Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին տեսակապով զրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ու միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԱՀ նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը ոչ միայն պահանջված են, այլև ունեն կենսական նշանակություն: Անդրադառնալով միության՝ Ստեփանակերտում կառուցվող կենտրոնին՝ նախագահ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր կամուրջ է հանդիսանալու համագործակցության առկա կապերի ամրապնդման համար:
ՀԲԸՄ պատասխանատունները նախագահին տեղեկացրել են, որ, Արցախում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և վերաբնակեցման ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, միության կողմից ուսումնասիրվում է Արցախի փոքր ու միջին ձեռնարկատիրության էկոհամակարգի ներուժը՝ այդ ուղղությամբ նոր ծրագրեր մեկնարկելու նպատակով։
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին շարունակական և սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ Արցախի իշխանությունները պատրաստ են գործադրելու բոլոր ջանքերը առկա ներուժն առավելագույնս իրացնելու համար:
Քննարկումներին մասնակցում էր ԱՀ նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։