կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 16:17
Քաղաքական

Ի՞նչ կգտնի ԱԱԾ-ն, եթե խուզարկի ՀՅԴ-ի գրասենյակները․ Ք․ Վարդանյան

Ի՞նչ կգտնի ԱԱԾ-ն, եթե խուզարկի ՀՅԴ-ի գրասենյակները․ Ք․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Ի՞նչ կգտնի ԱԱԾ-ն, եթե խուզարկի Դաշնակցության գրասենյակները

Երեկ մտածում էի՝ ինչ կգտնի ԱԱԾ-ն, եթե հանկարծ ներխուժի, օրինակ, Դաշնակցության երիտասարդականի երևանյան գրասենյակը։
ԱԱԾ-ի աշխատակիցներն անպայման կգտնեն ցանկեր՝ մարդկանց ցանկերը, որոնց հենց այս պահին էլ փորձում ենք օգնել ու այդ օգնության մասին ամեն անգամ հրապարակում անելիս հազար անգամ մտածում ենք ու օգնություն անունը տալուց էլ աշխատում ենք խուսափել, որովհետև վատ ենք զգում, բայց դե դա հարկավոր է, որ ավելի շատ ընտանքիների կարողանանք աջակցել։
Կգտնեն նաև մեր շատ երկար, երբեմն մի քանի գիշեր տևած ժողովների արձանագրություններ, որտեղ, եթե հավես ունենան, կկարողանան կարդալ, թե ոնց են ընդունվել որոշումները, մեծից մինչև մանր թվացող հարցեր ինչքան են քննարկվել ու ինչ տարաձայնություններ են եղել։
Կգտնեն երիտասարդական մեր կառույցի անդամ բոլորի տվյալները ու ՀԵՄ-ին անդամագրվելու դիմումները, որտեղ հատուկ հարց կա՝ ինչու եք ցանկանում անդամակցել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանը ու դա սովորաբար ամենադժվար հարցն է բոլորի համար, բայց ես կուզեմ, որ այդ պատասխանները հանրայնացնեն։
Դուք ուղղակի չեք ճանաչում Դաշնակցությանը։ Այնպես չի, որ դա առաջին հերթին մեր խնդիրը չէ, բայց ամեն դեպքում, դրանից փաստը չի փոխվում։
Երեկ հուզվել էի, երբ այս հրապարակումը տեսա։ Չէ՛, Սերժ Թանկյանն ինձ համար հեղինակություն չէ (ու երբեք էլ չի եղել)։ Հուզվել էի մտքից, որ ԱՄՆ-ում(Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդերլադներում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում, Պարսկաստանում ու մնացած բոլոր տեղերում) իմ տարիքի երիտասարդները՝ մեր հետ հավասրար, ամեն օր ժողով են անում ու իրենց բոլոր հոգսերը թողած մտածում են՝ ոնց անեն ու ինչ անեն, որ այս օրերին Հայաստանում մի ընտանիքի ավել օգնեն։ Ոնց անեն, որ 1800 ընտանիքների թիվը, որ մենք արդեն կարողացել ենք օգնել՝ կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի։
Ու սա այն պատճառով չէ, որ մենք բարի անհատներ ենք։ Սա մեզ սովորեցրել են Դաշնակցությունում։ Մենք եկել, դիմում ենք գրել, որ այս կառույցի անդամ դառնանք, հետո բավական երկար շրջան ենք անցել, որ թույլ տրվի անդամակցել միությանը, որի ընթացքում ճանաչել ենք կառույցը։
Հետո արդեն մենք խոստացել ենք լինել 《ազգասեր հայի օրինակ》, իսկ այդ խոստումը տվածներից ոմանք էլ ավելի ուշ երդվել են՝ 《եթե հարկ լինի նաև կյանքի գնով》 ծառայել այս հայրենիքին։
Հիմա դուք կարող եք ատել ինձ ու իմ ընկերներին՝ մեր ընտրության համար, կարող եք վիրավորել, հայհոյել, ստեր հորինել։ Մենք ձեզ երբեք դրանով չենք պատասխանելու։ Մենք էլի շարունակելու ենք անել ամեն բան, որ հնարավորինս օգտակար լինենք այս երկրին։
Առաջ ինձ տխրեցնում էր մեզ չճանաչելու փաստը, հիմա գիտեմ, որ այդտեղ է մեր ուժը։ Գիտեմ, որ հիմա, ինչպես երևի թե միշտ, փաթեթավորումը, ներկայացումը շատ կարևոր է։ Բայց ինձ հայտնի չէ դեպք, երբ լուրջ պայքարում՝ ուժի, բովանդակության և կազմակերպվածության փոխարեն հաղթել է փաթեթավորումը։
Ես այդ բովանդակությունը, ուժն ու կազմակերպվածությունը տեսել ու դրանց հավատացել եմ, Դաշնակցությունը ճանաչել ու սիրել եմ, ուղղակի այս վերջին մեկ տարին այս ամենը վերահաստատվեց ու ավելի ակնառու դարձավ ինձ համար։