կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 09:18
Առանց Կատեգորիա

Անվտանգության ռազմավարությունը շուտով պատրաստ կլինի. «Ժողովուրդ»

Անվտանգության ռազմավարությունը շուտով պատրաստ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ռազմավարությունը գտնվում է իր վերջնական փուլում, այն հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Մասնավորապես, հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ինչ փուլում է ռազմավարության մշակումը եւ ինչ հիմնական փոփոխություններ կլինեն։

Եվ ահա, անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ նշված ժամկետները կապ ունեն նաեւ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պատճառով Հայաստանում գործող արտակարգ դրության հետ։ Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր ռազմավարությունը պետք է ներկայացներ մեկ տարվա ընթացքում։ 

Անվտանգության խորհրդի գրասենյակից նաեւ հայտնում են․ «Այս ռազմավարության առանձնահատկություններից է այն, որ վերջինս հիմնված է ազգային անվտանգության պլանավորման եւ ապահովման համազգային մոտեցման վրա։ Այն ենթադրում է, որ անվտանգության ապահովման մեջ դերակատարում ունի ողջ պետական կառավարման համակարգը, ինչպես նաեւ հասարակությունը, եւ ոչ միայն անվտանգության համար ուղղակիորեն պատասխանատու կառույցները։

Այսպես, ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական եւ ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական եւ կիբեռ բաղադրիչներ»։

Գրասենյակից նաեւ ներկայացրել են, թե ինչ հանդիպումների հիման վրա է մշակվել ռազմավարությունը։ «Հիմնական աշխատանքները տարվել են միջգերատեսչական ձեւաչափով՝ ֆորմալ առումով ներառված է եղել թվով 23 գերատեսչություն/կառույց։ Խորհրդակցություններ են եղել Արցախի պաշտոնական շրջանակների, իսկ առանձին գլուխների վերաբերյալ նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ռազմավարության մշակման տարբեր փուլերում խորհրդակցություններ են անցկացվել նաեւ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», – ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի պատասխանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում