ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«ԿՈՌՈւՊՑԻԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
Ուղիղ 2 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ դիվանագիտական անձնագրերի շուրջ։ Նիկոլի այն ժամանակվա մամլո քարտուղար, ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ԱԳՆ-ում հայտնաբերվել է «կոռուպցիայի» հերթական դրսևորումը՝ դիվանագիտական անձնագրեր են տրվել պետական ծառայության հետ կապ չունեցող անձանց (դիտեք տեսանյութը)։ Դրանից հետո տարբեր կայքերով կոնկրետացվեցին այդ անձանց՝ մասնավորապես նախկին նախագահների ընտանիքների անդամների անունները։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց չեղարկված և վերադարձված դիվանագիտական անձնագրերի ընդհանուր թիվը՝ 395։
Օրերս, ի պատասխան լրատվամիջոցների հարցման, ԱԳՆ-ն հրապարակել է, թե քանի գործող դիվանագիտական անձնագիր կա այժմ և դրանցից քանիսն են տրամադրվել 2018-ի մայիսից մինչ այժմ։ Այդ թվերը կազմել են համապատասխանաբար 1136 և 762։
Հիմա մի քիչ մաթեմատիկա։ Ստացվում է, որ 2018-ի մայիսին եղել է ընդամենը 769 դիվանագիտական անձնագիր՝ ներառյալ «կոռուպցիայի» արդյունքում տրամադրված 395-ը։
Այսօր կա գործող 1132 դիվանագիտական անձնագիր, որոնցից 762-ը տրամադրվել են «սիրո և հանդուրժողականության» արդյունքում իշխանության եկած «հակակոռուպցիոներների» կողմից։ Տարբերությունը կազմում է 369 անձ։ Պարզ է, որ մեր երկրում 369-ով չի ավելացել քաղաքական և դիվանագիտական պաշտոն զբաղեցնողների թիվը։ Ուրեմն Նիկոլն ու իր խմբակը պետք է պատասխանեն այն հարցին, թե ովքե՞ր են այն 369 և ավելի անձինք, որ ստացել են դիվանագիտական անձնագրեր, իսկ անձամբ «ազնվագույն ու անկաշառ» ժողվարչապետը պետք է հստակ պատասխանի մի հարցի՝ արդյո՞ք իր ընտանիքի անդամները՝ Աննա Հակոբյանը, Մարմիամ, Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանները ստացե՞լ են դիվանագիտական անձնագրեր։
Ուղղակի հիշեցնեմ, որ օրենքով սահմանված պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագիր տրամադրելու որոշում կարող է ընդունել վարչապետը»։