Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպական խորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակը նախաձեռնել է խորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խմբակցության՝ S&D-ի անդամ կիպրացի Կոստաս Մավրդեսը. այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը: Պատգամավորները հիշեցնում են, որ Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի կիրառման մանրամասները և ընդգծում են, որ Ադրբեջանը ևս պարտավոր է դա անել։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կրկին իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, որոնց թվում է նաև ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Եվրապատգամավորներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ատելության խոսքի, պատերազմապաշտական հռետորաբանության վերաբերյալ և կոչ են անում Եվրամիությանը քայլեր ձեռնարկել այդ երևույթների դեմ։ Եվրախորհրդարանի անդամները շեշտում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նամակի առնչությամբ ասաց. «Պատերազմով սպառնալու, երկուստեք մարդկային զոհերի և տառապանքի պատճառ դառնալու փոխարեն, Ադրբեջանը պետք է հետևի պատգամավորների պահանջին և վերջապես կիրառի վստահության ամրապնդման միջոցներ, մասնավորապես՝ ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է ատելության խոսքի դեմ, մասնավորապես Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող և ահռելի չափերի հասած հայատյացության դեմ պայքարելու Եվրապատգամավորների կոչը։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակներից է դատապարտել և բարձրաձայնել այս վտանգավոր քաղաքականության վերաբերյալ, որն Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է թունավորվել և փաստացիորեն մեծապես վտանգել խնդրի խաղաղ կարգավորումը»:
Ստորև ներկայացնում ենք Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ։
«Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
հարգելի պարոն Բորել,
2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝ Եվրամիության արևելյան հարևանությունը:
Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության դեմ:
Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:
Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»։