կարևոր
1444 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-28 15:51
Աշխարհ

Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության արդյունքներին

Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության արդյունքներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության պաշտոնական արդյունքներին՝ նշելով, որ Մոսկվան արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, թե իբր «առաջնային նշաններ» կան, որ Բաքու-Գրոզնի չվերթը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից, սակայն ոչ մի ապացույց չէր ներկայացրել:

«Մենք տեսել ենք այդ հայտարարությունները։ Տվյալ դեպքում ես ուզում եմ հիշեցնել «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի Ղազախստանին և Ադրբեջանին: Այդ պատրաստակամությունը հայտարարվել է, և մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»,-մեկնաբանել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Կրեմլը տեղին չի համարում իրավիճակը նախագահի վարչակազմի անունից մեկնաբանելը:

«Տվյալ դեպքում խնդրում եմ կողմնորոշվել Յադրովի հայտարարություններով», - նշել է նա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Ավելի վաղ հնչել էին ինքնաթիռի կործանման այլ վարկածներ՝ թռչունների երամի հետ բախումից մինչև օդանավի վրա գտնվող բալոնի պայթյուն։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։