կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 16:36
Աշխարհ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանայինից միջազգայինի վերածվելու ռիսկեր է պարունակում

Հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանայինից միջազգայինի վերածվելու ռիսկեր է պարունակում

Հայ-ադրբեջանական հակամարտությունը բոլորովին նոր մակարդակում է, որը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ու աշխարհի մի շարք երկրների համար: «Կոմերսանտ» թերթի մեկնաբան Մաքսիմ Յուսինը  վերլուծում է, թե որ երկրներն են փորձում օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ. տեղեկացնում է yerkir.am-ը:

Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը ոչ միայն հերթական պատերազմի կարող է վերաճել խորհրդային նախկին երկու հանրապետությունների միջև, այլև լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար և նախանշում է համաշխարհային քաղաքականության նոր ու բավական վտանգավոր միտումներ:

Ամենատագնապալին այն է, որ, ի տարբերություն լարվածության նախորդ բռնկումներին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը, այս անգամ ի հայտ է եկել պետությունների մի ամբողջ խումբ, որը հենց սկզբից խաղ է տանում հակամարտության սրման ուղղությամբ` ցուցադրաբար և նույնիսկ ագրեսիվորեն աջակցելով կողմերից մեկին: Խոսքն առաջին հերթին մի խումբ պետությունների կոալիցիայի մասին`Թուրքիայի գլխավորությամբ, որը միանշանակ հանդես է գալիս Բաքվի կողմից և ադրբեջանցիներին ռազմական օգնություն խոստանում, իսկ հայերին` ծանր հետևանքներ: Հակամարտությունը սաղմնային վիճակում հանդարտեցնելու փոխարեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կերոսին է լցնում բորբոքված խարույկի վրա` բռնկելով ադրբեջանական հասարակության ռազմատենչ տրամադրությունները: Դրանով, ի դեպ, Անկարան խնդիրներ է ստեղծել այդ թվում նաև նախագահ Իլհամ Ալիևի համար, որը, ի տարբերություն իր հայրենակիցների մեծ մասի, հակված չէ առճակատման, սակայն ստիպված է հաշվի նստել ռևանշի կողմնակիցների հետ, որոնք ավելի ու ավելի բարձր են հայտարարում իրենց մասին: Իսկ ինչպես չհայտարարել, եթե «ավագ եղբայր» նախագահ Էրդողանը խոսում է անվերապահ աջակցության մասին, եթե թուրք քաղաքական գործիչները համարյա ուղղակի ռազմական միջամտության կոչեր են անում, իսկ ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հայտնվել, թե թուրքերը պատրաստ են Բաքվին օգնության ուղարկել սիրիական ընդդիմության ջոկատներ, որոնք վերջերս իրենց արդյունավետ են դրսևորել այլ թեժ կետում` Լիբիայում` կռվելով Էրդողանի դաշնակիցների կողմից:

Թուրքային հաջորդելով` Բաքվին համերաշխություն է հայտնել Պակիստանը` միջուկային տերություն, կարևոր տարածաշրջանային խաղացող:

Հակառակ կողմը` պայմանականորեն «հայկական լոբբին», առայժմ ավելի զուսպ է ու ոչ մի` այդքան միանշանակ հայտարարություն չի անում: Սակայն կարելի է չկասկածել` Անդրկովկասում Թուրքիայի ու Պակիստանի ակտիվացմանը զուգահեռ, անխուսափելիորեն կմոբիլիզացվեն և նրանց անհաշտ հակառակորդները` Հունաստանը և Կիպրոսը` ԵՄ շարքերում, Հնդկաստանն ու Իրանը` Ասիայում: Պետք չէ թերագնահատել նաև հայկական սփյուռքին ԱՄՆ-ում և Եվրոպայի կարևոր երկրներում, առաջին հերթին` Ֆրանսիայում:

Այդպիսով` հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանայինից միջազգայինի վերածվելու ռիսկեր է պարունակում, երբ տարբեր տերություններ կզբաղվեն աշխարհաքաղաքական պարանը քաշելով` մտածելով ամենևին ոչ կարգավորման, այլ իրենց` զուտ էգոիստական խնդիրների լուծման մասին:

Ռուսաստանի համար, որը հատուկ պատասխանատվություն է կրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցողի համար, դա վատ լուր է: Հատկապես` այն բանի ֆոնին, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը վերջին տարիներին ոչ մի քայլ առաջ չի գնացել, իսկ առանց դրա Հարավային Կովկասը հետագայում էլ  մնալու է որպես վառոդի տակառ` դիմակայության մի բռնկումից մինչև մյուսն ապրող: Ինչ-որ պահի քանակը կվերածվի որակի, փոխադարձ ատելության բաժակը կլցվի, Թուրքիայի սադրիչ ջանքերը, ի վերջո, իրենց պտուղները կտան: Եվ Բաքուն, կորցնելով կորուսյալ հողերը խաղաղ ճանապարհով վերադարձնելու հույսը և  ապավինելով իր զինված ուժերի որակական առավելությանը, կսկսի արդեն ոչ թե փոքր տեղային, այլ իսկական պատերազմ, որը տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ կարող է ունենալ:

Այդ պատճառով այն ուժերի համար, որոնք ցանկանում են խուսափել նման սցենարից (և առաջին հերթին Մոսկվայի համար), հայ-ադրբեջանական սահմանին վերջին մարտերը պետք է դառնան նույնիսկ ոչ թե տագնապի ազդանշան, այլ ահազանգ` զգուշացնող, որ իրավիճակը զարգանում է շատ վտանգավոր ուղղությամբ: