 23:12
Քաղաքական

Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանն է դիմել Բաքվի և Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչով

Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանն է դիմել Բաքվի և Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչով

Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։

Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ.

«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո,

 -արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,

 -արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,

 -արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,

 -արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,

կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։

Կոչի շրջանակներում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և, բարի կամքից ելնելով, բանակցել»։