Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայում գլուխ է բարձրացնում հակասեմականությունը. ՆԳՆ-ն «չափազանց զգոն լինելու» կոչ է անում
2019-ին Գերմանիայում կատարվել է «քաղաքականապես մոտիվացված» 41,7 հազար հանցագործություն: Դա 14 տոկոսով շատ է, քան նախորդ տարի, և երկրորդ ցուցանիշն է` 2001-ից վարվող վիճակագրության համաձայն. երեկ` հունիսի 3-ին, հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը: Միայն 2016-ին է գրանցվել քաղաքական դրդապատճառներով իրականացված հանցագործությունների ավելի մեծ թիվ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Նախարարի խոսքով` հանցագործության այդ ոլորտն առավել վտանագավոր է, քանի որ սպառնում է Գերմանիայի կայունությանը, ընդ որում` հակասեմականության հողի վրա հանցագործություններն ավելացել են 13 տոկոսով` հասնելով ռեկորդային մակարդակի` մոտ 2 հազար քրեական բնույթի օրինախախտում: Զեեհոֆերը նշել է, որ առավել մեծ սպառնալիքը շարունակում են լինել աջ ծայրահեղականները: Նրանց կողմից իրականացված հանցագործություններն անցյալ տարի ավելացել են 9,4 տոկոսով` մինչև 22,3 հազար: Դրանց 4,4 տոկոսը բռնության գործողություններ են, իսկ մոտ երկու երրորդը` քարոզչական օրինախախտումներ: Հակասեմական հանցագործությունների 93,4 տոկոսը կատարվել է աջ ծայրահեղականության հիմքով:
«Չափազանց զգոն լինելու բոլոր հիմքերը կան»,- ընդգծել է Զեեհոֆերը:
Նա հիշեցրել է, 2000-2007 թվականներին կատարված` «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» ահաբեկչական կազմակերպության իրագործած հանցագործությունները, 2016-ի հուլիսին ահաբեկչությունը Մյունխենի առևտրի կենտրոնում, մեկ տարի առաջ` հունիսի 2-ին, գերմանացի քաղաքական գործիչ Վալտեր Լյուբկեի սպանությունը և հարձակումը Հալեի սինագոգի վրա անցյալ տարվա հոկտեմբերին:
Ի դեպ, կրոնական դրդապատճառներով հանցագործությունները Գերմանիայում 2019-ին կրճատվել են 27,5 տոկոսով` մինչև 425: Փորձագետները դա կապում են ԻՊ-ի ջախջախման հետ:
Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում հակասեմականության հողի վրա հանցագործությունների վիճակագրությունը ընթացիկ տարվա համար խոստանում է ավելի անմխիթարական լինել: Covid-19 –ի համավարակը և դրանով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել են հակասեմական տրամադրությունների ալիքի, հատկապես` սոցցանցերում, որտեղ մտքեր են տարածվում, թե «հրեաները հատուկ տարածում են վարակը»: Այդ մասին ասվում է Թել Ավիվի համալսարանի Կանտորի կենտրոնի` ապրիլին պատրաստած «Հակասեմականությունն ամբողջ աշխարհում» զեկույցում, որի հեղինակների համաձայն` 2020-ի առաջին մի քանի ամիսներին ԱՄՆ-ում և Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքական գործիչները, ծայրահեղ պահպանողական հոգևորականները, օգտվելով առողջապահական ճգնաժամից ու տնտեսական դժվարություններից, ատելություն են սերմանել հրեաների նկատմամբ: