կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 11:45
Քաղաքական

Մաքսային ուղիների ընտրությունն ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Կյուրեղյանը` Միրումյանին

Մաքսային ուղիների ընտրությունն ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Կյուրեղյանը` Միրումյանին

Խորհրդարանում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու հարցը: Նշենք, որ քննարկման համար սահմանվել է 3 ժամ` չսահմանափակելով հարցուպատասխանը:

Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց` կապված մաքսային ճանապարհի ընտրության հետ: «Դուք ասացիք, որ ուղեկցվող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը կլինի այն ժամանակ, երբ կորոշվի` կանաչ, կարմիր, դեղին ուղիներից որ մեկն է ընտրվել, և կանաչ ուղու ընտրության դեպքում այդ ուղեկցող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց պատգամավորը:

Նա հետաքրքրվեց` կանաչ, կարմիր, դեղին ուղիներից որն ինչպե՞ս է ընտրվելու, ո՞րն է լիազորված կառույցը, և ի՞նչ չափորոշիչներով է ընտրվելու կանաչ ուղին, արդյո՞ք դա կոռուպցիոն ռիսկեր չի ներառելու:

Միրումյանը պատասխանեց, որ նոր մաքսային օրենսգիրքը նախատեսում է առանց ուղեկցող փաստաթղթերի հայտարարագրում, քանի դեռ մաքսային վերահսկողության ուղին չի ընտրվել:

«Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը նախ ներկայացնում է մաքսային հայտարարագիրը, որից հետո, եթե համապատասխան ուղին ընտրվի կանաչ, այլևս որևէ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, եթե ընտրվի դեղին կամ կարմիր ուղին, ապա այս դեպքում նոր կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը: Մի դեպքում ենթադրվում է փաստաթղթային ստուգում, մյուս դեպքում` թե' ապրանքների, թե' փաստաթղթերի»,- ասաց նա:

Ըստ Միրումյանի` մաքսային վերահսկողության ուղու որոշումը կատարվում է ծրագրային ապահովման միջոցով, որովհետև ՊԵԿ-ն ունի ռիսկերի կառավարման համակարգ, դա նաև իրավական պահանջ է, որպեսզի մաքսային ուղու ընտրությունը կատարվի ռիսկերի կառավարման միջոցով: «Սահմանված են չափանիշներ և այդ չափանիշներով է որոշվում ուղին: Մարդկային գործոնի միջամտությունը բացառված է»,- ընդգծեց նա:

Կյուրեղյանն էլ արձագանքեց, որ հնարավոր չէ բացառել մարդկային գործոնը: «Եկեք չասենք, որ մարդկային գործոնի միջամտությունը բացառված է, որովհետև յուրաքանչյուր ծրագիր, ի վերջո, ղեկավարվում է մարդկային գործոնով: Ծրագիր գրողն ի զորու է ազդել իր ծրագրի վրա»,- ասաց նա:

Միրումյանը պատասխանեց, որ խոսքը չի վերաբերում չափանիշների չարաշահմանը: «Միշտ էլ կարող են լինել միջամտություններ, բայց դա, լավ, չասենք, որ բացառված է, ասենք` նվազեցված է, որովհետև մի բան է, երբ դա կատարում է մաքսային տեսուչը, մեկ այլ բան, երբ դա կատարվում է ծրագրով»,- ասաց նա: