Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն ու ասել՝ այդ հայտարարությունն անհիմն է և որոշ հարցեր է առաջացնում։ Այս մասին գրում է 1tv.ge-ն, նշելով, ըստ նախարարի, հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել Հայաստանի առողջապահության նախարարի հետ։
«Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակահատվածում, երբ սկսվել էր համավարակը, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ միջոցից, և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածի առիթ չունեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլև՝ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Հետևաբար, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար»,- հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Վրաստանի հակահամաճարակային կառույցների մասին և անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորած Վրաստանում իրավիճակի անհամեմատ բարվոք լինելը, ասել էր.
«Նախ չեմ բացառում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս, քան մեզ մոտ: Իհարկե, դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից մինչև իրենց արտարժույթի ինֆլյացիայի, բայց կա նաև մեթոդաբանության տարբերություն: Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը: Դա ուղղակի ես փաստն եմ արձանագրում: Երկրորդը՝ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով, այն, ինչ նրանք հաշվում են որպես թեստ: Հնարավոր է, որ օրինակ Վրաստանի արած 40.000 թեստերը PSR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, որովհետև հավաստի չեն: Մյուս հանգամանքն այն քաղաքացիներն են, որ թեստավորվում են՝ ըստ ցուցումների: Օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող հիվանդները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ և կարող է տանեն այդ հիվանդությունը շատ թեթև, ընդհանրապես թեստավորվել են: Թե՞ ասել են՝ հարգելի՛ քաղաքացիներ, դուք ունեք թեթև հարբուխ, մնացեք տանը և լավացեք: Ես էդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ: Նույնը վերաբերում է մահվան դեպքերին: Օրինակ՝ արդյո՞ք թոքաբորբից մահացած մարդը, որն ունի նաև կորոնավիրուսային վարակ, համարվում է կորոնավիրուսից մահացած, թե՞ չի համարվում: Մեզ մոտ, միանշանակ, համարվում է»։