Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած եռօրյա զինված հակամարտությունը փոխեց իրավիճակն Անդրկովկասում` սկզբունքորեն և անսպասելիորեն: Նախկինում հակամարտող կողմերը ժամանակ առ ժամանակ կրակում էին միմյանց վրա, սակայն ոչ ոք չէր ենթադրում, որ Ադրբեջանը կփորձի զինված ներխուժել Հայաստան` չվախենալով ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա նմանօրինակ գործողությունը Ադրբեջանի նկատմամբ ընդհանրապես բացառվում էր. ըստ Yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած իր հոդվածում գրում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Ըստ նրա` համարվում էր, որ Բաքվի ու Երևանի միջև զինված բարդացումներ հնարավոր են ռազմաճակատի միայն ղարաբաղյան հատվածում, ինչն էլ տեղի էր ունեցել 2016-ի ապրիլին: Սակայն այս անգամ ամեն բան այլ ընթացք ունեցավ: Le Monde-ը գրում է. «Դարձյալ անսպասելիորեն հակամարտող կողմերը մոտեցան չվերադարձի կետին, և ոչ ոք դեռևս չգիտի, թե որն ուժն է իմպուլսներ հաղորդել իրադարձությունների այդպիսի զարգացմանը` բազմաթիվ հետևանքներով»: Իսկ Անդրկովկասի հարցերով մասնագետ Նուրլան Գասիմովի գնահատականով` «գործ ունենք ամենահակասական իրադարձության հետ 2016-ի ապրիլի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո», քանի որ «ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն պարզաբանել, թե ինչ խնդիրներ են իրականացրել զինվորականները»:
Այս կապակցությամբ Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գիվի Իուկուրիձեն համարում է, որ ստեղծված իրավիճակը լուրջ իմաստավորման ու խորը վերլուծության կարիք ունի, քանի որ նախ` 1994 թվականից` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից հետո առաջին անգամ Թուրքիան այսքան բաց սկսեց ցուցաբերել իր շահագրգռությունը տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու առումով: Երկրորդ` իրադարձությունների բացասական ընթացքի դեպքում, Իուկուրիձեի կարծիքով, հավանական է, որ Անկարան օգտագործի Վրաստանի տարածքը Բաքվին աջակցելու` իր մարտավարական ու օպերատիվ նպատակներն իրականացնելիս: Գեներալի խոսքով`«վերջին շրջանում Անկարան իրեն այդպես էլ պահում է և անտեսում է միջազգային նորմերը, և նրա կողմից Վրաստանի սահմանը ռազմական նպատակներով հատելն ինձ չի զարմացնի: »
«Իսկապես, չգիտես` ինչու, հենց Թուրքիան է ի սկզբանե մեծ նշանակություն տալիս «թովուզյան ճգնաժամին»` չնայած այդ դիմակայության աննշան մասշտաբներին: Ինքը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է պատմել, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ հեռախոսակապ է հաստատել, ինտենսիվ կապեր են եղել նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև: Էրդողանը ռազմական աջակցություն է խոստացել է Ալիևին` կարծես նրան հակամարտության գնալ հրահրելով և լավ հասկանալով, որ տվյալ տարբերակով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առճակատումը ուղիղ կերպով առնչվում է Մոսկվայի շահերին:
Երբ Թուրքիայի նախագահին հարկավոր էր սուր խնդիրներ լուծել Իդլիբում, նա երկխոսում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց հիմա նրա հեռախոսազրույցը ռուսաստանցի գործընկերոջ հետ տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ որոշակի դարձավ ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Թովուզի միջադեպի նկատմամբ: Այսպես ի հայտ եկավ Թուրքիայի նոր ուղեգիծը Անդրկովկասում և դրանում Ադրբեջանի դերը»,- գրում է Տարասովը:
Բոլոր նախանշաններով` Բաքուն, ինչպեսև Անդրկովկասը, ըստ վերլուծաբանի, ընդգրկված են, այսպես կոչված, «Էրդողանի լարվածության աղեղի մեջ»: Ըստ թուրք փորձագետների` Անկարան սկսում է «միաժամանակյա գրոսմայստերական խաղ միանգամից մի քանի աշխարհաքաղաքական խաղատախտակներին` Իրաքի հյուսիսում, Սիրիայում, Լիբիայում, Քաթարում ու Սոմալիում, Միջերկրական ծովում` Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի ու Իսրայելի դեմ, և Անդրկովկասում:
Տարասովի խոսքով` դա թուրքական արտաքին քաղաքականության ու աշխարհաքաղաքականության նոր որակ է` առանց արևմտամետ կամ ՆԱՏՕ-ական կողմնորոշման: Իհարկե, կա վարկած, որ Անկարան, այնուամենայնիվ, համակարգում է իր ջանքերը արևմտյան որոշակի շրջանակների հետ` Անդրկովկասում իրավիճակի ապակայունացման համար: «Եթե դա այդպես է, ապա «թովուզյան ճգնաժամը» առաջին զանգն է: Մոսկվայում դա, անշուշտ, տեսնում են ու հասկանում: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է պատասխանել և նույնպես սկսել շարժել իր ֆիգուրները աշխարհաքաղաքական շախմատային խաղատախտակներին: Առաջին ժամանակաշրջանում պարտադիր չէ, որ դա արվի Անդրկովկասում: Թեև Հայաստանի` Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս-արևելքում ներկայումս որոշակի անդորր է, հակամարտությունը կարող է «պայթել» ցանկացած պահի»,- գրում է Տարասովը: