Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը սույնով սկսում է մամուլի համար ամփոփագրերի պարբերաբար հրապարակումներ, որոնց նպատակն է համառոտ ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։
Սույն ամփոփագրով ներկայացվում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների նախընթաց աշխատանքների կարևոր ձեռքբերումները՝ սկսած սեպտեմբերի 27-ից։
Սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո, ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը։
Մասնավորապես՝
1) Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի (Armenian National Committee of America), երկրի ամբողջ տարածքում գործող հանձնախմբերի աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել գրանցել շոշափելի արդյունքներ Ամերիկայի հանրային կարծիքի վրա ներազդելու և այդ գործում հասարակական և քաղաքական շրջանակներ ներգրավելու առումով։
2) ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվել է նաև դեպի Հայաստան: Կոնգրեսականների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Ռոբերտ Մենենդեզը, Էդ Մըրքին, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան Բրենդա Լոուրենսը, Ֆրանկ Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեսը, Բռեդ Շերմանը, Լորի Թրահան և ուրիշներ։
3) Հատկանշական է, որ մինչ օրս ԱՄՆ Կոնգրեսի որևէ անդամ անգամ չի փորձել արդարացնել թուրք-ադրբեջանական ագրեսիան։
4) Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար։ Հանձնախմբի այս կոչին են միացել մեծ թվով կոնգրեսականներ։
5) Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, մասնավորապես, հորդորելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:
6) ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել երկու բանաձևերի նախագծեր, որոնց նպատակն է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի ներգրավածությունը։
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի նկատմամբ արտաքին քաղաքական հակազդում ապահովելու նպատակով Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքները ծավալվել են մի քանի ուղղություններով։
1) Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիան դատապարտել է Արցախ-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռ. Հարդերը: Վերջինս պաշտոնական գրությամբ դիմել է արտգործնախարար Ֆ.Ֆ. Շամպայնին, նկատելով, որ «առանց դատապարտման, Կանադան և մնացյլալ միջազգային հանրությունը միայն խրախուսելու են Ադրբեջանին շարունակելու կատարել հանցագործություններ: Կանադան պետք է գործի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ»։
2) Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և թուրքական ապակայունացնող ներգրավվածության վերաբերյալ կոշտ քննադատությամբ է հանդես եկել Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խումբը՝ ի դեմս խմբի համանախագահ Բրայան Մեյի։
3) Հատկանշական է, որ կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, Հայ դատի հանձնախմբի հետևողական ջանքերի շնորհիվ, մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի կողմից ներկայումս լայնորեն կիրառվող թուրքական արտադրության անօդաչու սարքերում կանադական տարբեր դետալների (հիմնականում` սենսորային) առկայությունը։ Այս հարցով բազմաթիվ քաղաքական գործիչներ տարբեր ուղերձներ են հղել կանադական կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական կիրառության արտադրանքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին։
4) Ընդհանուր առմամբ, կանադական քաղաքական, հասարակական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում մի քանի տասնյակի հասնող գործիչների կողմից դատապարտվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան։
5) Հայ դատի Կանադայի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել, որով իշխանություններին կոչ է արվում դադարեցնել ռազմական նշանակության արտադրության վաճառքը Թուրքիային։ Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Եվրոպական 14 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը համակարգում է Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։ Գրասենյակը մեծ ակտվիությամբ աշխատում է հատկապես համաեվրոպական հարթության վրա՝ հայրենիքի արտաքին շահերի պաշտպանության ուղղությամբ։
1) Անցնող օրերի ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մեծ աշխատանք է կատարել Եվրոպական լսարանին, քաղաքական շրջանակներին և լրագրողական հանրությանը առկա տեղեկատվության ներկայացման համար։
2) Եվրոպական Խորհրդարանի «Եվրոպայի նորացում» քաղաքական խմբի թվով 6 պատգամավորներ գրավոր հարցումով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժ. Բորելին` բարձրացնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի անօրինական ներգրավվածության և Սիրիայից իսլամիստ ահաբեկիչներին մարտական գործողությունների մեջ ընդգրկելու մասին։
3) Խնդրին անդրադարձել և կատարվողը խստագույնս քննադատել է Եվրոպական Միության Խորհրդարանի փոխնախագահ, Ֆ. Մ. Կաստալդոն։ Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են Եվրոպական Խորհրդարանի շուրջ չորս տասնյակի հասնող պատգամավորներ։
4) Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական խմբի և Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգողները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Մայքլ Գալլերը Տոնինո Պիկուլաչը կոչ են արել Ադրբեջանին դադարեցնելու ռազմական հարձակումը Արցախի վրա, նշելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնա բանակցությունների սեղան և հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
5) Ագրեսիան դատապարտելու և կանխելու կոչով՝ Եվրոպական Խորհրդարանի մի շարք պատգամավորներ, անհատական կամ խմբային գրություններ են հղել ԵՄ ղեկավար կառույցների ներկայացուցիչներին։
6) Հայ դատի Բրյուսելի գրասենյակն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Եվրոպական Միության ղեկավար բոլոր կառույցների շրջանակներում օբյեկտիվ տեղեկատվության ձևավորման և ըստ այդմ անհրաժեշտ հակազդեցության հասնելու համար։
7) Համաեվրոպական մակարդակից բացի աշխատանքներ են իրականացվում նաև անդամ պետությունների քաղաքական շրջանակների հետ։ Կատարվածն արդեն իսկ դատապարտել են Բելգիայի Ֆլամանդական և ֆրանսիախոս խորհրդարանների ներկայացուցիչներ։
8) Եվրոպայի տարածքում գործող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն իրենց երկրներում շարունակում են ակտիվորեն իրականացնել քաղաքական-հարաբերական աշխատանքներ, համագործակցել առաջատար լրատվական միջոցների հետ։ Այս առումով դրական արդյունքներ կան Հունաստանում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր։
Հայ դատի Ավստալիայի հանձնախումբը ևս աշխատում է ինչպես ֆեդերալ, այնպես էլ տեղական մակարդակներում։ Ամբողջ կարողականությամբ հանձնախումբն աշխատանքներ է տանում մի քանի ուղղություններով՝ լրատվական-քարոզչական և քաղաքական հարաբերական։ Այս առումով, ավստրալիական պետական իշխանության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաներ հանդես են եկել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և երկրի իշխանություններին գործուն քայլերի դրդող հայտարարություններով։ Կարևոր է ընդգծել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան խստորեն դատապարտել են Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանը և Ջոլ Ֆիցգիբենը՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Արցախի և Հայաստանի վրա հարձակումը, ինչպես նաև ընդգծելով կոնֆլիկտում Թուրքիայի անօրինական ներգրավվածությունը։