Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում Միխեիլ Սահակաշվիլիի տեղավորվելուց հետո պարզ դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահը չի պատրաստվում սահմանափակվել ներուկրաինական օրակարգով. նա մեկնաբանում է վրացական իշխանությունների գործողությունները և հասկացնում, որ, ուկրաինացի պաշտոնյա դառնալով հանդերձ, չի հեռանալու հայրենիքում կատարվող քաղաքական գործընթացներից: Փորձագետները վստահ են` Սահակաշվիլին, Ուկրաինայում իր ներկայիս կարգավիճակն օգտագործելով, փորձելու է ազդել Վրաստանի իրավիճակի վրա, որտեղ աշնանն իշխանության համար հիմնական պայքարն է ընթանալու` անցակցվելու են խորհրդարանական ընտրություններ: Yerkir.am-ը ստորև ներկայացնում է «Կոմերսանտ»-ի հոդվածը` այդ թեմայով:
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին աղմուկով վերադարձավ ուկրաինական քաղաքականություն: Երկու շաբաթ շարունակ նա տեղական ԶԼՄ-ների հրապարակումների հերոսն էր` ապրիլի 22-ից սկսած, երբ տեղեկություն տարածվեց, որ նա կարող է նշանակվել երկրի` բարեփոխումների գծով փոխվարչապետ, մինչև մայիսի 7-ին Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար նշանակվելը: Նշանակման մասին հրամանը ստորագրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա էլ Սահակաշվիլիի առջև դրել էր լուծվելիք խնդիրները` մաքսային բարեփոխում, բիզնեսի կարգավորում, ներդրումների ապահովում:
Վրաստանում, որտեղ պարոն Սահակաշվիլին չի եղել 2013 թվականից, և որտեղ նրան հեռակա կարգով բանտարկության են դատապարտել, նրա շուրջ իրադարձություններին հետևում էին ոչ պակաս ուշադրությամբ: Պաշտոնական Թբիլիսին Կիևին զգուշացրեց, որ Միխեիլ Սահակաշվիլիին պետք չէ աշխատանքի տեղավորել, իսկ երբ ինտրիգը լուծվեց, և նա նշանակվեց պաշտոնում, Վրաստանն իր դեսպանին հետ կանչեց` խորհրդատվությունների համար:
Վրացական ընդդիմությունը, որը պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդհակառակը, ողջունեց Սահակաշվիլիի նշանակումը: Նրա հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն գոհ է Սահակաշվիլիի` ուկրաինական քաղաքականություն վերադարձեց:
«Եթե Միշան` Վրաստանի երրորդ նախագահը, աջակցություն ունենա, իսկ աջակցությունն առաջին հերթին պետք է լինի քաղաքական, նրա մոտ ամեն մտածածը կստացվի, նույնիսկ` ավելին: Եթե Ուկրաինայում նրան ազատեն ինտրիգներով զբաղվելու անհրաժեշտությունից, ներգերատեսչական պայքարից ու այլ դատարկ բաներից, ես ձեզ հավատացնում եմ` Ուկրաինայում Միշայի գործունեության իրական արդյունքները կտեսնենք շատ շուտով»,- ասել է նա «Կոմերսանտ»-ին:
Ինքը` Միեխիլ Սահակաշվիլին, չի կարողացել չտրվել վրացական իշխանությունների գործողությունները մեկնաբանելու գայթակղությանը: Նա դա արել է հարցազրույցում, որը մայիսի 11-ի գիշերը ցուցադրել է Mtavari Arkhi ընդդիմադիր հեռուստաալիքը: Մեկնաբանելով իր նշանակման պատճառով Ուկրաինայի և Վրաստանի միջև ծագած կոնֆլիկտը` նա հայտարարել է` եթե երկրների միջև հարաբերությունները վատանան, ապա Թբիլիսին կպարտվի, ընդ որում` չի խնայել մռայլ երանգները:
«Եթե Վրաստանն անհետանա Ուկրաինայի համար, ապա Ուկրաինայի մարդկանց վրա դա ազդեցություն չի ունենա: Իսկ եթե Ուկրաինան անհետանա Վրաստանի համար, դրա հետևանքը կլինեն դատարկ խանութները, զանգվածային սովը, աղետները»,- հայտարարել է Սահակաշվիլին` ընդգծելով, որ վրացական խանութներում մեծ մասամբ ուկրաինական արտադրանք է վաճառվում:
Նույն հարցազրույցում Սահակաշվիլին, որը վաղուց հակամարտում է վրացական իշխանությունների և դրանց հետևում կանգած օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հետ, հասկացնում է, որ չի պատրաստվում հրաժարվել վրացական քաղաքականությանը և «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախընտրական արշավին միջամտելուց. «Ես ապրում եմ ազատ Ուկրաինայում և ազատ աշխարհում, որտեղ կան սոցիալական ցանցեր ու գաջեթներ»:
Սա կարելի է համարել պատասխան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային, որը զգուշացրել էր ուկրաինական իշխանություններին, որ Թբիլիսին «ուշադիր հետևելու է»` կկարողանա՞ Կիևը կանխել Սահակաշվիլիի միջամտությունը Վրաստանի քաղաքական կյանքին:
Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Գելա Վասաձեն վստահ է, որ Սահակաշվիլիի համար Ուկրաինայում պաշտոն ստանալը կարող է բավականին օգտակար լինել հենց Վրաստանի և այնտեղ կայանալիք նախընտրական պայքարի համատեքստում: «Նա թարմացնում է իր բոլոր շփումները Արևմուտքում: Կհանդիպի միջազգային ամենակարևոր ֆինանսիստների ու այլ ազդեցիկ անձանց հետ: Նրա կարգավիճակն այդ հնարավորությունը տալիս է: Սահակաշվիլին գումարներ կպոկի Ուկրաինայի համար, սակայն այդ շփումները կօգտագործի նաև Վրաստանի իշխանություններին խփելու նպատակով: Իսկ դա չի կարող չօգնել նրա կուսակցությանը: Կարծում եմ` երբ նա համաձայնություն էր տալիս (ներկայիս պաշտոնին), առաջին հերթին հենց դրանից էլ ելնում էր»,- «Կոմերսանտի» հետ զրույցում կարծիք է հայտնել վրացի վերլուծաբանը: