Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր բազմահազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով ռազմական բախումները, որոնք տեղի են ունենում 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում (Տավուշի մարզ) վերակտիվացած ադրբեջանական սադրանքների պատճառով:
Հավաքի մասնակիցներն Ախալքալաքի մարզադաշտից Yerkir.am-ին փոխանցեցին, որ իրենց խաղաղ ակցիայով դատապարտում են պատերազմը, ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի՝ ՀՀ-ի և Արցախի վրա պարբերաբար իրականցվող ոտնձգությունների բերումով: Մասնակիցներից մեկն էլ դատապարտեց ադրբեջանական փորձերը, որոնք միտված են սադրանքներ իրականացնել նաև Վրաստանում և Վրաստանին ևս ներքաշել հակահայկական արկածախնդրությունների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանը և Վրաստանը պետք է միասին բարգավաճեն, և ադրբեջանցիների փորձերը՝ Վրաստանում ևս բորբոքել ազգամիջյան բախումներ, դատապարտված են ձախողման: «Մեր խաղաղ ակցիան իր մեջ պարունակում է նաև այս ուղերձը»,- փաստեց մասնակիցը:
«Ջավախքը միշտ ամուր կանգնած է եղել Մայր պետության՝ Հայաստանի Հանրապետության կողքին, և, ինչպես 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրերին, ինչպես Արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր, միշտ կանգնած ենք Հայաստան աշխարհի կողքին, մեր սրտի և հոգու կողքին և ասում ենք՝ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս միասին ենք, կեցցե՛ Ջավախքը, կեցցե՛ Հայաստան աշխարհը, կեցցե՛ համայն հայությունը», - իր ելույթում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր հայրերից մեկը:
Փաստենք, որ ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ է, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է:
«Ո՛չ պատերազմին» կարգախոսով հանրահավաքին պարբերաբար հնչում էր նաև հայկական ազգային երգ-երաժշտություն, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան նաև ազգային երգերով ու պարերով:
Հանրահավաքի ընթացքի տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ: