կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-06 16:23
Աշխարհ

Ինչպե՞ս կորոնավիրուսի պանդեմիան կարող է ազդել մոլորակի կլիմայի վրա

Ինչպե՞ս կորոնավիրուսի պանդեմիան կարող է ազդել մոլորակի կլիմայի վրա

Հենց հիմա COVID-19-ը կրճատում է  ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ. չեղարկվում են համերգներն ու մրցաշարերը, մենք ավելի շատ աշխատում ենք տնից և քիչ ենք օգտվում տրանսպորտից: Ինչպե՞ս կազդի պանդեմիան շրջակա միջավայրի վրա. ըստ yerkir.am-ի` քննարկում է rbc.ru-ն:

2020-ի մարտին երկար տարիներից հետո առաջին անգամ Վենետիկա ջրանցքներում ջուրն այնքան էր պարզվել, որ հնարավոր էր տեսնել լող տվող ձկներին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իտալիայում ամբողջական կարանտին հայտարարվեց և արգելվեց նավակների երթևեկությունը:

Նույն ժամանակահատվածում սոցցանցերում հրապարակվեցին բազմաթիվ սուտ տեղեկություններ, թե դելֆիններն ու կարապները վերադարձել են Վենետիկ:  National Geographic-ը շատ արագ հերքեց դրանք. կարապների լուսանկարներն արվել էին Բուրանո կղզում, որտեղ դրանք մշտապես ապրել են, իսկ դելֆինների տեսանյութերը նկարահանվել էին Վենետիկից հարյուրավոր կիլոմետրեր հեռու` Սարդինիա կղզում:

Արբանյակային լուսանկարները, որոնք գրանցում են մարդու գործունեության հետքերը` ավտոմեքենաների արտանետումները, ՀԷԿ-երում այրվող հանքային վառելանյութը և արդյունաբերական այլ թափոնները, ցուցադրում են կորոնավիրուսի վարակի բռնկումից անմիջապես հետո աղտոտվածության զգալի նվազում Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում:

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներով` փետրվարի 3-ից մինչև մարտի 1-ը ածխաթթու գազի արտանետումները Չինաստանում կրճատվել են նվազագույնը 25 տոկոսով, ինչը պայմանավորված է վիրուսի դեմ պայքարի խիստ պետական միջոցներով: Մարդիկ քիչ են օգտվում ավտոմեքենաներից, կրճատվել են արդյունաբերության ծավալները: Չինաստանը մեր մոլորակի մթնոլորտն աղտոտող խոշորագույն երկիրն է` ածխաթթու գազի համաշխարհային տարեկան ծավալի 30 տոկոսը:

Չինաստանի բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության տվյալներով` «լավորակ օդի» օրերի թիվն ավելացել է 21,5 տոկոսով` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան վերջերս հայտարարել է, որ հունվարին համաշխարային ավիափոխադրումները թեև շարունակում էին աճ ցուցադրել, 2010-ի ապրիլից սկսած` ամենացածր ամսական աճն են արձանագրել: Ինքնաթիռներն ԱՄՆ-ում ապահովում են ջերմոցային գազերի արտանետման մոտ 3 տոկոսը, իսկ 2050-ին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, աճելու է 3 անգամ: Այդ պատճառով ավիափոխադրումների կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող զգալիորեն ազդել մթնոլորտի աղտոտվածության վրա:

Սակայն բնապահպանները դրա ոչ միայն դրական կողմն են տեսնում, այլ նաև` բացասական: Ընթացիկ փոփոխություններիը տեղի են ունենում ոչ թե համակարգային մակարդակում, այլ  պայմանավորված են չկանխատեսված և բավականին ցավալի իրադարձություններով: Նվազում է նավթի համաշխարհային պահանջարկը, ընդհանուր տնտեսական անկման սպառնալիք կա: Երկարաժամկետ հեռանկարում դա զգալիորեն դանդաղեցնելու է «կանաչ» տեխնոլոգիաների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը:

MIT Technology Review-ի էներգետիկայի բաժնի խմբագիր Ջեյմս Թեմփլի կարծիքով` սխալ կլինի ենթադրել, որ արագ տարածվող վիրուսը կարող է զգալիորեն ազդել կլիմայի փոփոխության վրա:«Համաշխարհային պատմության մեջ եղել են արտանետումների նվազման դեպքեր տնտեսական ճգնաժամերի, համաճարակների ու պատերազմների հետևանքով: Եվ ամեն անգամ ածխաթթու գազի ցուցանիշներն ավելացել են, երբ տնտեսությունը բնականոն ընթացքի մեջ է ընկել»,- նշել է նա:

Ջեյմս Թեմփլը  թվարկել է կորոնավիրուսի  հնարավոր մի քանի հետևանքներ կլիմայի համար` երկարաժամկետ հեռանկարում: Ըստ նրա` կապիտալի շուկայում ցանկացած սահմանափակում կարող է ազդել արևային, քամու և այլընտրանքային էներգետիկ այլ աղբյուրների արտադրության ֆինանսավորման վրա: Նոր նախագծերի քննարկում կսառեցվի: Նավթի համաշխարհային գների անկումը կնվազեցնի էլեկտրամոբիլների մրցունակությունը:

Վերջին տարիներին կլիմայի փոփոխության թեման դարձել է առաջնային աշխարհի քաղաքական օրակարգում, սակայն տնտեսական անկումը մարդկանց կշեղի բնապահպանական խնդիրներից, քանի որ առաջին պլան կմղվեն ավելի կենսական հարցեր` առողջություն, աշխատանք, կենսաթոշակային կուտակումներ, անշարժ գույք:

«Մաքուր» էներգետիկայի բնագավառում առաջատար վերլուծական ընկերություն  BloombergNEF-ն իր կանխատեսումներում արդեն կրճատել է արևային էներգիայի պահանջարկը 2020-ին, քանի որ քաղաքական գործիչներն ու կորպորացիաները կենտրոնացած են կարճաժամկետ տնտեսական խթանիչների ուղղությամբ:

Ի դեպ, բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ հենց մարդածին միջամտությունն է այնպիսի հիվանդությունների տարածման պատճառը, ինչպիսիք են Էբոլան, թռչնի գրիպը, ատիպիկ թոքաբորբը, հիմա էլ` COVID-19-ը:

 «Մենք ներխուժել ենք արևադարձային անտառներն ու այլ էկոհամակարգեր, որտեղ իրենց բնական միջավայրում ապրում են բազմապիսի կենդանիներ: Դրանք տարբեր անհայտ վիրուսների կրողներ են,- New York Times-ի հետ զրույցում ասել է  «Տարածում. կենդանիների վարակները և մարդկային հաջորդ պանդեմիան» գրքի հեղինակ Դևիդ Քվամենը:- Մենք կտրում ենք ծառերը, սպանում կենդանիներին, վաճառում շուկաներում: Մենք ոչնչացնում ենք էկոհամակարգերը և վիրուսները «թափ տալիս» դրանց բնական տերերից: Անշուշտ, վիրուսներին նոր կրող է պետք, և հաճախ մենք ենք դառնում այդ կրողը»:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալներով`մարդու նոր հիվանդությունների երեք քառորդը կենդանիներից են ծագում:

Կորոնավիրուսի պանդեմիան առիթ է դարձել, որ Չինաստանում պետական մակարդակով արգելվի  վայրի կենդանիների վաճառքը շուկաներում: Արգելքը ժամանակավոր է` մինչև այս տարվա վերջին կենսաբազմանության հարցով ՄԱԿ-ի համաժողովի անցկացումը Չինաստանում: Բնության պահապաններն ակնկալում են, որ այդ համաժողովը կարող է հիմնարար փոփոխություններ մտցնել վայրի բնության մասին օրենսդրության մեջ, իսկ մասնակից երկրները պարտավորություն կստանձնեն պաշտպանելու կենդանիներին` կլիմայի մասին 2015-ին Փարիզում ստորագրված համաձայնագրի օրինակով: