կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 13:12
Աշխարհ

Լեհաստանը զրկվել է ԵՄ ֆինանսավորումից «ԼԳԲՏ-ից ազատ գոտիների» պատճառով

Լեհաստանը զրկվել է ԵՄ ֆինանսավորումից «ԼԳԲՏ-ից ազատ գոտիների» պատճառով

ԵՄ-ն հրաժարվել է սուբսիդիաներ տրամադրել լեհական վեց քաղաքի, որոնք իրենց «ԼԳԲՏ-ից ազատ գոտիներ» են հռչակել և ճանաչել են «Ընտանիքի խարտիա»-ի գերակայությունը. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է Pravda.ru-ն:

Լեհաստանը կանգնել է երկընտրանքի առջև` արժեքներ կամ փող:

Հավասարության հարցերով եվրահանձնակատար Հելենա Դալին (Մալթա) այդ որոշման մասին գրել է Twitter-ում: Նրա կարծիքով` լեհական քաղաքները չեն կարող մասնակցել Town Twinning («Քաղաքային գործընկերություն») ծրագրին, քանի որ սահմանափակել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների իրավունքները: Նա չի նշել, թե կոնկրետ որ քաղաքների մասին է խոսքը:

«ԼԳԲՏ-ից ազատ գոտիներ»-ը տեղական իշխանությունների կողմից ընդունված որոշում է:  Այն իրավական ուժ չունի, սակայն Եվրախորհրդարանը պարզ հասկացրել է` որոշումը «չափազանց դիսկրիմինացիոն է» և սահմանափակում է ազատությունը, որով «օժտված է Միության յուրաքանչյուր քաղաքացի»:

Երեքշաբթի Եվրոպական հանձնաժողովը «Քաղաքային գործընկերության» ծրագրի շրջանակներում հաստատել է 127 նախագիծ, որոնց, ընդհանուր առմամբ, ԵՄ հիմնադրամներից մեկից տրամադրվել է 2 324 327 եվրո: Այդ ծրագրով քաղաքային իշխանությունները կարող են ստանալ մինչև 25 հազար եվրոյի ֆինանսավորում` իրականացնելու համար նախագծեր, որոնք «տեղական մակարդակով մոբիլիզացնում են քաղաքացիներին եվրոպական քաղաքական օրակարգին վերաբերող կոնկրետ հարցերի քննարկման համար»:

Լեհական 147 մունիցիպալիտետներից ու կազմակերպություններից ընդամենը 8-ն էին հայտ ներկայացրել:  2020-ի դրությամբ` տարածաշրջանները, որոնք ընդունել են «ԼԳԲՏ-ից ազատ գոտիներ»-ի մասին բանաձևը կամ Ընտանեկան իրավունքների խարտիան` «Ընտանիքի խարտիա»-ն, երկրի մեկ երրորդն են:

Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև  Զյոբրոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի գործողություններն ապօրինի են, և խնդրել է վարչապետին` վճռական քայլեր ձեռնարկել դրանք բողոքարկելու համար: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ պայմանագիրը հստակորեն նախատեսում է, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ բոլոր մարմինները պարտավոր են հարգել առանձին երկրների ազգային ինքնությունը,  տեղական  կառավարման մարմինների հավասարության և քաղաքացիների հավասարության սկզբունքները:

Զյոբրոն հավելել է, որ ԵՄ երկրների քաղաքացիները սեփական կարծիքը, համոզմունքները և հայացքները ազատորեն ձևավորելու իրավունք ունեն, որոնք «որևէ կերպ չպիտի ենթարկվեն գրաքննության», և որ քաղաքացիների վրա ճնշում չպիտի կիրառվի` կապված որևէ գաղափարախոսության կամ  եվրոպացի այս կամ այն պաշտոնյայի հայացքների հետ:

Վերջերս Լեհաստանում անցկացվել են նախագահի ընտրություններ, և նվազագույն առավելությամբ հաղթել է պահպանողական «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան: Ընտրարշավի ընթացքում նա հայտարարել էր, որ «ԼԳԲՏ-ն ավելի վատ բան է, քան կոմունիզմը, և ստորագրել էր «Ընտանիքի խարտիա»-ն, որում խոսք կա նաև միասեռականներին երեխաներ որդեգրելն արգելելու մասին:

Լեհ քաղաքական գործիչներից ոչ բոլորն են իշխող կուսակցության կարծիքին: Օրինակ` Ժողովրդավարական ձախ դաշինքից Տոմաշ Տրելան հայտարարել է, որ ԵՀ-ի որոշումը հստակ է և ոչ երկիմաստ, և դա ազդանշան է, որ իշխող կուսակցության քաղաքական գործիչները «ուշքի գան, քանի որ խոսքը մեր փոքրիկ հայրենիքի ապագայի ու ֆինանսների մասին է»:

ԼԳԲՏ ակտիվիստ Քշիշտոֆ Էմիշեկն էլ հայտարարել է, որ «կա՛մ կան մարդու իրավունք և հարգանք հիմնարար արժեքների նկատմամբ, հետևաբար` եվրոպական փողեր, կամ` հոմոֆոբիա, և չկան ԵՄ-ից ստացվելիք փողեր»:

Իսկ սեյմի փոխնախագահ Պյոտր Զգոժելսկին` Լեհական գյուղացիական կուսակցությունից, մեկնաբանելով ԵՀ որոշումն ասել է, որ ԵՄ-ն շարժվելու է «Փողեր` արժեքների դիմաց» սկզբունքով:

Լեհաստանը մեծ մասամբ կաթոլիկ հավատացյալների երկիր է, ստացվում է` կաթոլիկների իրավունքները չպիտի հաշվի առնվեն: Լեհերը հաճախ ասում են, որ ժամանակին Լեհաստանում կային մարդիկ, որոնք սեփական շահի համար հավատարմորեն ծառայում էին կոմունիստական տոտալիտարիզմին և դրա գաղափարախոսությանը: Փաստորեն, այսօր էլ Լեհաստանում կան մարդիկ, որոնք հանուն սեփական շահերի հավատարմորեն ծառայում են ԵՄ-ի տոտալիտարիզմին ու գաղափարախոսությանը:

Ավելի վաղ yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԼԳԲՏ համայնքի կողմնակիցներն ակցիա էին իրականացրել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում` ԼԳԲՏ դրոշներ էին ամրացրել քաղաքի հիմնական արձանների, այդ թվում` Քրիստոսի և Կոպեռնիկոսի արձանների վրա: Սադրիչները սոցցանցերում նաև «մանիֆեստ»  էին հրապարակել, որում իրենց արարքը որակել էին «փոթորիկ» ու «գրոհ»: