կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 14:50
Քաղաքական

Իսկապես, մայիսից սպառազինություն չի մտել Հայաստան. ռազմական փորձագետ

Իսկապես, մայիսից սպառազինություն չի մտել Հայաստան. ռազմական փորձագետ

Նախկինում հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի էին, հիմա՝ այլ: «Ժամանակին ռուսական կողմը մեծ ճնշումների միջով է անցել, երբ Հայաստանին «Իսկանդեր»ի մատակարարման հարցն  էր լուծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Ըստ նրա` նախ` մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը, ապա` Թուրքիան, որովհետև Թուրքիայի համար էլ է դա վտանգ ներկայացնում, բայց ՌԴ-ն, վստահելով հայկական կողմին,  վաճառեց «Իսկանդեր»-ը, որն այն զինատեսակն է, որ շատ երկրներ երազում էին ձեռք բերել, բայց Ռուսաստանը Հայաստանին տվեց, երբ անգամ Ասադին է մերժել: Իսկ հիմա` մայիսից  սպառազինություն չի մտել Հայաստան: Ես համակարծիք եմ Հրանտ Մարգարյանի հետ, այս մասին կշիռ ունեցող այլ գործիչներ էլ են ասել: Ռուսական կողմն այսօր վստահություն չունի մեր հանդեպ : Նայեք՝ Պուտինը մինչ օրս Փաշինյանին չի շնորհավորել, երբ անգամ Քոչարյանի ծնունդ է շնորհավորել»,- շեշտեց փորձագետը:

Նրա պնդմամբ` Բաքվի գնած բելառուսական «Պոլոնեզ»-ը որոշ դեպքերում իր բնութագրով գերազանցում է «Իսկանդեր»-ին: ««Պոլոնեզ»-ը միաժամանակ կարող է 8 թիրախ խոցել, իսկ «Իսկանդեր»-ն ունի 2 հրթիռ, որոնք արձակելուց հետո պիտի լիցքավորվի: Հակահրթիռային պաշտպանության համար ավելի հեշտ է պայքարել «Իսկանդերի» դեմ, քան «Պոլոնեզի», քանի որ այն նախատեսված չէ ռեակտիվ արկերի դեմ պայքարելու համար»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը Երևանում հայտարարել էր, որ «Պոլոնեզ»-ը «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան չէ, Բաքուն չունի «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան: «Նախորդ տարի Ադրբեջանի քանակական առավելությունը հաջողվեց չեզոքացնել, երբ Հայաստանը Ռուսաստանից ձեռք բերեց ժամանակակից սպառազինություն, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրին, որը հնարավորություն է տալիս հարվածելու Բաքվին, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար»,- նշել էր նա:

Ինչ վերաբերում է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարմանը, Վան Համբարձումյանը շեշտեց, որ սրա շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ: Ըստ նրա՝ ռազմական նպատակահարմարության տեսանկյունից դրանց ձեռք բերումն անհիմն ծախս է: «Դա զուտ գովազդ է, ռազմական տեսանկյունից անիմաստ: Դրա փոխարեն կարելի էր ռուսական անօդաչու սարքեր գնել, ռադիոէլեկտրոնիկայի միջոցներ»,- շեշտեց փորձագետը:

Համբարձումյանը նաև նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարն առաջիկա հինգ տարում ներդրվի  ՀՀ ԶՈւ-ում և ճիշտ նպատակի համար ծախսվի, ապա Հայաստանին կհաջողվի ինչ-որ չափով սպառազինությունների  հավասարակշռությունը վերականգնել: