կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 18:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստծո սիրույն, գնա՛․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի թիմը չի գիտակցում, թե ինչ ենք կորցրել, միգուցե իրենք չեն էլ կորցրել, որովհետև իրենցը չի եղել. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ՝ Արցախը հանձնելու որոշման դեմ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նա նշեց, որ հայ ժողովուրդն ապրում է այդ կորստով։

«Թերևս պատահական չէ, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը սրտի կաթված է ստացել։ Որովհետև ով-ով՝ Պարգև սրբազանն է, որ գիտի՝ ինչ է կորցրել, որ 1992 թ. մայիսի 8-ին արտասվելով աղոթք էր կարդում Ղազանչեցոցում, որ ամեն նորոգվող տան հետ և մանուկի ծնունդով ուրախանում էր»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ Պարգև սրբազանն էր, որ հասկանում էր՝ ինչ է Շուշին, ինչպես այդտեղ հավաքված ամեն մեկն է հասկանում, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության այն մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առաջ անամոթաբար Շուշին մռայլ քաղաք է անվանում։

«Որովհետև երևի նա, կյանքում մի քանի անգամ Արցախում լինելով, հետո իբրև վարչապետ Արցախ գնալով, հյուրանոցի սենյակներից ու թանկարժեք ռեստորաններից այն կողմ չհասավ։ Ինքը Հադրութը, Քարվաճառը, Դադիվանքը, ամեն ինչը պատկերացնում էր միայն ՀԴՄ կտրոնով։ ՀԴՄ կտորնները վերցրո՛ւ ու գնա՛, Նիկո՛լ։ Դու գնաս, ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտրոնները, հավերժ քո թոշակն էլ կտա, ընտանիքիդ թոշակն էլ կտա, կապահովի քո անվտանգությունը, բայց հանուն երկրի, հանուն ուղղակի այս մարդկանց ներվի, գնա՛»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց  Նիկոլ Փաշինյանի՝ ամեն րոպե սուտ խոսելը։

«30 տարի այդպես ապրել ես, ամբողջ կյանքումդ այդպես ապրեցիր, հարամեցիր «ժուռնալիստիկա» մասնագիտությունը, փողով մեկի դեմ գրեցիր, մեկից փող առնելով՝ իր դեմ երկու օր հոդված չտպեցիր։ Աստծո սիրույն, գնա՛»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք Նաիրա Զոհրաբյանի խոսքը, որի համաձայն՝ այս երկրում մեկ մարդ կա, որ տենչում է իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: