կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 19:32
Հասարակություն

Ֆեյսբուքյան վերլուծությունների տեղատարափից անցում դեպի գիտական քննարկումներ․ «Ժամանակակից Եվրասիան» մտադիր է հարթակ դառնալ

Ֆեյսբուքյան վերլուծությունների տեղատարափից անցում դեպի գիտական քննարկումներ․ «Ժամանակակից Եվրասիան» մտադիր է հարթակ դառնալ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում հրապարակվող՝ «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիրն այսուհետև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանն է՝ հայտնում է Yerkir.am-ը։

2012 թ-ից ի վեր գիտական հանդեսը տպագրել է ուշագրավ հետազոտություններ տարածաշրջանում տեղի ունեցող տարաբնույթ գործընթացների վերաբերյալ և բավական հարուստ ճանապարհ է անցել ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։ Բայց հայտնի ակադեմիկոսը որոշել է վար դնել գլխավոր խմբագրի լիազորությունները և խմբագրական խորհուրդը այն տրամադրել է Վահրամ Տեր-Մաթևոսյանին։

«Անցյալ տարիների ընթացքում անցած ճանապարհը լավ հիմք է ստեղծել, որ այս պարբերականը նոր մակարդակի բարձրացնենք»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Իր առջև դրված մի քանի նպատակներից առաջինը ամսագրի միջազգայնացման ճանապարհը շարունակելն է։ Արևելագիտության ոլորտում այս պահին գիտական երկու պարբերական է տպագրվում, երկուսն էլ անգլալեզու․ մեկը «Iran and Caucasus»-ն է՝ Գառնիկ Ասատրյանի գլխավոր խմբագրությամբ, որը SCOPUS-ի և Web of Science-ի կողմից ինդեքսավորվող ամսագիր է, իսկ երկրորդը «Contemporary Eurasia»-ն՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանի գլխավոր խմբագրությամբ։ Նոր ղեկավարը մտադիր է առնվազն 2022-23 թթ այն ընդգրկել միջազգային ինդեքսավորվող պարբերականների ցանկ։

«Ժամանակակից Եվրասիան» միայն անգլերեն է տպագրվում 2016 թ-ից ի վեր։ Խմբագրական խորհրդից բացի գործում է նաև Գիտական խորհրդատվական խորհուրդը, որի աշխատանքներում ներգրավված են արևելագետներ բացառապես արտերկրից՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Շվեյցարիայից, Ղազախստանից, Լեհաստանից և դա նպաստում է պարբերականի միջազգային ճանաչմանը։ Այն լույս է տեսնում տարեկան 2 անգամ։

«Հայաստանյան գիտական շրջանակները, հատկապես հասարակագիտական ոլորտում, մեծածավալ աշխատանք ունեն անելու, որ Հայաստանում տպագրվող պարբերականները նաև հասանելի դառնան միջազգային վերլուծական հանրույթի համար։ «Ժամանակակից Եվրասիան» այս առումով կարևոր նշաձող է սահմանել․ երբ անցյալ տարի նշեցինք հիմնադրման 7-ամյակը, ԱԳՆ-ից, ԱԱԽ-ից բավական հայտնի ներկայացուցիչներ բարձր գնահատեցին այս պարբերականի դերը Հայաստանում աշխարհաքաղաքական մտածողության ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Ասացին, որ այն դարձել է սեղանի պարբերական որոշում կայացնողների համար»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Այս պարբերականում տպագրվող հոդվածներն առանձնահատուկ են նախ և առաջ նրանով, որ ապահովում են գիտական շատ բարձր որակ՝ ասաց նա։ Դա ապահովում են աշխարհում ընդունված մեթոդներից մեկով՝ կույր գրախոսությամբ։

Էությունն այն է, որ գիտական այս պարբերականում տպագրվել ցանկացող անձի անունը հեռացնում են և հոդվածն ուղարկում ոլորտում կայացած մասնագետների՝ Հայաստանում կամ արտերկրում, ովքեր իրենց կարծիքն են հայտնում՝ չիմանալով ով է հեղինակը։ Այնուհետև դարձյալ՝ գրախոսողի անունը հանում են ու արդեն դիտարկումներով հոդվածը հետ ուղարկում հեղինակին, որպեսզի փոփոխություններ կատարի․ «Այդպես մենք ապահովում ենք անաչառությունն ու գիտական բարձր աստիճանը»։

Հոդվածները շատ դեպքերում մերժվում են, հոդվածներ կան, որոնք շարունակական աշխատանք են պահանջում, որպեսզի ընդունելի լինեն խմբագրական խորհրդի համար։

«Ժամանակակից Եվրասիան» հեղինակներ ունի թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի նաև երիտասարդ մասնագետների համար, ովքեր նոր-նոր առաջին քայլերն են կատարում արևելագիտության կամ քաղաքագիտության ոլորտներում, որպեսզի իրենց գրած աշխատանքը չմնա դարակներում, այլ դառնա գիտական հանրության սեփականությունը»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նա վստահեցրեց, որ շատ են դեպքերը, երբ բարձր մակարդակով գրված մագիստրոսական թեզերը հրապարակվում են այս պարբերականում, այդպիսով՝ մագիստրանտների համար դառալով առաջին հնարավորությունը․ «Օրինակ, Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողները շատ լավ գիտեն, որ ավարտելուց  հետո, եթե լավ աշխատանք են ծավալում, ապա առնվազն 3-4 հեղինակ տպագրվում է այս պարբերականում ու դա CV-ները հարստացնելու լավ հնարավորություն է»։

Այստեղ տպագրվում են թե՛ կայացած մասնագետներ, հայտնի գիտնականներ, թե՛ երիտասարդներ։ Գլխավոր խմբագիրն ասում է՝ սա չի ազդում որակի վրա, որովհետև հոդվածի տպագրման նշաձողը շատ բարձր է սահմանված։

«Մեր խնդիրն է գրախոսության բանկը մեծացնել, որպեսզի ավելի շատ մասնագետներ համաձայնեն թե՛ տպագրվել, թե՛ գրախոսությանը մասնակցել»,-իր հաջորդ նպատակի մասին խոսեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նա մտադիր է վերակենդանացնել Խորհրդային Միության ժամանակ շատ հայտնի մի գործառույթ՝ գրախոսությունը։

«Խորհրդային Միության ժամանակ պարբերականների վերջին հատվածը տրամադրվում էր վերջին շրջանում լույս տեսած հայտնի գրքերի գրախոսությանը։ Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս վերակենդանանա այս ավանդույթը և Հայաստանում և արտերկրում տպագրվող գրքերի վերաբերյալ գրվեն գրախոսություններ։ Այս պարագայում հանրային դիսկուրսը, քննարկումները կակտիվանան ու ֆեյսբուքյան վերլուծաբանների այս տեղատարափից կրկին կվերադառնանք այլ հարթակներ, գիտական քննարկումները կակտիվանան ու կկարողանանք վերակենդանացնել իրական, մասնագիտական քննարկումները աշխարհաքաղաքական հարցերի շուրջ»,-նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Գիտական պարբերականը ֆինանսավորվում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բյուջեից․ խմբագրակազմն ու հեղինակներն աշխատում են բացառապես անվճար՝ համարում են, որ մասնագիտական պարտք է։ Միայն թե, հաշվի առնելով՝ ինչ նպատակներ ունեն, ցանկալի կլիներ, որ ֆինանասավորումը մեծանար, որպեսզի հնարավոր լիներ պարբերականի օրինակներ տրամադրել նաև Հայաստանի ու արտասահմանի բուհերին, որ տեղյակ լինեն՝ ինչ մշակումներ են արվում։

«Իհարկե, էլեկտրոնային տարբերակը դնում ենք Արևելագիտության ինստիտուտի կայքում՝ բոլոր համարները այնտեղ կան, բայց կցանկանանք մեր առանձին կայքը ունենալ, որն ավելի կհեշտացնի հոդվածների շտեմարանավորումը և ապագա հեղինակների հետ աշխատանքը։ Այսինքն, եթե հնարավոր լինի ֆինասական առումով մեզ օգնել, կամ Ակադեմիան, ԿԳՄՍՆ-ն և Գիտության պետական կոմիտեն ավելի մեծ ուշադրություն դարձնեն, ապա կկարողնանք շատ ավելիին հասնել և մեր առջև շատ մեծ հորիզոններ կբացվեն»․-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Առհասարակ, անգամ միջազգային ամենահեղինակավոր պարբերականներում տպագրվելն է անվճար, բայց ստեղծվում է կարևոր գիտական արդյունք, որն անգին է՝ ասում է Վահրամ Տեր-Մաթևոսյանը, դա գիտական սոլիդարության լավագույն դրսևորումներից է, որն ուզում են նաև Հայաստանում ամրապնդել։

Երբ ԲՈԿ-ի նոր ղեկավար նշանակվեց, պարզ դարձավ, որ Հայաստանում՝ հասարակագիտության ոլորտում, մոտ հարյուր պարբերականներ են տպագրվում և, ըստ էության, ուղարկվող ցանկացած հոդված խմբագիրները տպագրում են՝ գրեթե առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը։ ԲՈԿ-ը փոփոխություններ արեց, և սահմանված նշաձողին շատ քիչ պարբերականներ համապատասխանեցին։ «Շատ լավ էր, որ «Ժամանակակից Եվրասիան» ֆիլտրացման փուլում ապահովեց այդ բարձր նշաձողը և շարունակեց տպագրվել մոտ մեկ տասնյակ գիտական պարբերականների թվում»,-ասաց գլխավոր խմբագիրը։

Եթե հոդվածների քանակն ավելի շատ լիներ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը կնախընտրեր տարեկան 2-ի փոխարեն 4 համար տպագրել։ Իսկ եթե համարներից 1-ը լիներ հայերեն, այն նաև ներհայաստանյան քննարկումների հարթակ կհանդիսանար։ Այս պահին մտադիր են առնվազն հայերեն ամփոփոգրեր կցել, որպեսզի հրապարակված թեմաներով Հայաստանում ևս քննարկումներ ծավալվեն։

«Ժամանակակից Եվրասիան» գիտական հոդվածներ է հրապարակում, օրինակ, Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի մասին, հետխորհրդային շրջանում Հայաստան-Վրաստան հարաբերությունների, 2018 թ-ի իշխանափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության ու բանակցությունների, Իսրայելապաղեստինյան հակամարտության ու ջրի գործոնի և բավական լայն ընդգրկմամբ այլ թեմաներով։  

«Շատ ուրախ կլինենք, որ մեծ թվով մասնագետներ, դիվանագետներ ցանկանան նաև մեզ մոտ տպագրվել․ շատ մտածողներ իրենց միտքը սպառում են Ֆեյսբուքում, հարթակ չեն գտնում արտահայտվելու համար։ Ուզում ենք վերաֆորմատավորել գիտական փնտրտուքի գործընթացը և հայտնել, որ ունենք նման հարթակ»,-ասաց «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Աննա Բալյան