կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 15:51
Տարածաշրջան

Թուրքական իմպերիալիզմը ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները. Le Figaro

Թուրքական իմպերիալիզմը ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները. Le Figaro

Արժե,՞ արդյոք, պաշտպանել Կովկասում ընկեր Լենինի և Ստալինի ժառանգությունը: Սա այն հարցն է, որը պետք է տրվի բոլորիս՝ Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի և Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիայի որևէ հնարավոր արդարացում գտնելու փորձերից հետո: Մենք չենք կարող աչք փակել այն պատերազմի վրա, որն այժմ Ադրբեջանի ձեռքով Անկարայի իսլամիստական-իմպերիալիստական ռեժիմը սկսել է հայերի դեմ. գրում է ֆրանսիացի գրող և պատմաբան Օլիվիե Դելորմը Le Figaro թերթում։

«Բացի այդ՝ հարկ է հաշվի առնել Արևմուտքի մեղմության պատճառները այս ռեժիմի նկատմամբ (այն դեռ ակտիվորեն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից), որը ներգրավել է «Իսլամական պետության» և «Ալ Քաիդա»-ի մնացորդներին (Ռուսաստանում արգելված կազմակերպություններ. Խմբ.)՝ որպես օժանդակ զորքեր Մերձավոր Արևելքում, իսկ հետո ուղարկել է դրանց Լիբիա և Կովկաս: Ինչո՞ւ է Գերմանիան պաշտպանում նրան պատժամիջոցներից: 2.5 միլիարդ արտաքին առևտրի սալդոյի պատճառո՞վ, թե՞ 3 մլն գերմանացի թուրքերի, որոնց 65 տոկոսը քվեարկում է Էրդողանի օգտին:

Ուշադրության է արժանի այն մարդկանց մոտիվացիան, որոնք այդքան սիրում են ողբալ «մութ օրերի վերադարձի» կապակցությամբ, բայց, չգիտես՝ ինչու, չեն վրդովվում այն պետության ագրեսիայից, որը Հայոց ցեղասպանության ժխտումը դարձել է պաշտոնական դոկտրին դպրոցներում և համալսարաններում: Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի միջազգային արձագանք կառաջացներ Գերմանիայի հարձակումը Իսրայելի վրա:

Վերջապես, ժամանակն է դադարեցնել «անջատողականություն» բառը Լեռնային Ղարաբաղի (Արցախը հայերի համար) նկատմամբ կիրառելը, որի բնակչությունը վաղուց արդեն 90 տոկոսով հայկական է: Այն Ադրբեջանի ԽՍՀ կազմում է ընդգրկվել միայն 1921 թվականին: Այս պետության տարածքը նվաճել է Ռուսական կայսրությունը 19-րդ դարում, և նրա ղեկավարները մասնակցել են հայերի ցեղասպանությանը ու կազմակերպել վրեժխնդրություններ նրանց դեմ (ներառյալ՝ Արցախում) բոլշևիկյան հեղափոխության և տարածաշրջանի խորհրդայնացման շրջանում:

Փորձելով գոհացնել ազգայնական Քեմալին, որը մարտին ԽՍՀՄ-ում համաձայնագիր էր ստորագրել, Լենինի որոշմամբ 1921 թվականի հուլիսին Արցախը բռնակցվեց Ադրբեջանին ժողովրդական կոմիսար Ստալինի կողմից: 1920-ի դեկտեմբերին նա արդեն հաղթել էր հայկական Առաջին հանրապետությանը, որը թուրքերի կողմից լիակատար կործանումից խուսափելու համար ստիպված էր գնալ Խորհրդային միություն:

Իրականում, Ղարաբաղի հարցը Հարավսլավիայի պատերազմների ընթացքում ծագած խնդրի հերթական դրսևորումներից մեկն է. խոսքը քայքայված ֆեդերացիայի ներքին վարչական սահմանների՝ որպես նոր միջազգային սահմանների հաստատման մասին է: Փաստն այն է, որ երկաթե ձեռքով ղեկավարվող ֆեդերացիայի ներսում վարչական ներքին բաժանումը գործնականում ոչ մի դեր չի խաղում: Շատ դեպքերում սահմանները գծվում էին պահի ազդեցության տակ: Տիտոն փորձեց թուլացնել Սերբիան՝ հնարավորինս շատ սերբերի տեղավորելով Հարավսլավիայի մյուս հանրապետությունների իրավասության տակ: Խրուշչովը Ղրիմը նվիրեց Ուկրաինային, որպեսզի նրանք գոնե մոռանան այն բռնաճնշումները, որոնք կազմակերպվել էին 1944 թվականից հետո:

Բայց այդպիսի ֆեդերացիաների անհետացումից հետո ներքին սահմանները դառնում են միջազգային, և բնակչությունը կարող է հայտնվել մի պետությունում, որին բացարձակապես չի ցանկանում պատկանել՝ լինի Դոնբասը, թե՝ Արցախը:

Այս մերժումը հատկապես ուժեղ է սերբերի դեպքում, որոնք 1941-1945 թվականներին Խորվաթիայի պետության ցեղասպանության զոհ դարձան, և 1991-ին ստիպված եղան դառնալ այդ ցեղասպանությունը ժխտող նոր Խորվաթիայի քաղաքացիներ: Ինչ վերաբերում է արցախահայությանը, ապա մեկ դար անց նրանք դառնում են այն ադրբեջանցիների զոհեր, որոնք խաղում են ցեղասպանությունը ժխտող թուրքական պետության կողմից:

Երբ նայում ես սերբերի ճակատագրին 1995-ին Խորվաթիայի հարձակման ժամանակ, հեշտ է հասկանալ, թե ինչու են արցախահայերը վճռականորեն պաշտպանվում: Փաստն այն է, որ խորվաթների կազմակերպած էթնիկական զտումները (Արևմուտքի խարդավանքով) հանգեցրին շրջաններից 200-250 հազար սերբի վտարմանը, որոնք կազմում էին իրենց բնակչության երեք քառորդը մինչև 1991 թվականը: Նշենք, որ «Փոթորիկ» գործողությունը չի առաջացրել ԵՄ-ի կողմից քննադատության որևէ ակնարկ, որի վրդովմունքը ակնհայտորեն հիմնված է երկակի ստանդարտների վրա:

Ընդգծենք նաև, որ նրանք, ովքեր Արցախի բնակիչներին անվանում են անջատողականներ, չնչին դժգոհություն չեն հայտնում 1974 թվականից ի վեր Կիպրոսի տարածքի 38 տոկոսի թուրքական բռնազավթման կապակցությամբ, չնայած Թուրքիան այնտեղ իրական էթնիկական զտումներ է իրականացել և տեղավորել իր վերաբնակիչներին: Այժմ թուրքերն այնտեղ մեծամասնություն են կազմում, չնայած կղզու բնակչության միայն 18 տոկոսն էին՝ նախքան ներխուժումը: Ինչ վերաբերում է այնտեղ ստեղծված խամաճիկային պետությանը, ապա այն նույնպես մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Վերջապես, մենք նշում ենք, որ նույն մարդիկ աջակցում էին Կոսովոյի անդամահատմանը Սերբիայից՝ մաֆիայի ռեժիմին հաճոյանալու համար, որը հովանավորում է մաքսանենգներին և ահաբեկիչներին: Միևնույն ժամանակ, Կոսովոյի և Բոսնիայի սերբերն այս սուբյեկտներից առանձնանալու իրավունք չունեն:

Հետևաբար, հարցը, որի վերջին դրսևորումը հայերի դեմ պատերազմն էր, պետք է վաղուց դիտարկվեր միջազգային հանրության կողմից, քանի որ այն բախումներ էր ծնում արդեն 30 տարի:

Թեև Առաջին համաշխարհային պատերազմն ավարտած պայմանագրերը նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներ (դրանով իսկ պատասխանատվությունը հանելով Գերմանիայի և չկարգավորվող կապիտալիզմի վրայից), դրանք, այնուամենայնիվ, ունեն առնվազն երկու դրական կողմ: Դրանք իրավունքներ տվեցին փոքրամասնություններին նոր ազգային պետություններում, որոնք ստեղծվել են կայսրությունների փլուզման արդյունքում (դա դրական տեղաշարժ էր, քանի որ կայսրությունը միշտ սահմանափակումների համակարգ է և ժողովուրդների բանտ): Բացի այդ՝ դրանք հնարավորություն են ընձեռել պարզելու անորոշ կամ վիճարկվող տարածքների բնակչության կարծիքը:

Ազգերի լիգան ոչնչացավ բռնապետերի նկատմամբ իր անզորության պատճառով, բայց 1920-ականներին նա կազմակերպեց նման խորհրդակցությունների շարք, և արդյունքում՝ սահմանները մնացին անփոփոխ մեկ դար անց:

Ֆեդերացիաների կազմալուծման արդյունքում առաջացած բախումներն ընդունելու (կամ նույնիսկ դրանք օգտագործելու) փոխարեն մենք պետք է առաջնորդվենք այս օրինակով՝ որոշելու համար միջազգային վերահսկողության ներքո ինքնորոշման հանրաքվեի պայմանները: Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն, որը հարգում է ժողովուրդների իրավունքները:

Եթե մենք շարունակենք դա անտեսել, ապա Արցախի շուրջ ցանկացած բանակցություն, լավագույն դեպքում, կհանգեցնի Դեյթոնի նոր համաձայնագրերի (1995 թ.), որոնք Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ եվրոպական վերահսկողությունից 25 տարի անց իրականում չեն սկսել գործել: Եթե, իհարկե, ինչ-որ մեկի նպատակը մռայլ հակամարտություն պահպանելը չէ, որը թույլ է տալիս հավերժ մնալ արբիտրի դիրքում: Համենայն դեպս, ավելի վատ բան չկա, քան մյունխենյան ոգու հաղթանակը, որը թուրք բռնակալին կմղի ուժային նոր քայլերի»։