ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
«Արևմուտքի արևելյան գրոհը ընթանում է Մերձբալթիկայից մինչև Արաքսի ավազան, նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանին բուֆերային երկրներից՝ Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Ազդեցության գծերի և ռեսուրսների համար մղվող այս պայքարում նշված երկրների առջև ծառանում է բնական խնդիր՝ ինչպե՞ս պահպանել անկախությունն ու մեծացնել միջազգային սուբեկտայնությունը, ինչպե՞ս խուսանավել և չդառնալ կայսերական բախումների զոհ: Արևմուտքը, տեղայնացված գունավոր հեղափոխություններով, այս երկրներում ցույց է տալիս այլընտրանքի ճանապարհը՝ կառավարություններին և հասարակություններին կանգնեցնելով երկընտրանքի առջև: Այս գլոբալ սպառնալիքին դիմակայելու համար պետք է ճիշտ գնահատել Հայաստանի իրական միջազգային կշիռը, և զարգացնել հզոր Հայաստանի պահանջված լինելու 6 հիմնական կռվանները՝ 1. Թուրքական ծավալապաշտության դեմ հաջող պայքարը, 2. ԵԱՏՄ և ՀԱՊԿ սահմանապահ երկիր լինելու հանգամանքն ու Ռուսաստանի անվտանգային համակարգում կարևոր տեղ զբաղեցնելը, 3. Արևմուտքի, Ռուսատանի, արաբական և իրանական ժողովուրդների հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները, 4. Եվրամիության անվտանգային համակարգում և ընդլայնման քաղաքականության տեսանկյունից ակտիվ դերակատարության հնարավորությունը, 5. Իրանի և Վրաստանի հետ սահմանակցությունը, երկրներ որոնք աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում են և նրանց հետ հարևանությունը լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխզսպման համակարգերում կարևոր դեր ստանձնելու հարցում, 6. Հայկական Սփյուռքի կազմակերպված համայնքների գոյությունը, որոնք այս կամ այն կերպ ազդում են տարբեր երկրների հասարակությունների ու կառավարությունների վրա և փոխազդվում նրանցից:
Արցախյան հաղթանակը և կիսաշրջափակված վիճակում զարգանալու հնարավորությունները Հայաստանի համար ապահովել են մարտնչող և հաղթող երկրի վարկանիշ, և 30 տարի Արցախյան ստատուս քվոյի առկայությունը խոսում է այն մասին, որ աշխարհը, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, դեմ չէ հզոր Հայաստանին: Տարածաշրջանային հարցում Հայաստանը բանալի երկիր է և զարգանալու լավագույն հեռանկարը, նախ և առաջ, մեր անվտանգային համակարգերի և ռազմաարդյունաբերական պոտենցիալի զարգացումն է: Մարտունակ Հայաստանը հայության զարգացման գրավականն է, այլ կերպ՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա սպառնալիքների պայմաններում, Հայաստանը չի կարող լինել ապահով և պահանջված: Անվտանգային բաղադրիչը, իր լայն ընդգրկմամբ, մշտապես պետք է լինի Հայաստանի ու հայության հոգածության և գործունեության կիզակետում: Կրթական և ազգային արժեհամակարգային խնդիրները, այս առումով, ունեն հիմնաքարային նշանակություն, քանզի քաջերի սահմանը չի գծվում միայն սրով, այլ հատկապես այն մղումով, որ տանում է դեպի սուրը…»: